Logo

Ամառային ընթերցանություն. ծրագիրն արդեն 5 տարեկան է

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 19.09.2018Գրադարան
.jpg - Ամառային ընթերցանություն. ծրագիրն արդեն 5 տարեկան է

Ընթերցանությունը երեխաների ու պատանիների շրջանում խրախուսող «Ամառային ընթերցանություն» ծրագիրն ամեն տարի՝ հունիսի 1–ից մինչև օգոստոսի 31–ը, առաջարկում է ընթերցել և փոխանակել շուրջ երեք տասնյակ գիրք, ինչպես նաև մասնակցել ամենատարբեր գրական միջոցառումների:

Ծրագիրը գործում է Հայաստանի խոշոր քաղաքներում՝ գրատների և գրավաճառների համագործակցությամբ: Այս տարիների ընթացքում «Ամառային ընթերցանությունն» ունեցել է ավելի քան 2000 մասնակից ընթերցող: Լավագույն ընթերցողների շնորհիվ գրատնակները հյուրընկալվել են ավելի քան 100 հանրակրթական դպրոցներում:

«Մենք ստեղծում ենք նոր միջավայր երեխաների համար, հնարավորություն տալիս ծանոթանալու տարեկից ընթերցողների հետ և ձևավորելու վերլուծական ու քննադատական մտածելակերպ: Ընթերցանությունը ստեղծում է հիմք՝ սեփական կարծիքն ավելի հիմնավոր ներկայացնելու համար, և մենք խրախուսում ենք ընթերցանությունը հենց դպրոցական տարիքից՝ ներկայացնելով այն որպես հանգստի միջոց և ժամանց»,— նշում է «Ամառային ընթերցանություն» ծրագրի գլխավոր համակարգող Մարիաննա Աճեմյանը:

Ի դեպ՝ այս տարի ծրագիրն ունի 26 լավագույն և 37 ակտիվ ընթերցող, որոնք առաձնացան իրենց ընթերցած գրքերի քանակով, առցանց և գրատնակի փոստարկղում թողած յուրօրինակ կարծիքներով, միջոցառումներին ցուցաբերած ակտիվությամբ:

Իսկ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 15.00 «Ամառային ընթերցանությունն» ու «Զանգակ» գրատունը հրավիրում են ամփոփիչ միջոցառման: Անպայման այցելեք և մասնակից դարձրեք ձեր երեխաների այդ տոնին: