Logo

5 սերիալ տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ազդեցության մասին

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 19.02.2019Կինո
jo - 5 սերիալ տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ազդեցության մասին

Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժանելի մասն են, սակայն ոչ ոք չի կարող միանշանակ պատասխանել այն հարցին՝ արդյոք դրանց ազդեցությունը դրական է, թե՝ բացասական:

Ահա մի քանի հետաքրքիր սերիալներ, որոնք կփորձեն ինչ-որ չափով պատասխանել ձեզ հուզող հարցերին:

IT մասնագետներ/Компьютерщики/The IT Crowd, 2006-2013

ռեժ.՝Գրեհեմ Լայնհեմ
դերերում՝Քրիս Օ՛Դոուդ, Քեթրին Պարկինսոն ևն

Հեռուստասերիալի իրադարձությունները տեղի են ունենում Լոնդոնում գտնվող հնարովի “Reynholm Industries” ընկերությունում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժնում երեք մասնագետ է աշխատում, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել ընկերության մյուս մասնագետների հետ. նրանց չեն սիրում, ավելին նրանց ատում են: Գլխավոր հերոսները Մոսը և Ռոյն են, որոնց պարտականությունների մեջ է մտնում հաճախորդների սպասարկումն ու ըկերության մյուս բաժինների ծրագրային ապահովումը: Ռոյը պատասխանում է հեռախոսազանգերին և փորձում տալ հաճախորդներին հուզող հարցերի պատասխանները, իսկ Մոսը չի կարողանում գլուխ հանել անգամ մանրուքներից: Այս երկու տարօրինակ և մեկը մյուսին լրացնող կերպարներին միանում է երրորդը՝ Ջենը, և թեպետ նրա ինքնակենսագրականը (CV) հարուստ է, նրա՝ տեխնիկական հարցերում կարողությունները ձգտում են մինուս անվերջության:

Սերիալի իրադարձությունները զարգանում են այս երեք հերոսի շուրջ:

Սերիալը կարող եք դիտել այստեղ:

Սև հայելի/Черное зеркало/Black Mirror, 2011-…

ռեժ.՝Օուեն Հարիս, Կարլ Տիբեթս ևն

դերերում՝Ռորի Կիներ,Դենիել Կալույա, Թոբի Կեբել ևն

Ապագայի մղձավանջը՝ այսպես կարելի է անվանել Netflix ընկերության 2011 թ. «Սև հայելի» հեռուստասերիալը:

Իսկ ինչո՞ւ «Սև հայելի»…այն հեռուստացույցների, համակարգիչների, սմարթֆոնների էկրանն է, երբ դրանք անջատված են:

Հեռուստասերիալն անդրադառնում է ապագային սպառնացող խնդիրներին: Ո՞ւր են տանում աշխարհը նորագույն տեխնոլոգիաներն ու դրանց զարգացումը. մասնագետների մի մասը կարծում է, որ տեխնոլոգիական գերհագեցվածությունը միայն դրական ազդեցություն ունի, մյուս մասն էլ վստահ է, որ այն կործանարար է մարդկության համար: Իսկ դուք, դուք ի՞նչ եք կարծում:

Սերիալը կարող եք դիտել այստեղ:

տես նաև՝ «Սև հայելի». 14 փաստ հեռուստասերիալի մասին

 

Կանգնիր և այրվիր/Остановись и гори/Halt and Catch Fire, 2014-2017

ռեժ.՝Խուան Խոսե Կամպանելյա, Քերին Կուսամա ևն
դերերում՝Լի Փեյս, Մաքքենզի Դևիս ևն

Դրամատիկ հեռուստասերիալ, որի առաջին երկու եթերաշրջանների իրադարձությունները տեղի են ունենում Դալլասում, իսկ մյուս եթերաշրջանների իրադարձությունները՝ Սիլիկոնային հովտում, նախորդ դարի 80-90-ականներին:
Այդ տարիները հեղափոխական էին տեղեկատվական տեխնոլոգիաների տեսանկյունից: Գլխավոր հերոսը նախկինում աշխատել է IBM ընկերությունում, իսկ այժմ մտադիր է ստեղծել բոլորովին նոր և նախադեպը չունեցող անհատական օգտագործման համակարգիչ:
Սերիալում խոսվում է նաև նորամուծությունների կարևորության, դրանց ինչպես դրական այնպես էլ բացասական ազդեցության, ինչպես նաև դրանց զարգացման հեռանկարի մասին:

Սերիալը կարող եք դիտել այստեղ:

Սիլիկոնային հովիտ/Силиконовая долина/Silicon Valley, 2014…

ռեժ.՝Ալեք Բերգ ևն
դերերում՝Թոմաս Միդլդիչ, Մարտին Սթար ևն

Եկեք մտովի տեղափոխվենք Սան Ֆրանցիսկո: Միլիարդատեր Էռլիխն իր տանը հիմնում է ինկուբատոր նախատեսված հատուկ ստարտապների համար և շատ լավ մասնագետներից բաղկացած թիմ է հավաքում: Վերջիններս պետք է աշխարհին պատմեն իրենց նոր մտահղացումների մասին և հաջողությամբ դրանք կյանքի կոչեն: Եվ այսպես Էռլիխի տունը վերածվում է իսկական ընկերության: Միլիարդատերը խոստանում է ամեն հարցով օգնել երիտասարդներին բայց մի պայմանով՝ նա շահույթի իր մասնաբաժինն է ունենալու:

Կարճ ժամանակ անց թիմն աշխարհին է ներկայացնում է իր նոր նախագիծը, որը մեծ աղմուկ է հանում և գրավում ինչպես ներդրողների, այնպես էլ թշնամիների ուշադրությունը:

Սերիալը կարող եք դիտել այստեղ:

Միստր ռոբոտ/Мистер Робот/Mr. Robot, 2015…

ռեժ.՝Սեմ Էսմեյլ, Ջիմ Մաքքեյ ևն
դերերում՝Ռամի Մալեք,Քարլի Չայկին ևն

Մեծ աղմուկ հանած այս սերիալի գլխավոր հերոսը Էլիոթն է, հմուտ ծրագրավորողը, որը տառապում է սոցիոֆոբիայով: Երիտասարդը շատ լավ է տիրապետում տեղեկատվական տեխնոլոգիաներին, և վստահ է որ մարդկանց հետ շփման միակ հնարավոր տարբերակը հաքերի մասնագիտությունն է:  Համակարգչային հմտությունները թույլ են տալիս նրան միշտ ճիշտ ժամանակ ճիշտ վայրում հայտնվել: Բայց այժմ Էլիոթի համար դժվար ժամանակներ են. նա գտնվում է երկու պատվիրատուների մեջտեղում: Նրանցից մեկն իր գործատու ընկերությունն է, որը գործունեություն է ծավալել կիբեռանվտանգության ոլորտում, իսկ երկրորդը՝ ընդհատակյա ընկերություններն են, որոնք պատրաստ են ամեն ինչի, որ տղային իրենց կողմը քաշեն. միայն Էլիոթը կարող է օգնել նրանց ոչնչացնել հզոր ամերիկյան կորպորացիաները:

2016 թ. հեռուստասերիալն արժանացավ «Ոսկե Գլոբուսի»՝ «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում:

Սերիալը կարող եք դիտել այստեղ: