Logo

Արցախյան գորգագործությունը և գորգերի տիպերը

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 03.11.2020ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - Արցախյան գորգագործությունը և գորգերի տիպերը
Պատմական Հայաստանի գորգագործական կենտրոնների թվում իր առանձնահատկություններով, տիպերի բազմազանությամբ մեծ կարևորություն ունի արցախյան գորգագործական մշակույթը: Պատահական չէ, որ ուսումնասիրողները հայկական գորգերի շարքում առաջին հերթին հիշատակում են արցախյան գորգերը։
Արցախյան գորգագործական մշակույթի ավանդույթների ուսումնասիրման համար գոյություն ունեն գրավոր ու նյութական բավականաչափ սկզբնաղբյուրներ։
Գորգագործական մշակույթը, ինչպես որ վկայում են սկզբնաղբյուրները, տարածաշրջանում, և ընդհանրապես Առաջավոր Ասիայում, բուռն զարգացում էր սկսում ապրել վաղ միջնադարից։
Իսլամի ծավալմանը զուգընթաց, նկատելիորեն ընդլայնվեց գորգի գործածման շրջանակն ու արտադրության ծավալները։  Վաղ ու զարգացած միջնադարում, հատկապես արաբական խալիֆայության դարաշրջանում հայկական գորգը վերնախավի համար պահանջարկ վայելող առևտրի առարկա էր, իսկ գորգագործությունն էլ մնում էր որպես կարևոր զբաղմունք։
Այս տեսակետից բնորոշ օրինակ է Հայոց Արևելից կողմի թագավոր Վաչագանի և գորգագործուհի Անահիտի հետ կապված ավանդությունը, որում հենց շեշտված է այդ զբաղմունքի ունեցած մեծ հեղինակությունն ու դրա հանդեպ եղած հարգանքը։
Հայոց Արևելից կողմի, այդ թվում արցախյան գորգագործական մշակույթի ավանդույթների մասին մեզ հայտնի վաղագույն տեղեկությունը վերաբերում է 7-րդ դ. վերջերին։
680 թվականին դավադրաբար սպանված Աղվանից Ջեվանշիր իշխանին հետապնդողները հասնում են Արցախ գավառում գտնվող ոճրագործի հոր գյուղը, քանդում և ավերում են նրա տունը և ի թիվս այլ հարստությունների, վերցնում են նաեւ «մետաքսահյուս ու կերպաս դիպակներ, գունագեղ կարպետներ»։ Այս դեպքում բավականին որոշակի հիշատակվում է գործվածքի օգտագործման վայրն ու գործվածքի տեսակը և բացահայտված է նաև կոնկրետ ժամանակը: Հատկանշական ենք համարում այն հանգամանքը, որ այդտեղ խոսքը գնում է ոչ թե առևտրական ուղիներին մոտ գտնվող քաղաքի կամ որևէ այլ խոշոր բնակավայրի, այլ այդ ամենից կտրված ինչ որ մի գյուղի մեծատոհմիկի բնակարանի կահավորանքի մասին է: Սա մատնանշում է այդտեղ գոյություն ունեցած գործատան կամ
մեծատոհմիկի կարիքների բավարարման համար աշխատած տնայնագործ գորգագործների առկայության փաստը:
Սրանք կարևոր նկատառումներ են և հստակորեն ցույց են տալիս, որ Հայաստանում, մասնավորապես Արցախում գորգագործական մշակույթը գոյություն է ունեցել դեռևս արաբական ու սելջուկյան ներթափանցումներին նախորդած ժամանակաշրջանում և հիմք չկա այն կապել արևելյան որևէ ներթափանցման հետ:
Հայատառ արձանագրությամբ առայժմ ամենահին`1202 թվականին գործված գորգը պահվում էր Վիեննայի արդյունաբերության պատմության թանգարանում և, որպես հայոց գորգարվեստի մի ուշագրավ նմուշ, դեռևս 1895 թ. հրատարակել էր արևելագետ Ալոիզ Ռիգլը: «Եռախորան»-ի կարևորությունը կայանում է նրանում, որ այն հնագույն թվագրված ու հիշատակարան ունեցող գորգն է: «Եռախորանի» Արցախում ստեղծված լինելը  բացատրելի է նրա գեղազարդման մանրամասերի հանգամանքով, որոշ ուսումնասիրողներ էլ, որպես դրա հիմնավորում ընդունում են հիշատակարանում եղած, բայց ուսումնասիրողների կողմից տարբեր կերպ ընթերցվող «Բանանց» բառը, որը Գարդմանի նշանավոր բնակավայրերից մեկի անունն է:
Արցախի գորգագործական կենտրոնների հետ անմիջական առնչություն ունի վիշապագորգերի խմբին դասվող, 1680 թվականին գործված հանրահայտ «Գուհար» գորգը , որը նույնպես ունի հայատառ, թվակիր ընդարձակ մակագրություն․
«Ես Գուհարս մեղօք լի հոգովս տկար ես նօրհաս ձեռոք իմով գործեցի, ով կարդայ մեկ բերան օղօրմի ասի թվին ՌՃԻԹ»:

et5 - Արցախյան գորգագործությունը և գորգերի տիպերը

Այն 1880-ական թթ. ձեռք էր բերել Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանը: Հետագայում` 1970-ական թթ. այն հայտնվել է տեխասյան մի մասնավոր հավաքածուի կազմում: Դրա գեղազարդման համակարգում վիշապի ոճավորումները պատկերված են զույգերով` ուղղաձիգ, ստորին մասում միմյանց կցված, իսկ վերին մասերը իրարից հեռացած: Դա մի բարդ հորինվածք է, ընդհանուր առմամբ ունի քնարաձև տեսք, որին մենք անվանակոչում ենք «Գուհարյան հորինվածք»  անվանումով:

 

Այս շարքում հաջորդ կարևոր գորգը Աղվանից Ներսես կաթողիկոսին վերագրվող 1731 թ. գործված գորգն է, որն ըստ Հարություն Քուրտյանի, պահվում է Երուսաղեմի սուրբ Հակոբ եկեղեցու թանգարանում: Այն նույնպես ունի հայատառ թվակիր գրություն, որի մի հատվածը խոշոր պատռվածքի պատճառով բացակայում է: Արձանագրությունում ասված է`
«Յիշեցեք մաքրափայլ յաղոթս ձեր Ներսէս մեղապարտ կաթողիկոս Աղուանից է պատճառ սմին … լոյս ընկալ Չարեքու սբ անապատին ՌՃԶ թվի»

Արցախյան գորգերի տիպերը:

Արցախի գորգագործական մշակույթիՀայ ավանդույթներն ինքնին հիմք են հանդիսացել գորգերի մի քանի տասնյակ տիպերի ու դրանց հարյուրավոր տարբերակների ձևավորման համար: Շուշիի առումով հարկ ենք համարում առանձնացնել նաև ուսումնասիրողների շրջանում լայն ճանաչում ստացած «Մինա խանում» բուսածաղկային
հորինվածքով բնորոշվող գորգերի տիպը: Մինա խանումը Խաչենի Հասան Ջալալ իշխանի դուստրն էր, որն ամուսնացած էր Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի հետ:  Մինա խանումի մասին հայտնի է, որ նա բարեգործ էր, կատարել էր բազմաթիվ նվիրատվություններ ու իր ծախսով կառուցել շենքեր: Ըստ էության, Մինա խանումը գործել էր իր իսկ մտահղացումներով ստեղծված գորգեր, որոնց գեղազարդման հիմնական տարրերից մեկն էլ հանդիսացել էր բազմաթերթ վարդակն ու որն էլ հետագայում ստացել է «Մինա խանում» անունը: Այդ հորինվածքով բնորոշվող գորգերը ի թիվս այլ գորգագործական կենտրոնների, լայն տարածում ուներ Արցախում և Սյունիքում:
Հայաստանի ազգագրության պետական թանգարանում պահվող հավաքածուի կազմում կան Շուշիի գորգագործներին վերաբերող այդ տիպի գորգերի հայատառ գրություններով նմուշներ,  որոնց հորինվածքը «Աղբակ» տիպի գորգերին բնորոշ վարդակի տարբերակներից է:
ertr - Արցախյան գորգագործությունը և գորգերի տիպերը
Արցախում գործված XIX–XX դդ. գորգերի նմուշների գեղազարդման համակարգերի ու դրանց վերաբերող մեր հավաքած դաշտային ազգագրական
նյութերի պատմահամեմատական ուսումնասիրումից հստակորեն նկատվում է, որ դրանք կրում են XIII–XVIII դդ. գորգերի տեխնիկատեխնոլոգիական ու գեղազարդման ավանդույթները և դա վերաբերում է թելի որակին ու ոլորքին, խավի բարձրությանն ու հանգույցի ձևին, գունային երանգներին ու ներկանյութերին, հորինվածքներին ու դրանց մատուցման սկզբունքներին: Ընդ որում, տեղական բուրդը համարվել է գորգագործության համար լավագույն հումք, իսկ տարածաշրջանի խոտաբույսերի թվումն էլ եղել են բազմաթիվ ներկատու բույսեր, այդ թվում նաև այնպիսիք, որոնք ցանվել ու մշակվել են այս ոլորտի կարիքները հոգալու համար: Ջրաբերդ գավառում եղած տորոնի բնական ցանքատարածքների մասին օրինակ, նշել է Մակար եպիսկոպոսը:
XIX–XX դդ. Արցախում գորգն օժիտի պարտադիր մաս էր, և ոչ միայն գորգը, այդպիսինն էր նաև կարպետը, անկողնապարկը, խուրջինը, աղի տոպրակը: Եվ այս պարագան ինքնին մատնաշում է Արցախում գորգագործական մշակույթի համատարած լինելու փաստը:
reter - Արցախյան գորգագործությունը և գորգերի տիպերը
ԱՇԽՈՒՆՋ ՊՈՂՈՍՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու
ՀՀ Մշակույթի նախարարության Մշակութային արժեքների
փորձագիտական կենտրոն