Logo

Կոմմոդոս կայսրը «Գլադիատոր» ֆիլմում և իրական կյանքում․ ո՞վ էր նա

16:07 / 21.03.2023Ռեժիսորներ
null

Նկարահանվում է «Գլադիատոր 2»-ը։ Ինչպես օրերս հաղորդվեց՝ Դենզել Վաշինգտոնը պատրաստվում է միանալ Ռիդլի Սքոթի ֆիլմի դերասանական կազմին:

«Գլադիատոր 2»-ի գլխավոր հերոսը կլինի Կոմմոդոս կայսեր քրոջ որդին, նրա դերը կկատարի Փոլ Մեսկալը։ Ֆիլմում նկարահանվելու համար բանակցություններ է վարում նաև Բարրի Քեոգանը, որը ցանկանում է մարմնավորել կայսր Գետային:

«Գլադիատոր 2»-ը կթողարկվի 2024 թվականի նոյեմբերի 22-ին։

Ինչպես գիտենք, «Գլադիատոր» (2000 թ., ռեժիսոր՝ Ռիդլի Սքոթ) ֆիլմում Կոմմոդոս կայսերը մարմնավորել է Խոակին Ֆենիքսը, որն աչքի էր ընկնում խաբեությամբ ու դաժանությամբ, ինտրիգներ հյուսում և սիրում էր պայքարել մրցասպարեզում որպես գլադիատոր։

Ֆիլմում Կոմմոդոսը ներկայացվում է նախատիպին բավականին մոտ, թեև նրա իրական կյանքի շատ մանրամասներ բաց են թողնված, և կան մի քանի լուրջ պատմական անճշտություններ.

  • Կայսր Մարկոս ​​Ավրելիոսը մահացել է ժանտախտից՝ 180 թվականին, այլ ոչ թե սպանվել իր որդու՝ Կոմմոդոսի ձեռքով:
  • Ֆիլմում Կոմմոդոսը սպանվում է մրցասպարեզում գլադիատոր Մաքսիմուսի կողմից, բայց իրականում նրան իր իսկ սենյակում խեղդամահ է արել ստրուկը՝ Նարցիս անունով աթլետը:
  • «Գլադիատոր»-ում Լուցիլլայի (նրա քրոջ) դավադրությունը Կոմմոդոսի դեմ հաջողվում է, բայց իրական կյանքում կայսրը դաժանորեն ճնշում է այն՝ քրոջն աքսորի ուղարկելով: 

Каким на самом деле был император Коммод из фильма Гладиатор, изображение №1

Կոմմոդոսը կառավարել է 12 տարի, մինչդեռ ֆիլմում՝ մոտ 2-3 տարի։

Ո՞վ էր Կոմմոդոսն իրական կյանքում

Կայսեր անձի և վարած քաղաքականության մասին տեղեկությունները հասանելի են հիմնականում Հռոմի Սենատի անդամների գրառումների շնորհիվ։ Քանի որ սենատորներն անձնական հակակրանք ունեին նրա նկատմամբ, նրանց վկայությունները կայսեր մասին գրվում էին նույն ոգով. շեշտը դրվում էր նրա թերությունների վրա, իսկ նրա արժանիքների մասին, որպես կանոն, լռում էին:

Կփորձենք օբյեկտիվորեն վերստեղծել Կոմմոդոսի կերպարը՝ որպես անձի և քաղաքական գործչի․

Կոմմոդոսի անհատականությունը

Կոմմոդոսը ծնվել է 161 թվականի օգոստոսի 31-ին։ Նրա հայրը՝ Մարկոս Ավրելիոսը, հայտնի էր իմաստությամբ, իսկ մայրը՝ Ֆաուստինան՝ գեղեցկությամբ, որն ունեցել է բազմաթիվ սիրային կապեր։ Կոմմոդոսը, հավանաբար, շատ բան է ժառանգել մորից իր բնավորությամբ և ապրելակերպով:

Ի գիտություն շատ պատմաբաններ վստահ չեն Մարկոս Ավրելիուսի հայրության հարցում և կասկածում են, որ Կոմմոդոսի իրական հայրը անհայտ գլադիատոր կամ զինվոր է։

Ավրելիոսը Կոմմոդոսին լավ կրթություն է տվել և շատ զբաղվել նրա դաստիարակությամբ, բայց երիտասարդին գիտությունները քիչ էին հետաքրքրում։ Ապագա կայսրը մանկուց հոր հետ գնում էր ռազմական արշավների, որոնց ժամանակ էլ սիրահարվում է զինվորական կյանքին և զինվորներից սովորում զենք օգտագործել։

Հետագայում Կոմմոդոսի գլխավոր կիրքը դարձան գլադիատորական մենամարտերը՝ նա ասպարեզում կռվում էր ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց հետ։ Իհարկե, յուրաքանչյուր մրցամարտ կազմակերպվում էր այնպես, որ կայսրը հաղթական դուրս գար: Այս ներկայացումների վրա հսկայական գումարներ էին ծախսվում, ինչի արդյունքում պետական ​​գանձարանը շարունակում էր դատարկվել։

Դժվար է հավատալ, բայց Կոմմոդոսը, ըստ ժամանակակիցների, ասպարեզ է դուրս եկել 735 անգամ: Նա պատմության մեջ առաջին գլադիատոր-կայսրն է եղել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հռոմեական հասարակության շրջանում գլադիատորները պատիվ և հարգանք չէին վայելում, Կոմմոդոսի մասնակցությունը նման մարտերին լրջորեն թուլացրեց նրա հեղինակությունը։

Այս մարդը դաժանություն էր դրսևորում ոչ միայն մրցասպարեզում. հատկանշական է այն դեպքը, երբ 12-ամյա Կոմմոդոսը հրամայում է ողջ-ողջ այրել իրեն ոչ բավարար տաք ջուր լցրած սպասավորին։ Պակաս խոսուն չէ այն փաստը, որ կայսրը դավաճանության համար սպանել է իր կնոջը։

Կոմմոդոսը կամքի ուժով չէր տարբերվում և հոր մահից հետո ընկավ պրետորիանական գվարդիայի ղեկավարի ազդեցության տակ։ Ժամանակի ընթացքում կայսրը կախվածություն ձեռք բերեց խրախճանքից, մոլախաղերից, մշտական ​​զվարճություններից, հարբեցողությունից և օրգիաներից (նա ուներ երկու սեռի մարդկանցից հսկայական հարեմ՝ հակառակ հռոմեական ավանդույթներին)՝ վերջնականապես կորցնելով հետաքրքրությունը պետության կառավարման նկատմամբ:

Կայսրը ֆիզիկապես ուժեղ էր և գեղեցիկ։ Նա ուներ տաղանդներ, որոնք կապ չունեին քաղաքականության հետ՝ քանդակում էր կավից, պարում, երգում, տեգեր ու նիզակներ էր ճշգրիտ նետում։

Կոմմոդոսին բնորոշ էին նաև էքսցենտրիկ արարքները։ Նա հաճախ էր դուրս գալիս առյուծի կաշի հագած և մահակը ձեռքին, ինչպես Հերկուլեսը։ Կայսրը հագնում էր նաև մրցասպարեզում սպանված այլ կենդանիների կաշիները։ 

Նման պահվածքը կասկածի տակ է դնում կայսեր ադեկվատությունը, և կարելի է վստահաբար ասել, որ այդ անձը պատրաստ չէր կառավարել Հռոմեական կայսրությունը։ Բնավորությամբ նա ավելի շատ նման էր էպատաժային շոումենի, քան քաղաքական գործչի։

Каким на самом деле был император Коммод из фильма Гладиатор, изображение №2

Կոմմոդոս կայսեր վարած քաղաքականությունը

Ի գիտություն՝ Կոմմոդոսի (180-192) գահակալությանը նախորդել է Անտոնինոսների դինաստիայի «հինգ լավ կայսրերի» դարաշրջանը: Նրանց օրոք կայսրությունը ծաղկել է և հասել հզորության գագաթնակետին, սակայն Կոմմոդոսի օրոք սկսվեց տնտեսական և քաղաքական ճգնաժամ, իսկ նրա մահից հետո պարբերաբար տեղի էին ունենում պալատական ​​հեղաշրջումներ։ Օրինակ, միայն 193 թվականին հինգ կայսր անընդմեջ փոխարինվեց։

180 թվականին, երբ մահացավ Մարկոս Ավրելիոսը, 19-ամյա Կոմմոդոսը ռազմարշավի էր մասնակցում գերմանացիների դեմ։ Նոր տիրակալը չցանկացավ շարունակել պատերազմը և գրավել նոր տարածքներ։ Նրա արտաքին քաղաքականությունը տարբերվում էր իր նախորդների քաղաքականությունից՝ խաղաղությամբ և նվաճողական արարքների բացակայությամբ։ Նա հաշտություն կնքեց քվադների և մարկոմանների (հին գերմանական ցեղերի) հետ՝ փոխարենը նրանց առատաձեռն նվերներ խոստանալով։ Խաղաղության պայմանագրեր կնքվեցին նաև սարմատների և դակերի հետ։ Կոմմոդոսի օրոք ստեղծվեց աֆրիկյան հռոմեական նավատորմ:

Հանդիսավոր վերադառնալով Հռոմ՝ Կոմմոդոսը կազմակերպեց շքեղ հանդիսավոր միջոցառումներ։ Իր գահակալության առաջին տարիներին նա ակտիվորեն խոստումներ էր տալիս ժողովրդին և զբաղվում պոպուլիզմով՝ հռոմեացիներին անվճար գինի էր հյուրասիրում, երբեմն էլ գանձարանից փող էր նետում ամբոխի մեջ և այլն։ Կայսրը նաև ակտիվորեն բաշխում էր արտոնություններ և բարձրացնում պրետորիանական գվարդիայի աշխատավարձերը՝ բանակի աջակցությունը պահպանելու համար։ Այս իրադարձությունների շնորհիվ Կոմմոդոսը սկզբում վայելում էր ժողովրդական սերը և մեծ ճանաչում։

Ընդհանուր առմամբ, քաղաքականությունը քիչ էր անհանգստացնում կայսրին, և նա իր ժամանակի մեծ մասը վատնում էր անառակության և մայրաքաղաքային կյանքի բոլոր տեսակի ուրախությունների վրա։ Կայսրության կառավարումը վստահված էր ոչ բարձր ծագում ունեցող, բայց Կոմմոդոսին նվիրված մարդկանց։

Երկար ժամանակ պետությունը փաստացի կառավարում էր Պերեննիսը։ Խորամանկությունն ու ինտրիգները Պերեննիսին թույլ տվեցին վերացնել մրցակիցներին և դառնալ երկրորդ ամենաազդեցիկ մարդը կայսրից հետո։ Նա սպանվել է Կոմմոդոսի հրամանով՝ իրեն դավաճանելու համար։

Հաջորդ կայսերական ֆավորիտը՝ Մարկոս Ավրելիոս Կլեանդրն էր, զբաղվում էր հացահատիկի սպեկուլյացիայով, շորթմամբ, բռնությամբ և պետական պաշտոնների վաճառքով: Նրան մահապատժի ենթարկելով նրա գործունեությունից կատաղած մարդկանց խնդրանքով՝ Կոմմոդոսը սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել պետական ​​գործերին։ Մասնավորապես, հարկեր սահմանվեցին ազնվական սենատորների համար։ Սրա հետևանքն էր ազնվականության դժգոհությունը, որը խթան հանդիսացավ կայսեր դեմ ընդդիմադիր տրամադրությունների աճի համար։

Каким на самом деле был император Коммод из фильма Гладиатор, изображение №3

Ուշադրության է արժանի Կոմմոդոսի կրոնական և մշակութային քաղաքականությունը

  • Արևելյան պաշտամունքները պաշտպանվում էին պաշտոնական մակարդակով, մասնավորապես՝ եգիպտական ​​Իսիդա աստվածուհու և Սերապիս աստծու պաշտամունքը, ինչպես նաև հնդ-իրանական միտրաիզմը։
  • Ալեքսանդրիայում վերականգնվեց Սերապեոնի այրված տաճարը։
  • Արևելյան աստվածների պատկերները սկսեցին փորագրվել մետաղադրամների վրա։

Ընդհանրապես, այս ժամանակահատվածում հռոմեական հասարակությունը դարձավ ավելի հանդուրժող, և սկսվեց կրոնական վերափոխման գործընթաց, որը հետագայում ավարտվեց քրիստոնեության ընդունմամբ:

Իր գահակալության վերջին տարիներին Կոմմոդոսը սկսեց ակտիվորեն աշխատել իր կերպարի վրա. նա ձգտում էր իր արտաքինով և վարքով նմանվել հելլենիստական ​​թագավորներին: Կայսրը բազմաթիվ միջոցներ ձեռնարկեց իր անձի պաշտամունքը սերմանելու համար.

  • Նա իր անվանն ավելացրեց «Հաղթական» և «Երջանիկ» տիտղոսները:
  • Քանի որ Կոմմոդոսի անվան տարրերի և տիտղոսների թիվը հասել էր 12-ի, նա իր անունով անվանեց օրացուցային ամիսները. մասնավորապես՝ օգոստոսը դարձավ «Կոմմոդոս», հոկտեմբերը՝ «Անհաղթելի» և այլն:
  • Կայսրը պահանջեց, որ Հռոմը վերանվանել Կոմմոդոսիան, Սենատը կոչել Կոմմոդոսյան, իսկ բանակային լեգեոնները՝ իր անունով:
  • Իր թագավորության վերջում Կոմմոդոսը սկսեց իրեն հավասար համարել Հերակլեսին (Հերկուլես)՝ Յուպիտեր աստծո որդուն, և հրամայեց կանգնեցնել արձաններ՝ ի պատիվ նոր աստծո՝ Կոմմոդոս-Հերկուլեսի:
  • Հռոմեական մետաղադրամների վրա հայտնվեց կայսեր պատկերը Հերակլեսի սաղավարտով:

Коммод в образе Геракла

Կոմմոդոսի գահակալության արդյունքները

Այս կայսեր վարած քաղաքականության արդյունքում երկիրը խորը ճգնաժամի մեջ ընկավ․

  • Բանակում կարգապահությունը վերացավ, և հաճախ էին ապստամբություններ լինում։
  • Տնտեսությունը վատ վիճակում էր, և բյուջեն համալրելու համար կայսրը բարձր հարկեր սահմանեց։
  • Սովի հետևանքով անկարգություններ սկսվեցին, և դրա հետևանքով ակտիվորեն աճեց հանցավորությունը։
  • Զգալով հռոմեացիների ատելությունը և վախենալով կորցնել իշխանությունը՝ Կոմմոդոսը մահապատժի ենթարկեց ինչպես ժողովրդի համար անցանկալի ֆավորիտներին, այնպես էլ ընդդիմադիր ազնվականության ներկայացուցիչներին։

Նրա դեմ նոր դավադրություն կազմակերպվեց, որին մասնակցում էին պրետորիայի պրեֆեկտը, Մարցիան (Կոմմոդոսի սիրուհին), Էլեկտը (կայսերական արքունիքի կառավարիչը)․․․Բռնաճնշումները, միանձնյա իշխանության ձգտումը, Կոմմոդոսի՝ պետությունը կառավարելու անկարողությունը դարձան նրա սպանության հիմնական պատճառները։ Դա տեղի ունեցավ 192 թվականի դեկտեմբերի 31-ին․ տոնական խնջույքի ժամանակ Կոմմոդոսին թույնով գինի տվեցին, որից հետո նրան խեղդամահ արեցին։ Այսպիսով՝ ավարտվեց Անտոնինոսների դինաստիայի թագավորությունը։

Հետաքրքիր է․ Կոմմոդոսի մահից հետո Հռոմի Սենատը նրան անվանեց «հայրենիքի թշնամի»։ Պաշտոնյաները և սովորական հռոմեացիները նույնիսկ ցանկանում էին ոչնչացնել կայսեր մասին բոլոր հիշատակումները, բայց իշխանության եկած Պերտինաքսը դեմ էր դրան: Հաջորդ կայսրը՝ Սեպտիմիուս Սևերուսը, Կոմմոդոսին դասեց աստվածների շարքին և իրեն հայտարարեց նրա եղբայրը՝ ցույց տալու հռոմեական իշխանության շարունակականությունը և ամրապնդելու իր դիրքերը։