Logo

Գործընթացն ավելի կարևոր է, քան արդյունքը. Մարինա Աբրամովիչի 9 տպավորիչ փերֆորմանսները

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:01 / 10.03.2022Արվեստանոց
null

«Փերֆորմանսի տատիկ»- այսպես են անվանել սերբ լեգենդար արտիստ Մարինա Աբրամովիչին տարիներ առաջ։ Նրա անունը գիտեն նույնիսկ նրանք, ովքեր հնարավորինս հեռու են արվեստից, և նրա աշխատանքները հաճախ են հայտնվում Instagram-ի inspo-աքաունթներում։

Մարինա Աբրամովիչն իր կարիերան սկսել է դեռևս 1970-ականներին՝ հայրենի Բելգրադում, և իր կյանքը դարձրել է շարունակական ներկայացում, որը միշտ հիմնված է եղել արտիստի և հեռուստադիտողի փորձի վրա՝ ստեղծելով էներգետիկ երկխոսություն: Չնայած հանրության կողմից նրա ստեղծագործության քննադատությանն ու թյուրըմբռնմանը, հենց նրա շնորհիվ փերֆորմանսը դարձավ արվեստի լիարժեք ձև:

Ներկայացնում ենք Մարինա Աբրամովիչի գլխավոր փերֆորմանսները, որոնք ընդմիշտ մնացել են արվեստի պատմության մեջ։

1. «Ռիթմ 0» (1974)



1974 թվականին տեղի ունեցավ Մարինա Աբրամովիչի կարիերայի առաջին ելույթներից մեկը։ Սենյակում կար սեղան, որի վրա դրված էին 72 առարկաներ, որոնք հանդիսատեսը կարող էր ազատ օգտագործել։ Աբրամովիչն իր մարմինը ներկայացրել է որպես դատարկ կտավ և անշարժ մնացել ներկայացման ողջ ընթացքում։ Սեղանին դրված իրերի մեջ կար մկրատ, դանակ, մտրակ, նույնիսկ՝ ատրճանակ: Սկզբում լսարանը մարդասիրաբար է մոտենում, սակայն հետո՝ տեսնելով, որ իշխանությունն իրենց ձեռքերում է, մարդիկ սկսում են դաժանություն ցուցաբերել: Մասնակիցներից մեկը շեղբով կտրել է նրա պարանոցը, իսկ մյուսը վերցրել է ատրճանակը և դրել քունքին։

Շատ տարիներ անց Մարինան պատմել է, որ երբ վերադարձել է հյուրանոց և նայել հայելու մեջ, տեսել է մոխրագույն մազեր։

Աբրամովիչի ստեղծագործության յուրահատկություններից մեկը ինչ-որ բան զոհաբերելու կարողությունն է, և հաճախ զոհաբերվելիքի դերում հայտնվում է հենց ինքը՝ Մարինան:

2. «Մահացեք ինքներդ» (1978)



1976 թվականին Մարինան ծանոթանում է գերմանացի նկարիչ Ուլայի հետ, ով երկար տարիներ եղել է իր «գործընկերը»։ Հենց նրանց ստեղծագործության արդյունքում ծնվեցին բազմաթիվ փերֆորմանսներ, որոնք ծառայեցին որպես երկու արտիստների հարաբերությունների արտացոլում։ Առաջիններից մեկը «Մահացեք ինքներդ» նախագիծն էր, որի ընթացքում հատուկ սարքը միացրել էր սիրահարների բերաններն ու նրանք շնչում ու արտաշնչում էին իրար հետ։ 17 րոպե անց երկուսն էլ ուշաթափվել են՝ թթվածնի պակասից։

3. Imponderabilia (1977)



Արտիստների ծանոթությունից մեկ տարի անց Բոլոնիայի թանգարանում տեղի է ունեցել զույգի ամենասկանդալային ելույթներից մեկը։ Մերկ Ուլայն ու Մարինա Աբրամովիչը կանգնել են ցուցահանդեսի մուտքի մոտ՝ ստեղծելով նեղ անցում, որով այցելուն պետք է անցներ (անցումն այնքան նեղ էր, որ այն կարելի էր անցնել միայն կողքի շրջված)։ Հատկանշականն այն էր, որ անցորդներից յուրաքանչյուրն ընտրում էր, թե անցնելիս դեմքով դեպի ով լինի: Փերֆորմանսը նախատեսված էր երեք ժամ, սակայն 90 րոպե անց ոստիկանությունը ժամանել է թանգարան։

4. «Հարաբերությունը ժամանակի մեջ» (1977)



Այս ներկայացման շրջանակում Մարինան և Ուլայն անշարժ նստել են՝ մազերը կապած։ Դա շարունակվում էր ամեն օր 16 ժամ մինչև ցուցահանդեսի ավարտը: Հիմնական դժվարությունն այն էր, որ մեկի դիրքը կախված էր մյուսի «համբերությունից»:

5. «Հանգստի էներգիա» (1980)



Մարինա Աբրամովիչի և Ուլայի գրեթե բոլոր ելույթները մի տեսակ վստահության փորձություն էին նրանց հարաբերություններում։ Իսկ «Հանգստի էներգիա» փերֆորմանսը ճանաչվել է ամենավտանգավորներից մեկը այս արվեստի պատմության մեջ։ Փերֆորմանսն ամբողջությամբ հիմնված էր փոխադարձ վստահություն վրա. Մարինայի ձեռքում աղեղ էր, իսկ Ուլայը ձգում էր նետը, որի նշանակետը ուղիղ Մարինայի սրտին էր: Հանդիստեսը լսում էր կատարողների շնչառությունն ու սրտի աշխատանքը: Մի անզգույշ շարժումը կարող էր ճակատագրական լինել Մարինայի համար:

Ավելի ուշ Աբրամովիչը ասել է, որ դա ամենադժվարն էր իր կարիերայում, քանի որ իր կյանքը սխալ ձեռքերում էր։

6. «Սիրահարներ» (1988)



1980 թվականին Մարինա Աբրամովիչը և Ուլայը որոշել էին ամուսնանալ Չինական Մեծ պատի մեջտեղում։ Ինչպես վայել է արտիստների միությանը, նրանք ցանկանում էին դա վերածել ևս մեկ փերֆորմանսի: Ըստ մտահղացման՝ Ուլայը պետք է սկսեր իր ճանապարհորդությունը անապատից, իսկ Մարինան՝ ծովից. այդպիսով նրանք պիտի միավորեին 2 տարերք՝ կնոջն ու տղամարդունը: Նրանք ութ տարի սպասում էին Չինաստանի իշխանությունների թույլտվությանը։

Բազմաթիվ դավաճանություններից հետո «Սիրահարները» փերֆորմանսի գաղափարը կտրուկ փոխվեց: Ուլայն ամուսնացավ չինացի մի թարգմանչուհու հետ, իսկ ճամփորդությունը վերածվեց ավարտին հասած անձնական ողբերգության. այնուամենայնիվ նրանք անցան այդ ճանապարհն ու հանդիպեցին Պատի մեջտեղում… հանդիպեցին, որ հեռանան:

7«Բալկանյան Բարոկկո», (1997)



Աբրամովիչի այս փերֆորմանսը նվիրված էր Հարավսլավիայում զոհվածների հիշատակին։ Արտիստն իր հակապատերազմական ելույթը ներկայացրել է Վենետիկի բիենալեում՝ դրա համար ստանալով «Ոսկե առյուծ»։ Մի քանի ժամ շարունակ Մարինան նստում է հատակին և հերթով լվանում արյունոտված ոսկորներ՝ ժողովրդական երգեր երգելով։ «Դուք չեք կարող լվանալ ձեր ձեռքերի արյունը, ինչպես որ չեք կարող լվանալ պատերազմի ամոթը: Բայց դեռ շատ կարևոր է հաղթահարել այս զգացումը», - ավելի ուշ ասել է նա:

8. «Տուն՝ օվկիանոսի տեսարանով», (2002)



2002 թվականին՝ երկար դադարից հետո, Մարինա Աբրամովիչը ներկայացրեց իր նոր աշխատանքը՝ «Տուն՝ օվկիանոսի տեսարանով»։ 12 օր նա ապրել է մի տարածքում, որն աղոտ կերպով բնակարան էր հիշեցնում։ Այս ամբողջ ընթացքում նա ոչինչ չի կերել և չի զրուցել այցելուների հետ, պարզապես ցուցադրել է իր առօրյան։ Ի դեպ, իջնելն անհնար էր, քանի որ աստիճանները դանակներից էին։

9. «Արտիստի ներկայությամբ», (2010)



2010 թվականին Աբրամովիչը Նյու-Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանում անցկացրեց յուրահատուկ փերֆորմանս՝ «Աչքերը հոգու հայելին են»: Դրա գաղափարը նրանում էր, որ Մարինան մեկ րոպե լուռ նայում էր ցանկացած մարդու աչքերին, ով կնստեր նրա առաջ: Ներկայացման ողջ ընթացքում, որի տևողությունը 716 ժամ էր, նկարչուհին արդեն հասցրել էր ակնդետ նայել 1 500 այցելուների աչքերի մեջ…  հանկարծ նրա դիմաց նստում է մարդ, որին նա չէր տեսել 30 տարի. մարդ, որը Ուլայն էր: