Logo

21-րդ դարի լավագույն եվրոպական ֆիլմերը [մաս 1]

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 02.04.2019Կինո
12 - 21-րդ դարի լավագույն եվրոպական ֆիլմերը [մաս 1]

Այս ցանկում ընդգրկվել են 21-րդ դարի լավագույն եվրոպական ֆիլմերից մի քանիսը: Տարբեր տարիներ դրանք ցուցադրվել են եվրոպական հեղինակավոր կինոփառատոնների շրջանակներում:
Հարմար տեղավորվեք և խորասուզվեք եվրոպացի վարպետների խենթ ու գունեղ աշխարհ:

Վատ դաստիարակություն/Дурное воспитание/La mala educación, 2004

ռեժ.՝Պեդրո Ալմադովար
դերերում՝Գայել Գարսիա Բերնալ, Ֆելե Մարտինես ևն 

Շատ վառ կինոնկար, որի կողքով անտարբեր չեն անցնի ոչ միայն վարպետ Ալմադովարի երկրպագուներն, այլև էսթետիկ կինոյի բոլոր սիրահարները: Ֆիլմի սցենարի վրա Ալմադովարն աշխատել է ավելի քան 10 տարի: Կինոնկարի իրադարձությունները ծավալվում են 27-ամյա արվեստագետ Էնրիկեի շուրջ: Հերոսի կյանքում ճգնաժամերն անպակաս են, ինչպես յուրաքանչյուր արվեստագետ, նա էլ միշտ փնտրտուքի մեջ է: Օրերից մի օր նրա կյանք է անսպասելիորեն ներխուժում Իգնասիո անունով մի տղա, որը ներկայանում է որպես Էնրիկեի մանկության ընկեր և նրանից օգնություն է խնդրում: Իգնասիոյին հաջողվում է համոզել Էնրիկեին էկրանավորել նրանց մանկական հիշողությունները, որոնք Իգնասիոն հմտորեն թղթին էր հանձնել: Գործընթացի ժամանակ Էնրիկեն նոր բացահայտումներ է անում, որոնք զարմացնում և անգամ ցնցում են նրան:

Կաննի 57-րդ կինոփառատոնը մեկնարկել է այս ֆիլմով. սա պատմության մեջ առաջին իսպանալեզու ֆիլմն է, որը նման պատվի է արժանացել:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Ուրիշների կյանքը/Жизнь других/Das Leben der Anderen, 2006

ռեժ.՝Ֆլորիան Հենկել ֆոն Դոներսմարկ 
դերերում՝ Ուլրիխ Մյուե, Սեբաստյան Կոքս, Մարտինա Գեդեկ ևն

2008 թ. «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Օսկարի արժանացած այս ֆիլմն անդրադառնում է 1980-ականների Արևելյան Բեռլինում տիրող իրադարձություններին: Պետական վերահսկողությունը զրկում է մարդկանց անձնական կյանքից. պետությունը միջամտում է մարդկանց գործերին, և իր հետախույզների միջոցով ներխուժում է ուրիշների կյանք, տեղեկություն հավաքում և այդ նույն տեղեկությունը մարդկանց դեմ օգտագործում: Գրող Գեորգ Դրեյմանը հայտնի է և սիրված, բայց նրա մասին այդքան չէր խոսվի և նրան այդքան չէին քննարկի, եթե չլիներ հայտնի դերասանուհու հետ նրա սիրավեպը: Իրադարձությունների զարգացման արդյունքում Գերդ Ոայսլերին հանձնարարում են հետևել գրողին և բացահայտել նրա գաղտնիքները: Ինչեր ասես, որ չես անի հանուն կարիերայի. Գերգը գործի է անցնում, բայց շատ շուտով հասկանում է, որ ուրիշների կյանքը քանդելով, չես կառուցի սեփականդ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Սուբմարինո/Субмарино/Submarino, 2010

ռեժ.՝Թոմաս Վինթերբերգ
դերերում՝ Գուստավ Ֆիշեր Քերուլֆ, Սեբաստիան Բուլ Սարնինգ ևն

Ֆիլմ հուսալքության, ցավի և միայնության մասին: Սյուժեն զարգանում է երկու եղբայրների շուրջ, որոնք շատ տխուր մանկություն են ունեցել և այսօր էլ անցյալի ուրվականները նրանց հանգիստ չեն տալիս: Նրանցից մեկը 30-ամյա Նիկն է, որը նոր է բանտից դուրս եկել և չի շտապում կյանքը նոր ու մաքուր էջից սկսել, հակառակը՝ Նիկն իր ցավն ալկոհոլի մեջ է խեղդում: Մյուս եղբայրը թմրամոլ է, մեծացնում է իր 6-ամյա որդուն՝ Մարտինին, և չի հավակնում «Տարվա լավագույն հայր» տիտղոսին:
Եղբայրների փոխհարաբերությունները լարված են, իսկ անցյալը, անցյալը շարունակում է հետապնդել նրանց:

Ֆիլմի հիմքում Յոնաս Բենգթսոնի 2007 թ. համանուն գիրքն է:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Հավր/Гавр/Le Havre, 2011

ռեժ.՝ Ակի Կաուրիսմյակի
դերերում՝Անդրե Վիլմ, Կատի Օուտինեն, Ժան-Պիեր Դարուսեն ևն

Բարի, գեղեցիկ և ջերմ ֆիլմ սևամորթ փախստական տղայի և ֆրանսիացի ծերուկ Մարսելի փոխհարաբերությունների մասին: Տղայի մայրը Լոնդոնում է, և նա պետք է նավով ուղևորվի Մեծ Բրիտանիա: Պատանին, ցավոք, բռնվում է և նրան պատրաստվում են վտարել, սակայն նա այդքան հեշտ չի հանձնվի: Երեխան թաքնվում է ծերուկ Մարսելի տանը. Մարսելն ամեն գնով օգնում է նրան:

2011 թ. Կաննի կինոփառատոնում ֆիլմն արժանանում է ՖԻՊՐԵՍԻ-ի մրցանակի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

տես նաև՝ 5 ֆիլմ Ակի Կաուրիսմյակիից

 

Թուրինյան ձին/Туринская лошадь/A torinói ló, 2011

ռեժ.՝Բելա Տարր, Ագնես Խրանիցկի
օպերատոր՝ Ֆրեդ Քելեմեն

դերերում՝Յանոշ Դերժի, Էրիկա Բոկ ևն

Ամուսիններ Բելա Տարրի և Ագնես Խրանիցկու այս սև ու սպիտակ ժապավենի իրադարձությունները տեղի են ունենում 1889 թ., Թուրինում: Կառապանը հարվածում է ձիուն, որը չէր ցանկանում տեղից շարժվել, և հենց այդ պահին հայտնվում է հանճարեղ փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն և փաթաթվելով ձիուն՝ հոնգուր-հոնգուր լաց է լինում: Մարդիկ ապշում են՝ տեսնելով փիլիսոփային այդ վիճակում. Նիցշեն խելագարվել էր: Նրան տեղափոխում են հոգեբուժարան, որտեղ նա անց է կացնում իր կյանքի մնացած տարիները…

2011 թ. ֆիլմը Բեռլինի փառատոնում արժանացել է Գրան պրի և ՖԻՊՐԵՍԻ մրցանակների:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Շարունակելի…

տես նաև՝ Զրույց օպերատոր և ռեժիսոր Ֆրեդ Քելեմենի հետ