Logo

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 23.04.2019Կինո
dew - 5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Ձեզ ենք ներկայացնում հայերիս համար այդքան ցավալի՝ Հայոց Ցեղասպանության և դրա հետևանքների մասին 5 ֆիլմ:

Մայրիկ/Мать/Mayrig, 1991

ռեժ.՝ Անրի Վեռնոյ
դերերում՝ Կլաուդիա Կարդինալե, Օմար Շարիֆ, Իզաբել Սադոյան ևն

«Մայրիկը» մայրական սիրո, ջերմության, ընտանիքի, վաղվա օրվա նկատմամբ հույսի, ցավի և կորստի մասին է: Մայրիկը մի ողջ ազգի բնաջնջման և դրա հետևանքով պանդխտության ուղին բռնած մի ընտանիքի օրինակով ամբողջ ազգի ճակատագրի վառ ներկայացումն է, որի կողքով անտարբեր չի անցնում անգամ անսիրտ մարդը:

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1921 թ. Մարսելում: Կենտրոնում Զաքարյանների գաղթական ընտանիքն է, որը փորձում է, մոռանալով ահասարսուռ անցյալը, ապրել ոչ այնքան գունեղ ներկայով:
Ֆիլմն էկրանավորվել է համանուն գրքի հիման վրա. դրա հիմքում փոքրիկ Անրիի հիշողություններն են: Գրքի 40 տարբերակներից 1985 թ. հրատարակվում է միայն մեկը և տարածվում ավելի քան 200 000 օրինակով: Ավելի ուշ այն թարգմանվում է ավելի քան 10 լեզուներով:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

տես նաև՝Անրի Վեռնոյ. մարդ, որը ստեղծեց «Մայրիկ» ֆիլմը

տես նաև՝ Անրի Վերնոյի «Մայրիկը» ասում է…

 

Արտույտների ագարակը/Гнездо жаворонка/La masseria delle allodole, 2007

ռեժ.՝ Տավիանի եղբայրներ
դերերում՝Պաս Վեգա, Մորից Բլյայբտրոյ ևն

Ֆիլմը հանդիսատեսին տեղափոխում է ահասարսուռ 1915 թ., որն այդքան մեծ ցավ պատճառեց հայերիս: Եղբայրներ Ասատուրն ու Արամը չեն տեսնվել 20 տարի: Ասատուրն ապրում է Վենետիկում, իսկ  Արամը Անատոլիայում մի փոքրիկ հողակտորի ունի: Եղբայրները երկար ժամանակ են երազել հանդիպման մասին և շուտով Ասատուրը որոշում է Վենետիկից ուղևորվել Անատոլիա: Կարոտը և սպասումը տանջում են եղբայրներին և նրանք սրտատրոփ սպասում են հանդիպման, բայց մեկնարկում է Առաջին Համաշխարհային պատերազմը, Իտալիայի սահմանները փակվում են, իսկ վայրագ թուրքերը հայկական ընտանիքները ոչնչացնելու հրաման են ստանում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Սպի/Шрам/The Cut, 2014

ռեժ.՝Ֆատիխ Ակին
դերերում՝ Տախար Ռախիմ ևն

Գլխավոր հերոսը՝ Նազարեթ Մանուկյանը (Մանուգիան) 1915 թ. կորցրել է իր ընտանիքը: Տարիներ են անցնում, սակայն անցյալի վերքերը հանգիստ չեն տալիս Նազարեթին: Օրերից մի օր նա իմանում է, որ գուցե նրա երկվորյակ աղջիկները ողջ են: Ինչեր ասես, որ չի անի հուսահատ հայրը, որ գտնի իր զավակներին: Նազարեթն ուղևորվում է Մադրիդ, այնուհետև՝ Հավանա և Հյուսիսային Դակոտա, որ գտնի երեխաներին…

2014 թ. ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում արժանացավ մրցանակի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

1915, 2015

ռեժ.՝Կարին Հովհաննեսյան, Ալեք Մուխիբյան 
դերերում՝Անժելա Սարաֆյան, Սեմյուել Փեջ, Սիմոն Աբգարյան ևն

Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 2015 թ. Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց: Թեպետ շատ ժամանակ է անցել, ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չի մոռացել այդ ոճրագործությունը: Լոս Անջելեսի հին թատրոններից մեկի ռեժիսոր Սիմոնը որոշում է 1915 թ. ահասարսուռ դեպքերի մասին պատմող ներկայացում բեմադրի և կյանքի է կոչում այս մտահղացումը: Սիմոնի կինը՝ դերասանուհի Անժելան խաղում է այդ ներկայացման մեջ:

Ներկայացումը մեծ աղմուկ է բարձրացնում, մարդիկ պատրաստ չէին նման անկեղծության, նրանք ապշած են, բոլորը խոսում են Ցեղասպանությունից, բոլորը մեղադրում են ոճրագործին:
Թատրոնում անբացատրելի և սարսափելի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ահաբեկում են բոլոր նրանց, որոնք ինչ-որ կերպ առնչվել են ներկայացման հետ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Խոստում/Обещание/The Promise, 2016

ռեժ.՝Թերի Ջոնս
դերերում՝ Օսկար Այզեք, Քրիստիան Բեյլ ևն

Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ Միքայել Պողոսյանը Կոստանդնուպոլսի բժշկական համալսարանում է սովորում և երազանք ունի. Միքայելը ցանկանում է հմուտ բժիշկ դառնալ և օգտնել բոլոր կարիքավորներին: Պոլսում ստացած գիտելիքները նա նպատակ ունի զարգացնել և կիրառել իր ծննդավայրում՝ Թուրքիայի հարավի գյուղերից մեկում:
Ֆիլմի մյուս հերոսը ֆոտոլրագրող Քրիս Մայերսն է, որն ուղևորվում է Պոլիս իր սիրած աղջկան՝ հայուհի Աննային տեսնելու համար: Միքայելը ևս տարված է Աննայով: Հերոսները խճճվել են սիրային եռանկյունում և սա էլ հերիք չէ Օսմանյան կայսրությունը սկսում է հետապնդել և կտտանքների ենթարկել ազգային փոքրամասնություններին, այդ թվում և հայերին: Սկսվում է քաոս, հերոսները բաժանվում են: Նրանցից ոչ մեկ չգիտի, թե վաղվա օրն ինչ անակնկալ է պատրաստել նրանց համար, սակայն նրանք խոստացել են միմյանց ողջ մնալ և նորից հանդիպել: Նանք պարտավոր են պահել խոստումը…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: