Logo

Դերասաններ, որոնք ոչ թե պարզապես մարմնավորել են հայտնի մարդկանց, այլ ասես հենց իրենք լինեն

Հեղինակ
Աննա Անտոնյան
19:01 / 09.03.2022Կինո
Actors

Դերասան լինել` նշանակում է հայտնվել տարբեր «կերպարներում»։ Դերասանների համար դժվար է խաղալ այնպիսի մարդկանց դերեր, որոնց ամբողջ աշխարհն է ճանաչում: Հայտնի մարդկանց կերպարները վերստեղծելիս ինչպես դերասանները, այնպես էլ կինոռեժիսորները ստիպված են լինում տասնյակ մանրուքներ ուսումնասիրել:

Ներկայացնում ենք այն դերասաններին և այն դերերը, որոնց նմանությունը գրեթե կատարյալ է ստացվել: 

1. Լեդի Գագան՝ Պատրիսիա Ռեջիանիի դերում  / «The House of Gucci»

Լեդի Գագա - Պատրիսիա Ռեջիանի

Կինոռեժիսորները տասնյակ մանրուքներ են ուսումնասիրել Պատրիսիայի արտաքինի ու վարքի վերաբերյալ։ Դերասանուհու արտաքինը հնարավորինս նմանեցնելու խնդիր կար, ուստի նրանք նույնիսկ նայել են, թե ինչպես է իրական Պատրիսիան խոսում, ինչպես է ներկում մազերը և ինչպես է ընդգծում շուրթերը։

2. Ադամ Դրայվերը՝ Մաուրիցիո Գուչիի դերում  / «The House of Gucci»

Ադամ Դրայվեր - Մաուրիցիո Գուչի

Դերասանի և Մաուրիցիոյի նմանության հարցում մեծապես օգնել են ակնոցները և սանրվածքը: Gucci-ն կրել է նույն ակնոցը և ունեցել նույն սանրվածքից:

3. Քրիստեն Ստյուարտը՝ արքայադուստր Դիանայի դերում / «Spencer»

 Քրիստեն Ստյուարտ - արքայադուստր Դիանա

Ամբողջ թիմն աշխատել է դերասանուհու նմանության վրա։ Օպերատորները նկարահանել են որոշակի անկյան տակ, հատուկ լուսավորությամբ՝ նմանությունը հստակ ստանալու համար։ Կադրերից շատերում Քրիստենը նկարահանվում է թիկունքից. սա նաև օգնել է հասնել ցանկալի էֆեկտին: Կերպարի ստեղծմանը նպաստել են դիմահարդարներն ու ոճաբանները։ Օրինակ՝ դերասանուհին կրում է նույն հանդերձանքը, ինչ Դիանան կրել է կենդանության ժամանակ։

4. Ջեք Ֆարտինգը՝ արքայազն Չարլզի դերում / «Spencer»

Ջեք Ֆարտինգ - արքայազն Չարլզ

Ջեք Ֆարտինգը բրիտանացի է, ինչպես արքայազն Չարլզը, դերասանը ծնվել է Լոնդոնում։ Հավանաբար, դա օգնեց նրան իրատեսորեն պատկերել իր կերպարը։ Ի դեպ, սա նրա առաջին կենսագրական դերը չէ։ Նախկինում նա մարմնավորել է Ջոն Լենոնին՝ մինի սերիալում։

5. Շիռլի Մաքլեյնը՝ Կոկո Շանելի դերում / «Coco Chanel»

Շիռլի Մաքլեյն - Կոկո Շանել

Շիռլի Մաքլեյնը և Կոկո Շանելը «պայթուցիկ» և էքսցենտրիկ են: Սա միավորում է նրանց։ Ի դեպ, Շիռլին, պարզվում է, փոքր տարիքից եղել է Շանելի տաղանդի երկրպագու։ «Բայց ես չէի կարող ինձ թույլ տալ բրենդային ապրանքներ, ուստի կեղծն էի գնում», - ասել է դերասանուհին: Երբ 20-30 տարեկան էր, ամենուր Chanel էր կրում:

6. Լիլի Ջեյմսը՝ Պամելա Անդերսոնի դերում / «Pam & Tommy»

Լիլի Ջեյմս - Պամելա Անդերսոն

Ջեյմսը երկար ժամանակ ուսումնասիրել է Պամելային՝ հեռուստաշոուների և հարցազրույցների միջոցով, իսկ հետո ժամեր անցկացրել դիմահարդարման աթոռին նստած, երբ դիմահարդարները փորձում էին վերստեղծել Անդերսոնի դիմագծերը: Դերասանուհուն այնպես են դիմահարդարել, որ փոխվել են անգամ սեփական դիմագծերը։

7. Սեբաստիան Սթենը՝ Թոմի Լիի դերում / «Pam & Tommy»

Սեբաստիան Սթեն -  Թոմի Լի

Սթենի համար փոխակերպումը հիմնականում կապված էր բազմաթիվ դաջվածքների հետ: Համապատասխանելու և յուրաքանչյուր դաջվածքի չափը պարզելու համար նրանք նույնիսկ եռաչափ լուսանկարել են դերասանի մարմինը: Այնուհետև նկարները վերստեղծվել են, տպվել հատուկ թղթի վրա և քսել մարմնին։ Այս գործընթացը տևել է օրական մոտ 3 ժամ:

8. Թերոն Էջերթոնը՝ Էլթոն Ջոնի դերում / «Rocketman»

Թերոն Էջերթո - Էլթոն Ջոն

Փոխակերպման հարցում խնդիր էր դրված ոչ թե Էլթոնի կրկնօրինակը ստանալ, այլ շպարի օգնությամբ երաժշտի էությունը փոխանցել։ Թերոնը նույնիսկ կուրծքն ու ձեռքերն է ներկել, քանի որ շատ կոստյումներ կային, որոնցով երևում էին այդ հատվածները։

9. Ռոբերտ Դաունի-կրտսերը՝  Չարլի Չապլինի դերում / «Chaplin»

Ռոբերտ Դաունի կրտսեր- Չարլի Չապլին

Դերասանի առջև դրված խնդիրը հեշտ չէր. դժվար էր ոչ միայն Չարլի Չապլինին նմանվել, այլև նրան մարմնավորել իր կյանքի տարբեր ժամանակահատվածներում։ Ի վերջո, ֆիլմը պատմում է Չապլինի կյանքի մասին՝ 19 տարեկանից մինչև 83 տարեկան։

10. Ուիլ Սմիթը՝ Մուհամեդ Ալիի դերում / «Ali»

Ուիլ Սմիթ - Մուհամեդ Ալի

Ուիլ Սմիթը սկզբում կասկածում էր, որ ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Մուհամեդ Ալիի կերպարը մարմնավորելու համար։ Դերասանի խոսքով՝ ինքը չի ցանկացել լինել այս պատմությունը «փչացնողը»: Բայց բռնցքամարտիկ Ալին և իր ընտանիքը անձամբ են խնդրել Սմիթին նկարահանվել։ Իսկ դերասանը վարպետորեն վերամարմնավորվել է Ալիին: