Logo

Երևան-Սևան ճանապարհի «զարդը»․ ««Արձագանքը»՝ լսելի» և արդեն տեսանելի

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:02 / 09.03.2022Արվեստանոց
Արձագանք արձան

Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում կարելի է հանդիպել տարատեսակ արձաններ, հուշարձաններ, քանդակներ, որոնք այս կամ այն կերպ պատմում են մեր երկրի մշակույթի, արվեստի, պատմական ժառանգության և նշանակալի իրադարձությունների մասին: Դրանցից որոշները լավագույնս պահպանվում են նույնիսկ  դարեր շարունակ, որոշներն էլ, չգիտես ինչու, վանդալիզմի են ենթարկվում, արժանանում անուշադրության, տեսքի խեղաթյուրման, ինչպես նաև թալանի:

ՀՀ-ում ոչ բոլոր արձաններն են պետական պահպանման և վերահսկողության ներքո, ուստի դրանք հասանելի են շատերին և հեշտությամբ կարող են թալանի ու կողոպուտի ենթարկվել: 

Երևան-Սևան միջպետական ճանապարհով երթևեկողներն իրենց մեքենայի ընթացքը դանդաղեցնելու առիթ ունեն ոչ միայն ճանապարհի ոլորանները հաղթահարելու, այլև մայրուղու մի քանի գեղեցիկ արձաններով հիանալու համար: Դրանցից մեկն էլ քանդակագործ Խաչատուր Հակոբյանի հեղինակած «Արձագանք» արձանն է: Այն հիմնադրվել է 1980 թվականին, գտնվելու հստակ հասցեն է՝ Կոտայքի մարզ, Բյուրեղավան համայնք:

Արձագանք արձան 1

Հուշարձանը բոլորաքանդակ է ուղղանկյուն երկաստիճան պատվանդանի վրա: Արձանը թիկնած աղջկա կերպար է՝ դեպի վեր ուղղված իրանով: Մեկ ձեռքով աղջիկը հենված է, մյուսը պահած է ականջի մոտ՝ ի նշան ձայն լսելու շարժման: Եթե կատարենք արձանի տեսքի գեղարվեստական վերլուծություն, ապա կարող ենք ենթադրել, որ աղջիկը լսում է իրեն հարակից խրոխտ լեռների արձագանքը խորը ձորի և քամիների միջով: Իսկ թե լեռները պարզապես ասում, պատմում, խոսում, մռնչում, բարկանում, թե հառաչում են, մնում է արձանն ուսումնասիրողի կամ դիտողի երևակայությանն ու դատողությանը:

«Արձագանք» արձանը բազմիցս վերանորոգելու և մշակելու առիթներ են եղել, քանզի այն մշտական վանդալիզմի էպիկենտրոն է հանդիսացել:

Արձագանք արձան 2

Տարբեր ժամանակներում անընդհատ վերանորոգումների ենթարկվելով՝ արձանը փոփոխության է ենթարկվել: Ըստ նախնական տեսքի՝ աղջիկը պատվանդանին հենված է եղել ամբողջ նախաբազկով, մինչդեռ 2000-ականների  վերականգնումներից հետո հենման կետը ձեռնաթաթն է միայն:

Արձագանք արձան 3

2020 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթության ոլորտի բյուջետային ծախսերում կրկին վերականգնման միջոցներ են տրամադրվել այս արձանի համար: 2021 թվականի հունիս ամսից սկսվել են քանդակի վերականգնման աշխատանքները, որի էսքիզային նախագիծը ներկայացրել է քանդակագործ, պրոֆեսոր Գագիկ Ղազարյանը: Վերականգնման ընթացքում պահպանվել է հենման ձեռնաթաթի տարբերակը, քանի որ այն ավելի է համապատասխանում անատոմիական կառուցվածքին:

Արձանի վերականգնողական աշխատանքներն իրականացրած ընկերության գլխավոր ճարտարագետ Գևորգ Մկրտչյանի խոսքով՝ արձանն անցել է վերականգնման և վերամշակման հինգ փուլ՝
1.    Գիպսե մանրակերտի իրականացում
2.    Օրիգինալ չափերով գիպսե մանրակերտի իրականացում
3.    Բետոնե կաղապարների դրվագում
4.    Պղնձե կոփածոյի պատրաստում
5.    Պղնձե արձանի տեղադրում։

Արձանի հարակից տարածքը ևս բարեկարգվել է․ տեղադրվել են նստարաններ, իրականացվել է կանաչատում: Այժմ արձանը գտնվում է բարեկարգ վիճակում, զբոսաշրջիկների համար գրավիչ և հաճելի մթնոլորտ է ստեղծված ոչ միայն այն տեսնելու և հիանալու համար, այլև նրա իսկ շուրջ հարմարավետ քննարկումներ իրականացնելու: