Logo

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 17.03.2021Ռեժիսորներ
6ED7F5E1 C4CC 449A B503 C6092CBED3CC - 93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Գրեթե մի կլոր տարի ամերիկյան կինովարձույթը դուրս էր եկել շարքից՝ ինչպես և տասնյակ կինոփառատոներ, այդպես էլ կինովարձույթներն ու կինոթատրոնները ժամանակավորապես դադարեցրել էին իրենց հիմնական գործունեությունը։ Ամերիկյան կինոակադեմիան սովորաբար կազմակերպում էր «Օսկար»-ի կինոմրցանակաբաշխությունը փետրվարին՝ ամփոփելով նախորդ, օրացույցային տարին, երբ ֆիլմերն արդեն վաղուց բարձրացել էին էկրաններ և հասել իրենց հանդիսատեսին։ 2020-ի պարագայում ամեն ինչ այլ է. քանի որ բազմաթիվ թե՛ բլոքբասթերներ, թե՛ հեղինակային ֆիլմեր այդպես էլ մնացին սթրիմինգային հարթակների հույսին՝ Կինոակադեմիան բացառության կարգով ընդգրկեց հիմնական կինովազքի հավակնորդների մեջ Amazon-ի և Netflix-ի արտադրության ֆիլմեր, բացի այդ տեղափոխեց մրցանակաբաշխության արարողությունը ապրիլի 25։ Թեև ինչ ձևաչափով տեղի կունենա 93-րդ «Օսկարը»՝ դեռ վաղ է հայտարարել։ Մենք այնուամենայնիվ առաջարկում ենք աչք գցել հիմնական հավակնորդների վրա՝ համեմատելով դրանց կինոլեզուն և թեմատիկան նախորդ տարիների հետ, երբ պանդեմիան դեռևս գոյություն չուներ և ոչ մի կերպ չէր անդրադառնում կինոշուկայի վրա։

 

Օսկարյան պատմության մեջ արդեն մի տասնամյակից ավել է, ինչ չեն դադարում դժգոհ շշուկներն ու անգամ ակնհայտ բողոքները կապված հիմնական և գլխավոր անվանակարգերում առկա սեռական անհավասարության հետ՝ քիչ են կին ռեժիսորների ստեղծած ֆիլմերը, որոնք արժանանում են «Լավագույն ֆիլմ» նոմինացիային։ Թեև առհասարակ կին-ռեժիսորների կողմից ստեղծված ֆիլմերը քանակապես զգալիորեն քիչ են տղամարդ-ռեժիսորների ստեղծած ֆիլմերից։ Սակայն այս տարի ֆավորիտների թվում է Վենետիկի միջազգային կինոփառատոնի գլխավոր հաղթող՝ սցենարիստ, ռեժիսոր, մոնտաժող և պրոդյուսեր Քլոի Ճաոյի «Քոչվորների երկիր» դրաման, որտեղ գլխավոր դերում կարելի է տեսնել օսկարակիր Ֆրենսիս ՄաքԴորմանդին, ով նաև հանդես է գալիս ֆիլմի պրոդյուսերի կարգավիճակում։ Նմանատիպ անկախ կինեմատոգրաֆի տպավորիչ հեղինակային նմուշի կողքին ակադեմիկոսները դրել են մեկ այլ կին-ռեժիսորի աշխատանք՝ Էմիրալդ Ֆենելի «Խոստումնալից աղջիկը», որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Քերի Մալիգանը։

F8E6D9B3 D814 4BC6 8786 92E93B2CCE76 960x523 - 93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունըՔերի Մալիգանի մասնակցությամբ «Խոստումնալից աղջիկը» Օսկարի հավակնորդների ցանկում

 

Երկու ֆիլմերն էլ հայտնվել են հայկական վարձույթում, թեև զգալիորեն մեծ է Ֆենելի դեբյուտային ֆիլմի կոմերցիան ուղղվածությունը, այնինչ «Քոչվորների երկրի» պես ֆիլմերի երևանաբնակ սպառողները, սովորաբար, այդպես էլ չեն հասնում կինոթատրոն, շատ հաճախ գերադասելով դիտել նման արտ ֆիլմերը տանը, այնինչ հասկանալի չէ, թե ում համար են նմանատիպ փառատոնային ֆիլմերը բերվում Հայաստան։ Այնուամենայնիվ, մեծ բարդություններից հետո օսկարյան մրցավազքի նոմինանտներից մի քանիսին հնարավոր էր հանդիպել կինոթատրոններում, մինչ Դևիդ Ֆինչերի «Մանկ»-ը պաշտոնապես Հայաստանում հնարավոր էր դիտել միայն Netflix-ով։ Հիշելով «Մանկ»-ի գլխավոր դերակատար Գերի Օլդմենի ոչ վաղ անցյալի հաղթանակը մեկ այլ իրական կերպարին՝ Չերչիլին մարմնավորելու համար՝ կարելի է տարրակուսել, հստակ չպատկերացնելով, թե արդյոք դա է միակ պատճառը, որը կխոչընդոտի Օլդմենի հնարավոր հաղթանակին։ Սակայն վերհիշելով նոմինանտ ֆիլմերի սոցիալ-քաղաքական աստառներն ու թեմատիկան, ավելի տրամաբանական է, որ Աարոն Սորկինի «Չիկագոյի յոթնկյակի դատավարությունը» կստանա արձանիկ, թեև դրամատուրգիկ և ոչ ռեժիսորական՝ քանի որ դուրս է մնացել «Լավագույն ռեժիսոր» հնգյակից՝ ինչն ակնարկում է «Լավագույն սցենար»-ի անվանակարգում հաղթանակի շանսերին։

1EBC2373 40E6 41D8 AE03 875780C8C734 960x540 - 93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը
Գերի Օլդմենն ու ռեժիսոր Դևիդ Ֆինչերը «Մանկ»-ի նկարահանման հրապարակում

 

Ֆինչերն ու մեկ այլ հոլիվուդյան հսկա Քրիսթոֆեր Նոլանն իր «Փաստարկ»-ով ավելի շատ երկրորդական դերերում են. Նոլանի ֆիլմն այնուամենայնիվ հայտնվեց վարձույթում և ստացավ ոչ միանշանակ արձագանք ինչպես մասնագիտացված մամուլի, այդպես էլ հանդիսատեսի կողմից։ Նմանատիպ ահռելի արտադրության և աստղային ցանկի համար ընդամենը երկու՝ բեմադրող նկարչի և վիզուալ էֆեկտների համար ստացված անվանակարգն անգամ ցավալի են։

 

Ինչի՞ մասին է վկայում այս տարվա Օսկարը. թեև սթրիմինգային հարթակները հաղթում են պանդեմիական շրջանում՝ հեղինակային կինեմատոգրաֆը նկատելիորեն առաջ է շարժվում կինոակադեմիկոսների նախընտրությունների ցանկում։ Եթե կինոփառատոնային օրակարգում «Ջոքեր»-ի և «Քոչվորների երկրի» կողք կողքի նման մեծ ու փոքր ֆիլմերի առկայությունը դարձել է սովորական, ապա անգամ մի տարի առաջ զարմանալի կլիներ իմանալ, որ Նոլանն ու Ֆինչերը կարող են զիջել նորեկներին, օրիպակ՝ Ճաոյի պես ռեժիսորին, ով ինքնուրույն գրում է սցենարներ, նկարահանում իր իսկ ֆիլմերը և արդյունքում նաև մոնտաժում դրանք։ Հուսանք, կինոլեզուն վերաիմաստավորող կինոակադեմիկոսների համար հիմնական նախապայմանը միայն սեռական չէ։