Logo

Պիկասոյի «Ծեր կիթառահարը»

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:10 / 10.03.2022Արվեստանոց
Պիկասո-Ծեր կիթառահար

«Ծեր կիթառահարը» Պաբլո Պիկասոն նկարել է 1903 թվականին, իր մտերիմ ընկեր Կասագեմասի ինքնասպանությունից անմիջապես հետո: Այս ընթացքում նկարիչը, ունենալով կարեկցական վերաբերմունք աղքատների և ճնշվածների հանդեպ, պատկերում էր բազմաթիվ կտավներ՝ չունևորների, հիվանդների և հասարակությունից հեռացվածների դժբախտությունների արտացոլմամբ: 1902թ.-ին նկարիչն ինքն էլ ապրել է ֆինանսական դժվարության մեջ, այդ իսկ պատճառով աղքատությունն իրեն էլ բավականին ծանոթ երևույթ էր: Այս ստեղծագործությունը ստեղծվել է Մադրիդում, իսկ նրա աղավաղված ոճը՝  մարմնի վերին հատվածի թեքությունը, ստորին հատվածի խաչված ոտքերով նստելաձևը հիշեցնում են Էլ Գրեկոյի ստեղծագործությունները։ 

The Old Guitarist, Pablo Picasso

Կռացած և տեսողությունից զուրկ այս մարդն իրեն շատ մոտ պահում է մեծ ու կլոր մի կիթառ: Ամբողջական նկարի գունային միակ փոփոխությունը կիթառի շագանակագույն երանգն է: Թե´ խորհրդանշական, թե´ ֆիզիկական տեսանկյունից գործիքը միակն է, որ լցնում է նկարի հերոսի կյանքը. հենց գործիք նվագելն է նրան օգնում մոռացության մատնել իր աղքատությունն ու կուրությունը: 

Նկարի ստեղծման ժամանակահատվածը համապատասխանում է  գրականության սիմվոլիստական շարժման զարգացմանը, որը ներառում էր կույր կերպարներ՝ ներքին տեսողական ուժով օժտված: Լղար, կմախքակերպ կույր երաժշտի կերպարի արմատները գալիս են նաև Պիկասոյի հայրենի երկրից՝ Իսպանիայից: Ծերունու երկարավուն վերջույթները, նեղ, անկյունաձև կեցվածքը հիշեցնում են 16-րդ դարի մեծանուն նկարիչ Էլ Գրեկոյի կերպարներին:

Բանաստեղծ Ուոլաս Սթիվենսի «Կապույտ կիթառով մարդը» ստեղծագործությունն այս նկարի խոսքային վերարտադրությունը կարծես լինի: Բանաստեղծն այս ստեղծագործությամբ ներկայացնում է Պիկասոյի այն համոզմունքը, որ արվեստը ճշմարտությունը տեսնելուն օգնող սուտն է: Սթիվենսը գրում է. «Նրանք ասացին՝ Դու ունես կապույտ կիթառ և չես նվագում իրականությանը համապատասխան, իսկ տղամարդը պատասխանեց՝ իրողությունները փոխվում են կիթառի հնչողությամբ»:

«Ծեր կիթառահարը» Պիկասոյի ապրած «կապույտ ժամանակաշրջանի»՝ աղքատության, չքավորության և հուզական ցնցումների մեջ գտնված ժամանակահատվածի ամենանաշանավոր նկարն է: Նկարում ուրվականային առկայությունը ևս այն դարձնում է առեղծվածային: Արվեստապատմական հետազոտությունները՝ զուգակցված տեխնիկական փորձաքննություններով, «Հին կիթառահարի» կերպարի ներքո բացահայտել են ևս երկու կոմպոզիցիաներ: Այս տեղեկությունը մեզ ավելի լավ պատկերացում է տալիս Պիկասոյի գեղարվեստական մտածելակերպի մասին: Չիկագոյի Արվեստի ինստիտուտի հետազոտությունը, ինչպես նաև 2001 թվականի Քլիվլենդի արվեստի թանգարանի ցուցահանդեսը փորձեցին բացահայտել նկարի անտեսանելի, թաքնված կերպարներին: Ամենաակնառու պատկերը ձախ նայող կնոջ կերպարն է՝ դեպի աջ պարզած ձեռքով և նստած վիճակում գտնվող սրունքներով: Ամենայն հավանականաությամբ, Պիկասոն ի սկզբանե անհանգիստ և վրդովված, նստած դիրքով կնոջ դիմանկար պատկերելու միտում է ունեցել, սակայն արդյունքում տեսանելի են միայն նրա դեմքը և ոտքերը:

The Old Guitarist X-ray Photo

Այժմ նկարը գտնվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում՝ Հելեն Բիրչ Բարթլետի հուշահամալիրում: