Logo

Օդրի Հեփբըրն. արիստոկրատական ​​ծագմամբ գեղեցկուհին

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:01 / 04.05.2022Կինո
Օդրի Հեփբըրն

Օդրի Հեփբըրնը, որն այսօր՝ մայիսի 4-ին, կդառնար 93 տարեկան, ամենափխրուն և միևնույն ժամանակ ամենահամարձակ կանանցից էր։ Նրա տաղանդն անհերքելի է: Ասում են, որ քննադատները գրախոսության փոխարեն սիրային նամակներ էին գրում նրան։

Օդրի Հեփբըրնի ստեղծած կերպարները հավերժ կապրեն: Նրա մասնակցությամբ ֆիլմերը հայտնի են բոլորին, բայց ի՞նչ գիտենք այս զարմանահրաշ կնոջ անհատականության ու կյանքի մասին՝ նկարահանման հրապարակից դուրս:

Առաջարկում ենք ծանոթանալ դերասանուհու կյանքի դրվագներին:

Մանկություն և երիտասարդություն

Օդրի Քեթլին Ռասթոնը ծնվել է 1929 թվականի մայիսին՝ Բրյուսելի մոտ գտնվող Իքսել քաղաքում։ Աղջկա ծնողներն էին՝ անգլիացի բանկիր Ջոն Վիկտոր Ռասթոնը և հոլանդացի բարոնուհի Էլլա վան Հիմստրան։ Ավելի ուշ հայրն իր ազգանվանն ավելացրել է Հեփբըրն անունը, համապատասխանաբար դուստրը դարձել է Օդրի Հեփբըրն-Ռասթոն։

Չնայած իր արիստոկրատական ​​ծագմանը, ապագա դերասանուհին մանկության տարիներին ստիպված է եղել լուրջ դժվարությունների հանդիպել։ Վեց տարեկանում աղջիկը տեսել է ծնողների ամուսնալուծությունը, որից հետո մոր հետ տեղափոխվել է Նիդեռլանդներ:

Audrey Hepburn

Օդրիի դպրոցական տարիներն անցել են նացիստների կողմից օկուպացված Առնհեմում։ Գերմանիայի ներխուժումից հետո նա վերցրեց Էդդա վան Հիմստրա կեղծանունը, քանի որ այդ պահին նրա իրական անվան անգլերեն հնչյունը սպառնալիք էր։ Մինչ օրս շատերը սխալմամբ այդ տարբերակը համարում են դերասանուհու իրական անունը։

Պատերազմի ժամանակ Հեփբըրնը ստիպված էր «սովամահ» լինել, ինչը, իհարկե, վատ է ազդել նրա առողջության վրա։ Դերասանուհու ճիշտ նյութափոխանակությունը չի վերականգնվել անգամ պատերազմի ավարտից հետո, հետագայում նա տառապել է սակավարյունությամբ, շնչառական հիվանդություններով, դեպրեսիայով։

Երբ պատերազմն ավարտվում է, Օդրին, որը հետաքրքրվում էր արվեստով, սովորում է Առնհեմի կոնսերվատորիայում և տեղափոխվում է Ամստերդամ։ Այնտեղ նա և իր մայրն աշխատում էին որպես բուժքույրեր։ 1946 թվականից, առանց աշխատանքից հեռանալու, Հեփբըրնը սկսում է բալետի դասեր վերցնել Սոնյա Գասքելից։ Այնուհետև աղջիկը պարարվեստին խորապես սկսում է ծանոթանալ հայտնի ուսուցիչների՝ Մարի Ռամպերտի և Վասլավ Նիժինսկու հետ:

Այդ տարիներին Օդրիի մայրը ստիպված էր կատարել ցանկացած աշխատանք՝ ընտանիքը պահելու համար։ Հեփբըրնը նույնպես պետք է գումար վաստակեր, և արտիստուհու կարիերան լավագույն որոշումն էր։

Ֆիլմեր և մյուզիքլներ

Օդրին սկսել է նկարահանվել ֆիլմերում 40-ականների վերջին, բայց իրական հաջողությունը դերասանուհուն հասել է 1953 թվականին՝ «Roman Holiday» կատակերգության թողարկումից հետո։ Ռեժիսոր Ուիլյամ Ուայլերը վաղուց էր ցանկանում ռոմանտիկ ֆիլմ նկարահանել, և, իհարկե, Իտալիայում։ Հանուն այս երազանքի, ամերիկացին պատրաստ էր կրճատել բյուջեն, ուստի ֆիլմը նկարվեց սև ու սպիտակ, և քիչ հայտնի Հեփբըրնը հրավիրվեց գլխավոր դերը մարմնավորելու (չնայած ի սկզբանե նախատեսվում էր, որ կամ Էլիզաբեթ Թեյլորը կամ Ջին Սիմոնսը պետք է լինեն այդ դերում):

Roman Holiday-ի ահռելի հաջողությունից հետո Ուայլերը Օդրիին նկարահանեց իր ևս երեք ֆիլմերում: Դրանք տարբեր ժանրերի ֆիլմեր էին` «Sabrina» կատակերգությունը, «The Children's Hour» դրաման, «How to Steal a Million» կատակերգական դետեկտիվը։ Դրանցից առաջինը ոչ միայն ամրապնդեց Հեփբըրնի ժողովրդականությունը, այլև նշանավորեց դերասանուհու բարեկամության սկիզբը երիտասարդ ֆրանսիացի մոդելավորող Հյուբերտ Ժիվանշիի հետ։

Հեփբըրնը նկարահանվել է նաև այլ ռեժիսորների ֆիլմերում: Նրա ֆիլմագրության մեջ ամենանշանակալիներից մեկը Բլեյք Էդվարդսի «Breakfast at Tiffany's» ֆիլմում խաղացած դերն էր՝ հիմնված Թրումեն Կապոտեի համանուն պատմվածքի վրա։ Հոլլի Գոլայթլիի կերպարը երկար տարիներ իսկապես խորհրդանշական էր, և հերոսուհու տխրահռչակ «փոքրիկ սև զգեստը» իսկական հիթ էր:

Breakfast at Tiffany's

Չնայած այն հանգամանքին, որ այն հետագայում դարձավ համաշխարհային կինոյի ամենառոմանտիկ ֆիլմերից մեկը, այն հասցրեց քննադատության ենթարկվել, առաջին հերթին հենց Կապոտեի կողմից, ով վրդովվեց նույնիսկ քասթինգի փուլում՝ որպես հերոսուհի տեսնելով միայն Մերիլին Մոնրոյին, իսկ հետո դժգոհեց, որ գրքի սյուժեն մեծապես փոխվել է՝ պատմությունը դարձնելով չափազանց պարզունակ:

Օդրիի ստեղծագործական կենսագրության մեջ հատուկ ուշադրության են արժանի մյուզիքլներում կատարվող դերերը։ 1957 թվականին դերասանուհին նկարահանվում է «Funny Face» ֆիլմում, որտեղ նրա գործընկերը ժանրի արքա Ֆրեդ Ասթերն էր։ Ականավոր դերասանի կողքին Օդրին արժանապատիվ տեսք ուներ։ 

Օդրին ակտիվորեն ֆիլմերում է նկարահանվել մինչև 1967 թվականը, որից հետո բավականին երկար ընդմիջում է տեղի ունեցել նրա դերասանական կարիերայում։ Արտիստի վերադարձն էկրան տեղի ունեցավ 1976 թվականին նկարահանված «Robin and Marian» ֆիլմի թողարկումով։ Դերասանուհու վերջին դերը եղել է Սթիվեն Սփիլբերգի «Always» (1989 թ.) ֆիլմում։

Անձնական կյանքը

Օդրիի կյանքում ամենամեծ սերը եղել է նրա առաջին ամուսինը՝ Մել Ֆերերը, որը նրանից մեծ էր 12 տարով։ Երբ նրանք բաժանվեցին, Օդրի Հեփբըրնը շատ տանջվեց և ծանր տարավ բաժանումը:

 Audrey Hepburn and Mel Ferrer

Մելի հետ հարաբերություններին նախորդել էր սիրավեպը դերասան Բիլլի Հոլդենի հետ, որն ամուսնացած էր և չէր կարող ունենալ երեխաներ, որոնց մասին Օդրին երազում էր։ Տեղեկանալով իր սիրելիի խնդրի մասին՝ Օդրի Հեփբըրնն անմիջապես լքել է նրան և մեկնել Շվեյցարիա՝ նյարդերի հետ կապված բուժում ստանալու։

Երբ նա վերադարձավ՝ ընդունեց Մել Ֆերերի առաջարկությունը և շուտով ամբողջությամբ տրվեց նրան։ Օդրիի կարիերան վերելք ապրեց, բայց հարաբերություններն այնքան էլ հարթ չէին, քանի որ Մելը հաճախ էր ջղայնանում ու կորցնում ինքնատիրապետումը։ Նրան բարկացնում էր այն, որ աշխատանք չունի, իսկ կինն ավելի ու ավելի հետաքրքիր առաջարկներ էր ստանում, բայց նա ավելի շատ երեխաների մասին էր մտածում, քան պայմանագրերի։

Օդրի Հեփբըրնը, որպես սիրող կին, փորձում էր օգնել ամուսնուն։ Նա լրագրողների հետ խոսում էր պատրաստված արտահայտություններով, որոնք իրեն սովորեցրել էր Մելը: Օդրին որոշեց, որ կինոն խլում է իր անձնական կյանքը, և ամբողջովին լքեց նկարահանումները։ 1960 թվականին՝ 30 տարեկանում նա տղա ունեցավ՝ Շոնի անունով։
 
Որդու ծննդից հետո նոր ֆիլմերը մեծ հաջողություն ունեցան։ Իսկ հետո հաջորդեցին երեք վիժումներ և ամուսնալուծություն:

Որոշ ժամանակ անց Օդրի Հեփբըրնը կրկին լքեց կինոն՝ որոշելով իր կյանքը նվիրել որդուն։ Արձակուրդի մեկնելով՝ նա ծանոթացավ իտալացի հոգեբույժ Անդրեա Դոտտիի հետ, որն իսկական սիրահարված էր դերասանուհուն։ Ամուսնալուծությունից մեկ տարի անց Օդրի Հեփբըրնը նորից ամուսնացավ։ 1970 թվականի փետրվարի 8-ին նա ունեցավ իր երկրորդ որդուն՝ Լյուկին։

Բայց Անդրեայի հետ ամուսնությունը երկար չտևեց։ Նա հաճախ էր դավաճանում Օդրիին, իսկ Օդրին փորձում էր աչք փակել այս ամենի վրա, բայց երբ մամուլում սկսեցին հայտնվել «անկեղծ լուսանկարներ», որոնցում պարզ երևում էր, թե ինչպես է Դոթին դավաճանում իր հայտնի կնոջը, Հեփբըրնը կորցրեց ինքնատիրապետումը: 1982 թվականին՝ երկրորդ ամուսնալուծությունից հետո, Օդրին նորից դադարեց ուտել։

50 տարեկանում դերասանուհին գտավ Ռոբերտ Ուոլդերսին` հուսալի մարդու, որը սիրում էր նրան, անկախ ամեն ինչից: Նրանք սկսեցին միասին ապրել Շվեյցարիայի մի փոքրիկ տանը...

Audrey Hepburn