Logo

Անցյալի ուրվականները. երրորդ «Քրիդը»՝ առանց Ռոքիի, բայց անիմեատիպ մենամարտերով

Հեղինակ
Արման Գասպարյան
17:06 / 10.04.2023Վերլուծություն
Բացառիկ
null

Ապոլլո Քրիդի որդու՝ Ադոնիս Քրիդի մասին երրորդ ֆիլմը դիտելուց առաջ հրաշալի որոշում կլինի թարմացնել հիշողությունն ու վերանայել Ռոքի Բալբոայի մասին վեց, ապա՝ Ադոնիսի մասին առաջին երկու ֆիլմերը: Որովհետև, միայն այդպես է հնարավոր ամբողջությամբ հավաքել լեգենդար կինո-բռնցքամարտիկների մասին երկարատև, ոչ հարթ, բայց ծայրահեղ հարուստ պատմության էմոցիոնալ բեռն ու միայն այդ բեռի տակից վեր հանել Քրիդի մասին եռագրության եզրափակիչ մասի ամբողջ ներուժը: Հակառակ դեպքում, անգամ առաջին երկու Քրիդերը դիտած լինելու պարագայում, անհնար կլինի զգալ այս գերզգայուն, բայց էպիկական սպորտային Սագայի հարվածի հզորությունը:

Մենք դիտել ենք Մայքլ Բ. Ջորդանի «Քրիդ 3» (Creed III) սպորտային դրաման ու ներկայացնում ենք տպավորությունները․

Բռնցքամարտիկ Ռոքի Բալբոայի մասին 1976թ-ին մեկնարկած սպորտային պատումը գեղեցիկ ու բարեհաջող ձևով ավարտվեց 30 տարի անց՝ 2006թ-ին, երբ ծերացած Բալբոան ձեռնոց նետեց աշխարհի չեմպիոնին ու կարողացավ դիմանալ բոլոր ռաունդների ընթացքում՝ Սիլվեստր Ստալոնեի «Ռոքի Բալբոա» (Rocky Balboa) ֆիլմում: Բայց ստուդիան չէր պատրաստվում հրաժարվել եկամտաբեր ֆրանշիզից, ու 9 տարի անց էկրան բարձրացավ Ռայան Քուգլերի «Քրիդը» (Creed): Այս անգամ պատմությունը կենտրոնացած էր Ռոքիի մոտ ընկերոջ` Ապոլլո Քրիդի որդու սպորտային հաջողությունների շուրջ, իսկ Բալբոան ֆոնին հանդես էր գալիս որպես իմաստնություն կուտակած ծեր բռնցքամարտիկ ու երիտասարդ Ադոնիսի մարզիչ։

«Ռոքիի» սփին-օֆֆը մեծ հաջողություն ունեցավ, իսկ նոստալգիկ սիքվելը շարունակեց այդ հաջողությունը։ Բայց պետք է հասկանալ, որ Բալբոայի մասին ֆրանշիզը սկսեց տանուլ տալ հենց հիշողության ու նոստալգիայի, անցյալի վրա կենտրոնանալու պատճառով։ Հավանաբար, դա էր պատճառը, որ երրորդ ֆիլմում հեղինակները որոշեցին ընդհանրապես հրաժարվել Բալբոայից (ընդամենը` երկու հիշատակում) ու պատմել Ադոնիսի պատմությունը։ Սիլվեստր Ստալոնեի փոխարեն ընտրվեց ծագող աստղ Ջոնաթան Մեյջորսը, միաժամանակ` ֆիլմում սկսվեցին ակնհայտ ակնարկներ Քրիդերի դինաստիայի մասին հերթական սփին-օֆֆի (կամ էլ նոր եռագրության) հնարավորության մասին։

Երրորդ ֆիլմի սյուժեն շատ պարզ է. բռնցքամարտից հեռացած Ադոնիսի կյանքում անսպասելի հայտնվում է իր մռայլ մանկության ամենամոտ ընկերն ու արդարություն, նաև` չեմպիոնի գոտի պահանջում։ Ոչինչ չի՞ հիշեցնում։ Կինոքննադատների կողմից ծայրահեղ քննադատության արժանացած հինգերորդ «Ռոքին» կրկնում էր գրեթե նույն պատմությունը, բայց այս անգամ ռիսկային նախագծի ղեկին կանգնած Մայքլ Բ. Ջորդանը կարողացավ պատվով դուրս գալ կեսդարյա ֆրանշիզի բեռի տակից։

Կատակ բան չէ. Ռոքիի աշխարհում ֆիլմ առանց Ռոքիի` նոնսենս է։ Ջորդանը փոխում է ակցենտներն ու վերջապես նոր, թարմ օդ շնչում։ Իր լեգենդար հոր, իր կրկնակի լեգենդար մարզչի ստվերի տակից դուրս եկած Ադոնիսը նոստալգիայի նվազագույն աջակցությամբ (Իվան Դրագոյի որդին մարզվում է Ադոնիսի հետ նույն կերպ, ինչպես Ապոլլոն էր մարզվում Ռոքիի հետ․ նախկին մրցակիցները դառնում են բարեկամներ) կարողանում է պատմել իր սեփական պատմությունը, առանց Բալբոայի մարզչական խորհուրդների, առանց սցենարային նոկաուտների ու առանց անցյալն աղբարկղը նետելու։

Այո, սա կրկին պատմություն է անցյալի մասին։ Սակայն երրորդ «Քրիդը» պատմություն է նաև ներման ու ընկերության մասին։ Նախկինում ֆրանշիզի հերոսները պարբերաբար միմյանց ներում էին, սակայն այստեղի ներմանն անհրաժեշտ կլինի արժանանալ ռինգում` սեփական արյան ու կոտրված ոսկորների գնով։ Հիանալի բեմադրված մենամարտերը (տեսախցիկը երբեմն անիմեի ոճի է նկարում) ու, ընդհանրապես, անիմեատիպ պատումը (Ջորդանն անիմեի մեծ սիրահար է) առանձնացնում են այս ֆիլմը նախորդներից լավագույն իմաստով։

Այո, այստեղ չկա այն տառապանքն ու հարդքորը, որ կար հին ֆիլմերում։ Այստեղ 15 արյունալի ռաունդի փոխարեն 12 թեթև ռաունդ է, որովհետև ժամանակներն են փոխվել։ Բայց երրորդ «Քրիդը» միաժամանակ թե՛ հավատարիմ է իր մեծ նախնիներին, թե՛ կարողանում է լրիվ նոր խոսք ասել։ Միայն այդ համարձակության համար արդեն արժե հարգել հեղինակներին։