Logo

Ամեն ինչ սկզբից. Կաննի կինոփառատոնի պատմությունը

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:11 / 17.05.2022Կինո
Կաննի կինոփառատոն

Ինչպես ստեղծվեց և զարգացավ կինոարտադրության գլխավոր իրադարձություններից մեկը

Սկզբում Կաննի կինոփառատոնը ստեղծվել է որպես Վենետիկի կինոփառատոնի այլընտրանք։ Նացիստական ​​իշխանությունների ազդեցության տակ ընկած Վենետիկի փառատոնի դեմ հիմնական բողոքը կողմնակալությունն էր. 1938-ին հաղթեցին Լենի Ռիֆենշտալի «Օլիմպիա» քարոզչական ֆիլմը և Մուսոլինիի որդու «Օդաչու Լուչիանո Սերա» ֆիլմը:

Առաջին կինոփառատոնը նախատեսված էր 1939 թվականին։ Սակայն հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Կաննում, պատերազմի ավարտից միայն մեկ տարի անց՝ 1946 թվականի սեպտեմբերի 20-ին։ Այդ ժամանակվանից ամենամյա կինոստուգատեսն անցկացվում էր սեպտեմբերին, իսկ 1952 թվականին այն պաշտոնապես տեղափոխվեց մայիս ամսին։

Կինոփառատոնի անցկացման վայրը սկզբնական շրջանում Կաննի խաղատունն էր, իսկ հետո` 1949 թվականին, միջոցառումը կայացավ հատուկ բացված Palais des Festivals-ում (Palace de la Croisette), որի շենքը հետագայում քանդվեց։ 1983 թվականին միջոցառման համար պալատ է կառուցվել Ժորժ Պոմպիդու հրապարակում, որտեղ էլ միջոցառումը տեղի է ունենում մինչ օրս։

Սկզբում ամեն ինչ այլ էր

Սկզբում փառատոնը մարդկանց նեղ շրջանակի իրադարձություն էր, և դրան մասնակցող գրեթե բոլոր ֆիլմերն արժանանում էին մրցանակների։ Այնուամենայնիվ, 1950-ականներին միջոցառումը միջազգային համբավ ձեռք բերեց աշխարհահռչակ աստղերի՝ Սոֆի Լորենի, Բրիջիթ Բարդոյի, Գրեյս Քելիի, Ալեն Դելոնի, Ռոնի Շնայդերի և այլոց կարմիր գորգին հայտնվելու շնորհիվ։

Cannes Film Festival

Փառատոնի հիմնադրման սկզբից ի վեր փոխվել են նաև մրցանակները. բացի Գրան պրիից, սահմանվել է մրցանակ տղամարդու և կնոջ լավագույն դերերի համար, մրցանակ լավագույն ռեժիսորի, լավագույն օպերատորի աշխատանքի և լավագույն սցենարի համար, ինչպես նաև ժյուրիի մրցանակ և «Ոսկե տեսախցիկ»: 1955 թվականից գլխավոր մրցանակը համարվում է «Ոսկե արմավենին», որը խորհրդանշում է Կաննը, որը կա նաև քաղաքի զինանշանի վրա։ Վերջին 18 տարիների ընթացքում «ոսկե գավաթի» արտադրությունը վստահվել է Ժնևի Chopard արհեստանոցին և արժե մոտ 20000 եվրո:

Իսկ հետո եկան 1960-70-ականները

Վաթսունականները նորամուծություններ մտցրին փառատոնի կառուցվածքում։ Միջոցառման շրջանակում սկսեցին տեղի ունենալ «Կինոքննադատների միջազգային շաբաթ», «Ռեժիսորական երկշաբաթ», «Սինեֆոնդացիա» (կարճ ֆիլմերի մրցույթ): Ինչպես նաև ժամանակի ընթացքում միջոցառման ծրագրում ներառվեցին նախագծեր և սեմինարներ, որոնք թույլ են տալիս կինոյի մասնագետներին փոխանակել գիտելիքներ և փորձ:

1972 թվականը նաև ուղենշային դարձավ Կաննի կինոփառատոնի համար. այդ պահին այն ձեռք բերեց անկախություն և իրավունք՝ ինքնուրույն որոշում կայացնելու մրցութային ծրագրի ձևավորման վերաբերյալ։ Մինչ այս, անվանակարգերի ընտրությունն իրականացնում էին արտադրող երկրները։

Իր գոյության 83 տարիների ընթացքում Կաննի կինոփառատոնը դարձել է տարվա ամենանշանակալի և հեղինակավոր կինոիրադարձություններից մեկը: Միջոցառման վայրը տարեկան ունենում է մոտ 35 000 հյուր և ավելի քան 4 000 լրագրող, որոնք լուսաբանում են միջոցառումը։

Հիշեցնենք, որ Կաննի 75-րդ կինոփառատոնի բացումը կլինի այսօր` մայիսի 17-ին, և կշարունակվի մինչև մայիսի 28-ը։