Logo

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 21.04.2020Ռեժիսորներ
Բացառիկ
53C4620F 907F 474E B77E 9B39F8BDCED5 scaled - Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

20-րդ դարի սկզբում Իսպանիան ուներ բոլոր շանսերը, որոնց շնորհիվ կբարձրացներ երկրի կինոարտադրությունը պատշաճ պիեդեստալի՝ իտալականի, ֆրանսիականի և տարածաշրջանի մյուս՝ հարևան շուկաների կողքին։ Սակայն քաղաքացիական պատերազմի արդյունքում իշխանության եկան ազգայնականները և սկսեցին խստորեն հսկել ազգային կինեմատոգրաֆը՝ ստիպելով, որպեսզի արտադրողները հետևեն սահմանված բարոյական և քաղաքական նորմերին։ Ֆրանկոյի ավտորիտար կառավարության 36 տարիների ընթացքում իսպանական ռեժիսորներին բարդ էր ստեղծել ազատամիտ, ինքնատիպ և վառ ֆիլմեր։ Սակայն այս ցուցակից որոշ խոշոր նմուշներ ոգեշնչվել են հենց այդ՝ իշխանության հեղինակության անառարկելիորեն ենթարկվելու վրա հիմնված ժամանակաշրջանից։

62E01185 93EC 45B4 A13C 29B162EB3E60 960x617 - Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

“Cria Cuervos” / «Կերակրիր ագռավին», 1975

Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Կառլոս Սաուրան համարվում է իսպանական կինոյի պատմության կարևորագույն հեղինակներից, կենդանի դասական, որը Ֆրանկոյի ռեժիմի վերջին տարիներին ստեղծում էր այլաբանական սյուժեներով տպավորիչ դրամաներ։ Այդ շրջանում Սաուրան նկարահանում էր իր մուսա Ջերալդին Չապլինին, որը «Կերակրիր ագռավին» սյուրռեալիստիկ դրամայում հանդես է գալիս միանգամից երկու դերով. մոր՝ Մարիայի և դստեր՝ Անայի։

Ամբողջ պատմությունը ներկայացված է փոքր (և մի քանի դրվագում նաև արդեն մեծացած) Անայի աչքերով. ինչպես է աղջիկը փորձում հաղթահարել մոր մահը և պատկերացնում, որ վերջինս գիշերները այցելում է իրեն։ Բացի այդ, մենք տեսնում ենք մահվան առօրեականացման և չարի ու բարու սահմանահատման ընթացքը։

Հին Իսպանիան, ֆրանկսիստական ռեժիմն ու Նոր՝ գալիք Իսպանիան Սաուրան տեղավորել է մեկ առանձնատան մեջ՝ վերնագրի համար օգտագործելով հին, ազգային ասացվածքի առաջին մասը։

9604E9C9 1802 49E9 9F68 1F7869AC5A11 960x480 - Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

“Balada triste de trompeta” / «Թախծոտ բալադ շեփորի համար», 2010

Ալեքս դե լա Իգլեսիան 21-րդ դարի ամենաակտիվ իսպանացի ռեժիսորներից է, ներկայացնում է իր ֆիլմերը Վենետիկի և Բեռլինի միջազգային կինոփառատոների մրցութային ծրագրերում։ Այդպես այս՝ ռեժիսորի կարևորագույն ֆիլմերից մեկը, Վենետիկում համաշխարհային պրեմիերայի ժամանակ հռչակվեց իտալական Մոստրայի գլխավոր հաղթողներից՝ «Լավագույն սցենարական աշխատանք» և«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում։

Կրկեսի երկու ծաղրածու՝ թախծոտն ու ուրախը (համապատասխանաբար Խավիերը և Սերխիոն), սիրահարված են միևնույն կնոջը՝ օդային մարմնամարզուհի Նատալիային։ Տարփանքն առ իրենց սիրո օբյեկտ՝ խենթացնում է տղամարդկանց բառի ամենաուղիղ և կատաղի իմաստով։ Ամենաաբսուրդային, ֆարսին և բուֆոնադային բնորոշ ագրեսիվ ու խելահեղ էլեմենտներով Իգլեսիան կառուցում է կրկեսի իր սեփական, մահացու համարը՝ չխղճալով ոչ ոքի։ Ինչ արժի միայն երգիչ Ռաֆայելի հուսակտուր կատարումը, որը, դիտումից հետո, դեռ երկար կապրի ձեր հիշողության մեջ։

2C1CF617 EA61 41CB AE2C 8656F6278790 960x621 - Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

“La lengua de las mariposas” / «Թիթեռների լեզուն», 1999

Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Խոսե Լուիս Կուերդայի «Թիթեռների լեզուն» ֆիլմը 90-ականների Իսպանիայում ստեղծված ամենաջերմ ու գողտրիկ պատմություններից է՝ մանկության, աշխարհը մոտիկից ճանաչելու, առաջին խնդիրները հաղթահարելու և տարեկիցների հետ լեզու գտնելու մասին։ Դպրոցական Մոնչոն լքում է իրեն փայփայող հայրական օջախը և հայտնվում նոր միջավայրում, որը պետք է հասկանա և ընդունի՝ ցանկալի է ավելի իմաստուն և փորձառու մեկի օգնությամբ։ Ուղեկցորդի դերում հանդես է գալիս իր խելամիտ ուսուցիչ Դոն Գրեգորիոն, որը գարնանային արթնացող բնության հետ միասին բացահայտում է տղայի համար նոր աշխարհը՝ փորձելով տալ աշակերտին ամենաազնիվ ու պրակտիկ պատասխանները, որոնք կօգնեն նրան ամբողջ կյանքի ընթացքում։ Ալեխանդրո Ամենաբարի երաժշտությունը և օպերատոր Խավիեր Սալմոնեսի վիզուալը հեշտությամբ փոխանցում են տրամադրությունն ու պարուրում տրամադրող իսպանական տեղայնքով։

F3B31C0A 1956 45B1 BB0A 1FBA2FCFB42B - Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Mar adentro” / «Ծովը ներսում», 2004

Ալեխանդրո Ամենաբարը ոչ միայն կոմպոզիտոր է, այլ նաև ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող և դերասան, որին հանդիսատեսը գիտի նաև անգլալեզու ֆիլմերով (“The Others”, “Ágora”)։ Իսկ այս ֆիլմի համար 2005-ին նա արժանացել է Օսկարի և Ոսկե գլոբուսի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգերում։

Իրական փաստերի հիման վրա ստեղծված դրաման պատմում է Ռամոն Սամպեդրոյի մասին (ֆիլմում՝ Խավիեր Բարդեմ), որը երիտասարդ տարիքում ափամերձ ժայռից ծովը ցատկելու հետևանքով ստացած վնասվածքի արդյունքում կաթվածահար է լինում և դեպքից հետո շուրջ 30 տարի պայքարում է էվթանազիայի իրավունքի համար։

Ամենաբարը պատկերում է ոչ միայն Ռամոնի մտքերը, հույզերը և խոհերը, այլ նաև տղամարդու հարազատների կարծիքներն ու վերաբերմունքը կյանքից ինքնակամ հեռանալու և մահվան դատապարտվելու մասին։

3109E29B BB3F 41C2 94AB A804ED6B5068 960x540 - Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

“Jamón Jamón” / «Խամոն խամոն», 1992

Ռեժիսոր Բիգաս Լունայի ֆիլմերը, ինչպես և որոշ չափով Ալմոդովարի վաղ շրջանի աշխատանքների զգալի մասը, իսպանական կենցաղի, կիրքի և կիտչի կվինտէսենցիան է՝ զավեշտալի դրվագներով և պարզ սյուժետային գծով։ Պատմությունը հին է աշխարհի պես. հարուստ ընտանիքի որդին սիրահարվել է աշխատավոր դասակարգի օրիորդի՝ Սիլվիային (Պենելոպե Քրուզ), և տղայի մայրը՝ Կոնչիտան դեմ է նման հարաբերություններին. բացի անապահով լինելուց Սիլվիան նաև տեղական ամենագրավիչ մարմնավաճառուհու աղջիկն է։ Կոնչիտան պատրաստ է վճարել Ռաուլին (Խավիեր Բարդեմ)՝ մաչո-խամոնավաճառին բավականաչափ գումար, որպեսզի վերջինս խոչընդոտի Սիլվիայի և իր որդու հարաբերությունները, սակայն ընթացքում ինքն է սիրահարվում երիտասարդ տղամարդուն։

Բիգաս Լունան այնքան ակտիվ և ախորժելի է համեմել սեփական արտադրության «խամոնը» տեղական համեմունքներով, որ շատերի համար այս ֆիլմը կարող է անմարսելի դառնալ՝ այդ աստիճան շատ են տեղական բարքերի ուռճացված և մաքսիմումի հասցված պատկերները։ Սակայն դրա հետ մեկտեղ, ֆիլմը հագեցած է այլբանություններով ու հղումներով, ընդհուպ մինչև Գոյայի կտավ։