Logo

Էդրիեն Բրոուդիի 5 լավագույն դերերը

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:01 / 18.04.2022Կինո
Էդրիեն Բրոուդի

Էդրիեն Բրոուդին կինոյի պատմության ամենաերիտասարդ դերասանն էր, որն արժանացել է «Օսկար»-ի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, և միակ ամերիկացին, որը նույն անվանակարգում ստացել է ֆրանսիական «Սեզար»։ Բրոուդիին նման յուրօրինակ դերասան է դարձնում ազնվությունն ու նվիրվածությունը, որոնցով նա «ներկայացնում է» իր հերոսներին: Անկախ ֆիլմերից մինչև բլոկբաստերներ, զոհից մինչև չարագործ, Բրոուդին իր կարիերայի ընթացքում խաղացել է բազմաթիվ դերեր՝ տասնյակ նախագծերում:

Օրեր առաջ տաղանդավոր Էդրիենի ծննդյան օրն էր, և այդ առիթով առաջարկում ենք վերհիշել նրա 5 լավագույն դերերը.

1. The Pianist, 2002

The Pianist

Հոլոքոստը վերապրած Վլադիսլավ Շպիլմանի հուշերի հիման վրա նկարահանված այս ֆիլմը ցույց է տալիս լեհ հրեաների վիճակը, երբ նացիստները ներխուժեցին իրենց երկիր: Հոլոքոստի պատմությունները միշտ սրտաճմլիկ են, և «The Pianist»-ը («Դաշնակահարը») այն ֆիլմերից է, որը կարողացել է ֆիքսել և փոխանցել այս ողբերգական իրադարձությունների մթնոլորտը: Բրոուդին Շպիլմանի դերում համոզիչ է, ազնիվ և անշահախնդիր: Սա, անկասկած, դերասանի լավագույն աշխատանքն է։ Դրա ապացույցն «Օսկար»-ն է՝ «Լավագույն դերասան» անվանակարգում։

2. The Jacket, 2004

 The Jacket

Պատերազմը, ամնեզիան, հոգեկան առողջությունը, հոգեբանական փորձերը, ժամանակի ճանապարհորդությունը և սիրավեպը «The Jacket»-ը դարձնում են յուրահատուկ ֆիլմ: Ջեք Սթարքսի դերը խաղալու համար Բրոուդին իրեն ենթարկեց ֆիզիկական դժվարությունների՝ քաշ կորցնելուց մինչև երկար ժամանակ տուփի մեջ անցկացնելը։ Ֆիլմում դերասանին ուղեկցել են Դենիել Քրեյգը և Կիրա Նայթլին, որոնք ոչ պակաս արտասովոր տեսք ունեն իրենց դերերում։

3. The Darjeeling Limited, 2007

The Darjeeling Limited

Էդրիեն Բրոուդին, Օուեն Ուիլսոնը և Ջեյսոն Շվարցմանը խաղում են թշնամի եղբայրների դերեր՝ Ուես Անդերսոնի կատակերգությունում։ Նրանք վերամիավորվում են Հնդկաստանով անցնող գնացքում՝ ակնկալելով հոգևոր ինքնաբացահայտման ճանապարհորդություն, որը փոխարենը վերածվում է արկածի՝ լի կռիվներով, կատակներով և ռոմանտիկ ինտրիգներով: Անպայման պետք է տեսնել հիասքանչ տեսարաններն ու դերասանների հիանալի խաղը:

4. Detachment, 2011

 Detachment

Էդրիեն Բրոուդին իր ամենաթերագնահատված աշխատանքը համարում է «Detachment» ֆիլմը։ Եթե ​​ֆիլմն ավելի հայտնի դառնար կամ հաջող արշավի համար ֆինանսավորում ունենար՝ Բրոուդին կարող էր ևս մեկ «Օսկար» ստանալ: Նա մարմնավորում է Հենրի Բարթին՝ ավագ դպրոցի ուսուցիչ, որն օրինակելի է դառնում իր աշակերտների համար և՝ ոչ միայն: Առանձին սյուժետային գիծ է այն իրավիճակը, երբ ուսուցիչը ցանկանում է նորմալ կյանք վերադարձնել մարմնավաճառուհի Էրիկային, որին հանդիպում է քաղաքի գիշերային փողոցներում։ Բարթն ուժեղ, կամային և վեհ մարդ է։ Նա վախենում է աշակերտների հետ կապվածությունից և, ընդհանրապես, մարդկանց հետ կապվելուց, այդ իսկ պատճառով աշխատում է որպես փոխարինող ուսուցիչ։ Այս ֆիլմը լույս է սփռում արատավոր կրթական համակարգի, արատավոր ընտանիքների և արատավոր մարդկանց վրա:

5. The Grand Budapest Hotel, 2014

The Grand Budapest Hotel

Ռեժիսոր Ուես Անդերսոնի ֆիլմերը միշտ էլ հաճելի են աչքին, բայց նրա աշխատանքներից առանձնանում է «The Grand Budapest Hotel»-ը: Նախ՝ սա նրա ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմն է, երկրորդ՝ չորս «Օսկար» է ստացել։ Ռալֆ Ֆայնսը մարմնավորում է հմայիչ և ազնիվ դռնապան պարոն Գուստավին: Ոչ պակաս գրավիչ է նաև Էդրիեն Բրոուդին՝ չարագործ Դմիտրի Դեսգոֆ-ունդ-Թակսիսի դերում: