Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Եր Կար

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 16.04.2021ՄՇԱԿՈՒՅԹ
erkerneeee - 5 գիրք + 5 ֆիլմ. Եր Կար

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ խնդրել ենք պոետ Եր Կարին՝ մեզ և ձեզ հետ կիսվել սիրելի ֆիլմերի և գրքերի հնգյակներով:

Եր Կարի սիրելի գրքերն են.

1. Աննա Դավթյան, «Խաննա»

Khanna - 5 գիրք + 5 ֆիլմ. Եր Կար

/Հատվածներ վեպից/

Ամռանը, երբ Խաննան գյուղում էր, Աբգարը նրան ամեն իրիկուն հրավիրում էր գիշերային պտույտների: Նստում էին փոքրիկ, կարմիր Մարչը ու քշում էին գյուղի միջով: Գյուղի մեջտեղով միջպետական Գյումրի – Երեւան ճանապարհն էր անցնում, որն անտանելի փոսավոր էր գյուղից դուրս գալու հենց եզրից: Հասնում էին մինչեւ փոսերը, մեքենան կայանում էին գյուղի անունը նշող ցուցանակի տակ, Աբգարը գարեջուր էր խմում Կիլիկիայի շշից, իսկ Խաննան շարունակ ծխում էր: Ցուցանակի անմիջապես կողքին գյուղի տանձուտն էր, որ վարձակալության էր հանձնված գյուղի բնակիչներից մեկին: Տանձուտից հետո ցորենի մի փոքրիկ դաշտ էր, ու դաշտից անմիջապես հետո սկսվում էին մյուս գյուղի տները` իրենց խավարին տված լուսամուտներով:
Խաննան ծխում ու նայում էր լապտերների տակ լուսավորված փոսավոր ճանապարհին, որի թակարդն ընկած գալիս էին հատուկենտ մեքենաներ, որ իրենց հասնելիս՝ հարցական հապաղում էին, ապա շարունակում էին ճանապարհը փոսերից զերծ ասֆալտով: Աջ կողմում խորը ապրում էր տանձուտը` իրեն որպես ցանկապատ եզերող բարդիներով, ու լսվում էր թռչնի բվվոց բավականին մոտիկ ծառի վրայից:

2. Նոյ Հարարի, «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն»

309abcb9742bbeda1c9a97030a7c393c - 5 գիրք + 5 ֆիլմ. Եր Կար

Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ:

Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

 

3. Հովհաննես Գրիգորյան, «Նոր տողից»

download 8 - 5 գիրք + 5 ֆիլմ. Եր Կար

Ծնվել եմ առավոտյան շուտ,
Գյումրվա մի աղքատիկ առավոտ:
Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,
երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել
և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,
որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք:
Հիմա մեր տանը ոչ ոք չի հիշում նրան,
քրոջս, որին ի՜նչ էին տեսել, ընդամենը մի քանի ժամ`
ետպատերազմյան մի կիսաքաղց առավոտ…
…Միայն ես չեմ կարողանում նրան մոռանալ, և երբեմն
վաղ առավոտյան արթնանում եմ սրտիս ցավից,
և թաց աչքերով մթության մեջ պառկած
օր առ օր վերհիշում եմ այն ինն ամիսները,
որ միասին ապրել ենք
մեր կյանքի լավագույն շրջանում…

4. Հովհաննես Թեքգյոզյան, «Փախչող քաղաք»

41FfMDm3eAL. SX304 BO1204203200  - 5 գիրք + 5 ֆիլմ. Եր Կար

«Փախչող քաղաքը» վիրտուալ կինովիպակ է, որում միահյուսված են միստիկան ու քաղաքային տիպավորումները, գրոտեսկն ու հումորային զուսպ անցումները: Հերոսների յուրօրինակ վարքագծերը բացահայտվում են հոգեբանական հարցազրույցի, կինոդրամատուրգիայի հնարների, միֆապատումի և SMS հաղորդագրությունների միջոցով: Փախչող քաղաքում արտացոլված միջադեպերը իռեալ-ռեալ լինելով` չափազանց ճանաչելի են, քանի որ մենք բոլորս էլ ապրում ենք Փախչող քաղաքում…

5. Գաբրիել Գարսիա Մարկես,  «100 տարվա մենություն»

yn1gew0ul9sifk6v - 5 գիրք + 5 ֆիլմ. Եր Կար

Մոգական ռեալիզմի հիմնադիր կոլումբացի վիպասան Գաբրիել Գարսիա Մարկեսի այս գլուխգործոցը լատինաամերիկյան և առհասարակ համաշխարհային գրականության լավագույն վեպերից մեկն է։ Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին Մակոնդո քաղաքում, որը մեծ աշխարհի փոքր մոդելն է: Մակոնդոյի 100 տարվա կյանքի պատմությունը հեղինակը գրել է մեկուկես տարում՝ 1965-66 թթ. Մեխիկոյում: Վեպի 20 անվերնագիր գլուխները պատմում են Բուենդիա ընտանիքի անդամների բարդ և հետաքրքիր կյանքի մասին՝ միահյուսելով իրականն ու մոգականը, մտացածինն ու հնարածը մեր երևակայության մեջ:

1982 թ. Մարկեսն արժանացել է Նոբելյան մրցանակի:

Եր Կարի սիրելի ֆիլմերն են…

1 2