Logo

7 ֆիլմ մայրերի մասին՝ Մայրության տոնին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:00 / 07.04.2022Կինո
Բացառիկ
Ֆիլմեր մայրերի մասին

Մայրերի կերպարները մեծ մասամբ սրտառուչ են համաշխարհային կինոյում, նրանք ներկայանում են շռայլ հոգով, օգնում, ներում, մի խոսքով՝ ինչպես հիմնականում կյանքում է․ այդպես է կենդանական, նույնիսկ՝ բուսական աշխարհում։ Դրա հակառակը խախտում է բնության և Աստծո ներդաշնակությունը․․․
Աստվածամոր ավետման՝ Մայրության և գեղեցկության տոնին ներկայացնում ենք 7 ֆիլմ մայրերի մասին.

1.«Մայրիկ»

Մոր մասին բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը, թերևս, մեր հայրենակից Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմն է․ հոգու, ապրումների, անսահման հուզմունքի, տիեզերական սիրո դրսևորում։ 

Մայրիկ ֆիլմ

Առանց մեկնաբանության ներկայացնում ենք հենց Վերնոյի խոսքն իր իսկ ֆիլմի մասին․

««Մայրիկ» ֆիլմն իմ հարգանքի տուրքն է մորս։ Այն ուղղված է իմ հայրենակից երիտասարդներին, որոնք ապրում են խառնակ աշխարհում և լավ պաշտպանված չեն։ Բայց ես հուսով եմ, որ կինոնկարը հոգեհարազատ կլինի բոլոր նրանց, ովքեր երազում տեսնում են իրենց մորը և մանկությունը։ Մարդկանց, որոնց հոգին բաց է խղճի առաջ, որոնք մերձավորի հանդեպ անտարբեր չեն։

Մայրիկ ֆիլմ 1

Մոր դերում ես ընտրեցի Կլաուդիային, քանի որ նա պահել է մայրական և կանացի քաղցրությունն իր մեջ։ Իսկ տղային մենք ընտրեցինք 600 երեխայից։ Ֆիլմի երաժշտությունը գրեց Ժան-Կլոդ Պտին՝ «Սիրանո դը Բերժերակ» ֆիլմի երաժշտության հեղինակը։ Հոր դերում խաղաց Օմար Շարիֆը։ Սա իր երկրորդ հայի դերն էր։ Առաջին անգամ նա հայ արքայի էր մարմնավորել իտալական մի ֆիլմում։ Այս ֆիլմն իմ կյանքի մասին էր, որը պետք է տեղավորվեր 2 ժամ 40 րոպեների մեջ։ Ինչպե՞ս պատմել մորս 80 տարիների կյանքը մոտ 3 ժամում․․․ Յուրաքանչյուր կադրում կա մորս հարազատ ստվերը»։

Майрик фильм

«Մայրիկ» ֆիլմում հոր դերը մարմնավորող Օմար Շարիֆը և մոր դերակատար Կլաուդիա Կարդինալեին «Մայրիկ» ֆիլմում անվճար են խաղացել։  Օմար Շարիֆին ֆիլմի ցուցադրումից անմիջապես հետո արգելվել է մուտքը Թուրքիա։ 

 

 

2. «Մոր սիրտը»

«Մոր սիրտըը» 1957-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված հայկական սև-սպիտակ ֆիլմ է։

Մարիամը երիտասարդ տարիքում այրիանալուց հետո կյանքը նվիրում է որդու դաստիարակությանը։ Նրա պատճառով կինը նոր ընտանիք չի կազմում, սակայն որդին մեծանում է որպես եսասեր անձնավորություն և ամուսնանալուց հետո երես է դարձնում մորից՝ թողնելով նրան միայնակ։ Տխուր սյուժե՝ մոր անսահման ներող սրտի մասին։

 

 

3. «Խորթ մայրը»

Ջուլյա Ռոբերթսի և Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ ցանկացած կինոնկար արժե դիտել: Ֆիլմը պատմում է անբուժելի հիվանդ մոր մասին, որը ստիպված է գործ ունենալ իր նախկին ամուսնու կյանքում հայտնված նոր կնոջ հետ:

Նրա երեխաները, վերապահումներ ունենալով հանդերձ, նույնպես ստիպված են ընտելանալ փոփոխություններին։ Երեխաների համար զոհողությունների գնացող կնոջ մասին պատմող դրամայում դերասանական խաղը հոյակապ է, պատմությունը՝ սիրտ կեղեքող։

 

 

4. «Պատմություն մոր մասին»

Խորհրդային ֆիլմ է, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Կարպովը։ Այն համարվում է ղազախական կինեմատոգրաֆիայի լավագույն աշխատանքներից մեկը։

Ֆիլմը պատմում է պատերազմի ժամանակ որդուն կորցրած մոր մասին։ Գործողությունները ծավալվում են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Մայրն անգրագետ է, չի կարողանում ո՛չ կարդալ, ո՛չ գրել, բայց, քանի որ իրադարձությունների մասին տեղյակ լինելու միակ հնարավորությունը ռազմաճակատից նամակների ընթերցումն է, սովորում է գրել-կարդալ և փոստատար է դառնում։ Մեկ անգամ չէ, որ նա ստիպված է լինում ողբերգական լուրեր բերել այլ ընտանիքների։Նա իր վրա է վերցնում մայրերին կարեկցելու բեռը՝ հասկանալով նրանց վիշտը և փորձելով թեթևացնել այն։

 

 

5. «Մայր Հնդկաստան»

«Մայր Հնդկաստան»-ը մի աղքատ կնոջ մասին է, որն իր որդիներին ինքնուրույն է մեծացնում ՝ բախվելով հասարակական խնդիրների: Այնուամենայնիվ, անկախ խոչընդոտներից, նա մնում է իր համոզմունքներին: 

Ֆիլմն առաջադրվել է «Օսկար»-ի: Այն դասվում է բոլոր մայրերի մասին բոլոր ժամանակների լավագույն կինոնկարների շարքին․ ո՞վ կարող է ավելի լավ հասկանալ զոհաբերության և արժեքների իրական իմաստը, քան մայրը:

 

 

6.«Մայրերի օր»

Netflix-ի «Մայրերի օր» կատակերգական դրաման մի քանի մայրերի և Ատլանտայից մի այրիացած հայրիկի մասին է:

Իրադարձությունները ծավալվում են նրա շուրջ և ցույց տալիս, թե ինչպես են մայրերը կարգավորում իրենց խնդիրները՝ տարատեսակ հակասություններից հետո, ի վերջո, միավորվելով։ Բովանդակալից սյուժե՝ Ջուլյա Ռոբերթսի, Ջենիֆեր Էնիսթոնի, Քեյթ Հադսոնի, Մարգո Մարտինդեյլի և Ջենիֆեր Գարների դերասանական հրաշալի խաղով։

 

 

7․ «Մամա միա» 

Mamma Mia

Մայրիկների մասին լավագույն ֆիլմերից մեկը, որը կարելի է դիտել ամբողջ ընտանիքի հետ։ Ֆիլմը հիմնված է Բրոդվեյի պիեսի վրա, որտեղ ամբողջ ընթացքում հնչում են ABBA-ի երգերը:

Դերասանական կազմը հիանալի է․ Մերիլ Սթրիփը, Ջուլի Ուոլթերսը և Ամանդա Սեյֆրիդը միասին խաղում են մի ֆիլմում, որում ապագա հարսնացուն իր հարսանիքին հրավիրում է երեք տղամարդու՝ չիմանալով, թե որն է իր հայրը: