Logo

2 սիրային նամակ պատմության խորքերից

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 26.12.2019ՄՇԱԿՈՒՅԹ
content lovers eg 2 - 2 սիրային նամակ պատմության խորքերից

Մեզ հաճախ բարդ է տրվում մեր զգացմունքները բարձրաձայն արտահայտել ու մենք դիմում ենք հին ու փորձված մոթոդի: Գրավոր սեր խոստովանելու ու սիրային նամակներ ուղարկելու սովորությունն այնքան հին է, որքան մարդկությունը, հետո էլ՝ չես կարող ասել, թե հազարամյակներ անց ով կգտնի սիրային նամակդ ու կդարձնի շատ ավելի լայն շրջանակների քննարկելիք, քան միայն դու ու սիրելիդ եք:

Հին Եգիպտոս

Սերենն իր կնոջը՝ Իսիդորին, որը հեռացել էր նրանից

content lovers eg - 2 սիրային նամակ պատմության խորքերից

«Սերենը ողջունում է իր քրոջն ու տիրուհուն՝ Իսիդորին: Նախ և առաջ ես աղոթում եմ քո առողջության համար և օր ու գիշեր խոնարհվում եմ Տուրետ աստվածուհուն քեզ համար: Ուզում եմ, որ դու իմանաս. այն պահից, երբ լքեցիր ինձ, ես սգի մեջ եմ, լաց եմ լինում գիշերն ու զղջում՝ ցերեկը:

Վերջին անգամ ես լողացել եմ քեզ հետ՝ ֆաոֆի ամսի 12-ին, դրանից հետո ես այլևս չեմ լողացել ու չեմ օծել մարմինս անուշաբույր յուղերով: Դու ինձ այնպիսի նամակներ ես ուղարկել, որ անգամ քարը տեղից կշարժեն, դրանք ինձ անսահման հուզել են: Այդ նույն օրը ես քեզ պատասխան նամակ գրեցի…

Դու գրում ես ինձ, որ Կոլոբը քեզնից մարմնավաճառ է սարքել, բացի այդ դու խնդրել ես, որ ինձ բառացի փոխանցեն, որ հենց նա է վաճառել ապարանջանդ ու քեզ նավ նստեցրել… ես չգիտեմ՝ ինչու ես դու այդ ամենն ասում… Քանի՜ քանի անգամ եմ ես մարդ ուղարկել քո ետևից, վերջապես ասա ինձ՝ գալու ես արդյո՞ք»:

«Տալ նամակն Իսադորին՝ Սերենից»

Այս նամակը գրվել է մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում. Հին Եգիպտոսում: Բնօրինակն, իհարկե, բարդ է վերծանվել և թարգմանվել, այդ իսկ պատճառով տեքստի մեծ մասն անհասկանալի է մնում: Կարելի է միայն ենթադրել, որ Սերենն ու Իսադորը ամուսիններ են եղել և Իսադորը լքել է Սերենին՝ գնալով սիրեկանի՝ Կոլոբի հետ, որն էլ, ինչպես տեսնում ենք, «նրան մարմնավաճառի տեղ է դրել»: Այս բուռն կրքերը տեղի են ունենում մեզնից դարեր առաջ, սակայն էմոցիոնալ ֆոնը գրեթե այնպիսին է, ինչպիսին կլիներ հիմա: Նամակն արտացոլում է Սերենի նուրբ զգացմունքներն՝ իրեն դավաճանած կնոջ հանդեպ: Նա աղոթում է սիրելիի համար և այնպիսի սուգ է պահում, ինչպիսին պահում են, երբ հարազատ մարդ է մահանում. նա չի լողանում ու բացարձակապես հոգ չի տանում սեփական մարմնի մասին:

Ի դեպ, այս նամակը բացառիկ է, քանի որ այդ տարիներին սիրային նամակներ գրեթե չէին գրում. բանն այն է, որ կանանց մեծ մասը գրաճանաչ չէր, և նամակները սովորաբար թելադրվում էին ուրիշներին, իսկ պատասխանները բարձրաձայն կարդում էին այդ նույն գրագետ ուրիշները: Այս պարագայում վտանգավոր և անցանկալի էր սիրայի մանրամասնությունները հայտնել օտարներին:

Սանկտ Պետերբուրգ, 1700-ականներ

Պաշտոնյա Անդրեյ Մոլչանովը՝ Վասիլյուշկային

content lovers eg 1 960x486 - 2 սիրային նամակ պատմության խորքերից

«Իմ ընկեր Վասիլյուշկա, դու մեծ ես հասակով և փոքր ես սիրով. պարզ է, որ ես այլևս քեզ պետք չեմ, ես քեզ չեմ տեսել 3 օր ու արդեն ձանձրանում եմ առանց քեզ: Ափսոս, որ կապվել եմ քեզ հետ ու էլ չեմ կարողանում մոռանալ քեզ, դու ինձ թողել ես… եթե ողջ մնամ մինչև երեքշաբթի կգամ քեզ մոտ ՝«բանյա», հրամայիր, որ նախապատրաստեն այն:

Ռոդիոնին բարևիր»: 

Ինչո՞վ է այս նամակը հատկանշական: Այստեղ առկա է հստակ սիրային երանգ և այն ուղղված է մի տղամարդուց՝ մյուսին, և այդ տղամարդը մեծ պաշտոնյա է: Այս նամակն այն բացառիկներից է, որը նման կոնտեքստ ունի և պահպանվել է. չէ՞ որ ռուսական իրականության մեջ ընդունված է համարել, որ հոմոսեքսուալ սերը հայտնվել է 19-րդ դարի երկրորդ կեսին: Բնականաբար, այդ տեսակ հարաբերություններ կային նաև առաջ, բայց դրանց մասին չէր խոսվում և վկայություններ չէին պահպանվում:

Բացի «Վասիլյուշկա» փաղաքշական ձևը այդ սիրո, կամ գոնե՝ համակրանքի ապացույց է «բանյա»-ի շահարկումը. ուրիշ որտե՞ղ կարող էին այդ տարիներին երկու տղամարդ ազատ լինել միմյանց հետ: Բացի այդ, «դու ինձ թողել ես» արտահայտությունը վկայում է, որ ամենայն հավանականությամբ նրանց միջև սիրային կապ է եղել: