Logo

Ջոնի Դեփը Hollywood Vampires-ի հետ կմեկնի շրջագայության Եվրոպայում

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:24 / 23.06.2022Երաժիշտներ
Ջոնի Դեփ- Hollywood Vampires

Հոլիվուդյան դերասան և երաժիշտ Ջոնի Դեփը, որն օրերս է ավարտել զրպարտության վերաբերյալ դատական գործընթացը նախկին կնոջ նկատմամբ, կմիանա Hollywood Vampires խմբի իր ընկերներին եվրոպական շրջագայության ժամանակ, գրում է The Hollywood Reporter-ը։

Հունիսի 22-ին խումբը հայտարարել է վեց համերգի մասին, որոնք տեղի կունենան մեկ տարի անց:

«Հոլիվուդյան արնախումները ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ։ 2023 թվականի ամռանը մենք կուղևորվենք Գերմանիա և Լյուքսեմբուրգ։ Տոմսերը վաճառքում կհայտնվեն հունիսի 27-ին․․․ Հետևե՛ք նորություններին», - գրել է խումբը սոցիալական ցանցերում:

Ջոնի Դեփը, Էլիս Կուպերը, Ջո Փերին և Թոմի Հենրիքսենը շրջագայությունը կսկսեն 2023 թվականի հունիսի 20-ին Օբերհաուզենի (Գերմանիա) Rudolf-Weber Arena-ում։ 

Ավելի վաղ դերասանուհի Էմբեր Հերդը հայտարարել էր, որ գիրք է գրելու Ջոնի Դեփի հետ սկանդալային ամուսնության մասին։

Օրեր առաջ ավարտվել է հոլիվուդյան ամենաաղմկահարույց դատավարությունը։ Ջոնի Դեփը կարողացավ դատարանին ապացուցել, որ իր նախկին կինը զրպարտել է իրեն՝ մեղադրելով սեռական և ընտանեկան բռնության համար։ Արդյունքում դատարանն Էմբեր Հերդին պարտավորեցրեց դերասանին վճարել 15 միլիոն դոլար։  Այս որոշմանը հաջորդեց տեղեկությունը, որ դերասանուհին ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, չի կարող վճարել գումարը և պատրաստվում է բողոքարկել վճիռը։

Վերջերս դերասանուհին իր առաջին հարցազրույցն է տվել իր նախկին ամուսնու դեմ դատական գործը պարտվելուց հետո։ Նա NBC հեռուստաալիքի լրագրող Սավաննա Գաթրիի հետ զրույցում ասել է, որ դեռ զգացմունքներ ունի նախկին ամուսնու նկատմամբ։