Logo

Արժի վճարե՞լ, թե՞ արժե վճարել․ ճիշտ հայերեն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:37 / 31.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Արժի վճարե՞լ, թե՞ արժե վճարել

Արժե՞, թե՞ արժի․ vnews-ն այս անգամ ներկայացնում է, թե որ ձևն է ճիշտ գործածել, և ինչ է նշանակում այս բառը որպես բայ և գոյական։

Մասնագետները հորդորում են գործածել արժե․ դա՛ է գրական տարբերակը։

Արժել- չեզոք բայ․ արժեք ունենալ, գնահատվել

Ունի միայն սահմանական ներկա՝ արժեմ, արժես, արժե ․․․

Անցյալ կատարյալը՝ արժեի, արժեիր․․․ Մյուս ձևերը լրացվում են արժենալ բայով (արժեց, կարժի, և այլ ձևերն արդի գրական հայերենին խորթ են)։

  • Խոսելուց առաջ արժե մտածել։
  • Փոքրիկ թյուրիմացության պատճառով չարժե փչացնել տարիների ընկերական հարաբերությունները։
  • Արդյոք արժե՞ այդքան թանկ վճարել տվյալ ապրանքի համար։


Արժեք- գոյական․ գին, գնահատանք, արժողություն, հարգ

Բառի արմատն արժ-ն է՝ արժույթ, արժանի, արժան...

1. Ինչ որ մի բան կամ մեկն արժե. արժողություն, արժանք։

  • Տունը դեռ չշինած, պետք է նախ արժեքը որոշել։
  • Գրվածքի արժեքը որոշվում է այն ընդունելությամբ, որը նա գտնում է հասարակությունում։

2. Հարգ, օգտակար կամ ընտիր հատկություն, արժանիք։

  •  Դուք այն մարդու արժեքը չեք ճանաչում, չեք գնահատում։
  • Գինին երբ թթվում է՝ արժեքը կորցնում է։

3. Այն հատկությունը, որ ստանում է առարկան՝ նկատի առնելով նրա հասարակական օգտակարությունը և աշխատանքը, որ գործ է դրվում նրան ձեռք բերելու կամ արտադրելու համար։

  • Արժեքը կազմում է գնի հիմքը։
  • Արժեքների ծագումն ու հատկություններն ուսումնասիրել են նշանավոր տնտեսագետներ։

4. Իր, որ հասարակական օգտակարություն ունի և ձեռք է բերված աշխատանքով։

  • Որքա՜ն արժեքներ ոչնչացան պատերազմի ընթացքում։

5. Նշանակություն, ուշադրության արժանի հատկություն։

  • Ձեր խոսքերը ոչ մի արժեք չունեն ինձ համար։
  • Արժեք մի՛ տվեք նրա բարբաջանքներին։