Logo

2021-ին հայերենով տպագրված գրքեր, որ արժե կարդալ

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 05.05.2021ՄՇԱԿՈՒՅԹ
գիրք - 2021-ին հայերենով տպագրված գրքեր, որ արժե կարդալ

Հայկական գրաշուկան հարուստ է ինչպես հայ գրողների նոր ու հին ստեղծագործությունների տպագրություններով, այնպես էլ թարգմանական գրականությամբ: Ձեզ համար առանձնացրել ենք 5 նոր գրքեր, որ արժե կարդալ ու ունենալ սեփական գրապահարանում:

1. Միսիս Դելոուեյ

Հեղինակ` Վըրջինիա Վուլֆ
Թարգմանությունն անգլերենից` Վահե Արսենի
հրատարակվել է 2021 թվականին

«Միսիս Դելոուեյը» Վըրջինիա Վուլֆի՝ գեղագիտական առումով առաջին ամբողջական նորարարական վեպն է, որն ընդգրկում է ընդամենը մեկ օրվա իրադարձություններ, և որտեղ յուրահատուկ` վուլֆյան «գիտակցության հոսքի» միջոցով հետպատերազմյան Անգլիան և առհասարակ ժամանակի ամեն ակնթարթը ներկայացվում են հերոսների սուբյեկտիվ ընկալումների միջոցով: Հատկապես էական են երկու հերոսների գոյաբանական մտորումները. պառլամենտականի ազնվական կինը նախապատրաստում և ավարտին է հասցնում իր ամենամյա երեկույթը, իսկ զորացրված հոգեկան հիվանդը ինքնասպան է լինում: Սակայն երկու հերոսները, որոնք երբևէ չեն հանդիպել ժամանակի և տարածության անտեսանելի խաչմերուկում, ձուլվում են իրար, նույնանում, և հերոսուհին իր մաշկի վրա զգում ու ապրում է կյանքի նոր չափումը:

978 9939 68 818 3 960x1469 - 2021-ին հայերենով տպագրված գրքեր, որ արժե կարդալ

2. Կասկադ 6․15

Հեղինակ` Մարիաննա Հակոբյան
հրատարակվել է 2021 թվականինՍեր և վայելք, երջանկության սպասում ու հիասթափություն, տառապանք ու հոգևոր վերածնունդ. «Կասկադ. 6.15» վեպի հերոսուհին անցնում է հոգևոր հասունացման «կասկադի» աստիճանները, գտնում իրեն ու երջանիկ լինելու ճանապարհը: Սիրելիից բաժանման ցավի մեջ բացահայտում սիրո ու հոգեկան ներդաշնակության հասնելու գաղտնիքը: Հոգեբանական նուրբ անցումներով ու հումորով գրված այս վեպում մեր իրականությունն ու կյանքը գծագրվում են հետաքրքիր մանրամասներով, հակասական, բայց համակրելի կերպարներով ու երևանյան հարազատ պատկերներով: Ծանոթ խնդիրները նոր ու անսպասելի լուծումներ են ստանում, որոնք կգրավեն ու կմոտիվացնեն ընթերցողին:
978 9939 68 889 3 960x1496 - 2021-ին հայերենով տպագրված գրքեր, որ արժե կարդալ

3. Խայտառակ արարք

հեղինակ՝ Թաներ Աքչամ

հրատարակվել է 2021 թվականին

Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի հանցավորության հիմնաքարային առաջին գնահատականը՝ թուրք պատմաբանից:

1915-ին՝ համաշխարհային պատերազմի քողի տակ, ավելի քան 1.5 միլիոն հայ կոտորվեց զանգվածային սպանությունների, բռնի տեղահանության, այդ ճանապարհին սովի և տանջանքների հետևանքով։ Հայերը և աշխարհն այս ամենի համար պատասխանատու են համարում Օսմանյան իշխանություններին, սակայն Թուրքիան հերքում է Ցեղասպանության մասին բոլոր մեղադրանքներն ու պնդումները։

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը ծավալուն ուսումնասիրություններից հետո ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան և այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող աշխատություն, որը նաև թուրքական իշխանություններին ուղղված մեղադրանք է։ Աքչամն առաջին գիտնականն է, որը հավաքել է թուրքական ռազմական և դատական փաստաթղթերում, ականատեսների նամակներում և վկայություններում ցրված կարևորագույն ապացույցները։ Նա հետևել է Ցեղասպանությանը նախորդած իրադարձություններին և ցույց տվել, թե ինչպես են Ցեղասպանությունը համակարգված կերպով կազմակերպել Օսմանյան կառավարությունը, իշխող քաղաքական ուժը և բանակը։ Աքչամը նաև հետաքննում է կարևորագույն հարցը, թե Թուրքիան ինչպես խուսափեց պատասխանատվությունից՝ օգտագործելով տարածաշրջանում գերտերությունների շահերի բախումը, մեղավորներին պատժելու համար միջազգային հանրության ոչ համարժեք փորձերը և թուրք ազգայնականների առաջնահերթությունները։

Հիմա, երբ Թուրքիան մեծ ջանքերով փորձում է միանալ Եվրամիությանը, Աքչամի աշխատանքը նույնիսկ ավելի կարևոր և անհրաժեշտ է դառնում։ Արդիականությունը չկորցնող այս գիրքը Հայոց ցեղասպանության թեմայով դասական և առաջնային աշխատություն է։

d67549e3f76c57ae9ae56224fe4fa8aa 960x1440 - 2021-ին հայերենով տպագրված գրքեր, որ արժե կարդալ

4. Երևան

հեղինակ՝ Մկրտիչ Արմեն

հրատարակվել է 2021 թվականին

Մկրտիչ Արմենի (1906-1972) 1931 թվականին լույս տեսած «Երևան» վեպ-էպոպեան խորհրդային գրականագիտության կողմից պիտակվել է որպես «մոդեռնիստական», այն է՝ անարժեք ստեղծագործություն։ Այդ պատճառով էլ ոչ մի անգամ չի վերահրատարակվել և անարդարացիոերն մոռացվել է։ Այնինչ, այն 20-րդ դարի հայ վեպի պատմության կարևորագույն իրողություններից մեկը համարվելու բոլոր նախադրյալներն ունի։

178533719 4212832425435237 7602036698506709799 n 960x960 - 2021-ին հայերենով տպագրված գրքեր, որ արժե կարդալ

5. Երբ խաղաղ կլինի

իրանական արդի պատմվածքներ

թարգմանությունը՝ Արեգ Բագրատյանի

հրատարակվել է 2021 թվականին

«Երբ խաղաղ կլինի», ահա այսպես ենք վերնագրել իրանական արդի պատմվածքների ժողովածուն:

Գրքում հիմնականում անդրադարձ է կատարվել 20-21-րդ դարերի իրանական արձակի ամենանշանավոր դեմքերի հանրահայտ ու ոչ այդքան հայտնի տեղծագործություններին:
Սույն ժողովածուի պատմվածքների միջով կարմիր թելի նման անցնում է խաղաղությունը՝ այն կենսական տարրը, որին թերևս բոլորն են ձգտում:
Պատմվածքներն էլ այս գրքում ընտրվել են հատուկ խաղաղություն սերմանելու և ընթերցողին զգացողությամբ պարուրելու նպատակով։
178919963 2326345950843790 2462531657266318529 n 960x1004 - 2021-ին հայերենով տպագրված գրքեր, որ արժե կարդալ