Logo

Արշակ և Շապուհ [հայրենի հողի ուժը]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 06.10.2020ՄՇԱԿՈՒՅԹ
արշակ շապուհ - Արշակ և Շապուհ [հայրենի հողի ուժը]

Ապա Շապուհ թագավորը հրաման է տալիս իր սենյակի հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստանից բերած հողը և վրան ջուր ցանել, իսկ մյուս կեսը թողնել բնիկ երկրի նույն հողը։ Եվ Հայոց Արշակ թագավորին բերել տվեց իր առաջ ու հրամայեց մյուս մարդկանց հեռացնել և նրա ձեռքից բռնած ճեմելով շրջում էր։ Սենյակում երթևեկելիս, երբ ճեմում էին պարսկական հողի վրա, ասաց նրան. «Արշակ թագավոր Հայոց, դու ինլո՞ւ ինձ թշնամի եղար. ես քեզ որդու նման սիրեցի, կամեցա աղջիկս քեզ կնության տալ, և քեզ ինձ որդի դարձնել, իսկ դու իմ դեմ խստացար, ինքնակամ, հակառակ իմ կամքի, ինձ թշնամի դարձար, և ահա ամբողջ երեսուն տարի է ինձ հետ պատերազմեցիր»։

Արշակ թագավորը ասում է. «Մեղանչեցի և հանցավոր եմ քո առաջ, որովհետև ես եկա, քո թշնամիներին հաղթեցի ու կոտորեցի և հույս ունեի քեզանից կյանքի պարգև ստանալու. բայց իմ թշնամիներն ինձ մոլորեցրին, քեզանից վախեցրին և փախչել տվին։ Եվ երդումս, որով քեզ երդվեցի, ինձ քո առաջը բերեց, ու ահա եկա քո առաջ, և ահա ես՝ քո ծառան, քո ձեռքում եմ. ինչպես ուզում ես վարվիր ինձ հետ, եթե կամենում ես, սպանիր, որովհետև ես՝ քո ծառան, շատ հանցավոր եմ քո առաք, մահապարտ եմ»։

Շապուհ թագավորը նրա ձեռքից բռնած շրջում էր ճեմելով. անմեղ ձևանալով նրան բերում էր հայկական հող շաղ տված հատակի վրա։ Իսկ երբ (Արշակը) այն տեղն էր հասնում, հայկական հողի վրա ոտք էր դնում, սաստիկ ըմբոստանալով, հպարտանալով խոսքը փոխում էր, սկսում էր խոսել և ասել, «Հեռո՛ւ ինձանից, չարագործ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել, և ես չեմ ների քեզ ու քո որդիներին իմ նախնիների վրեժը և Արտավան թագավորի մահը: Որովհետև այժմ դուք՝ ծառաներդ, մեր՝ ձեր տերերի, բարձն եք հափշտակել, բայց ես չեմ թույլ տա այդ, մինչև դարձյալ մենք մեր տեղը չգրավենք»։

(Շապուհը) դարձյալ նրա ձեռքից բռնած տանում էր պարսկական հողի վրա. այն ժամանակ (Արշակը) զղջում էր ասածների համար, խոնարհվում էր, նրա ոտքերն էր ըննում. սաստիկ ափսոսում, զղջում էր ասած խոսքերի համար։ Իսկ երբ ձեռքից բռնած տանում էր հայկական հողի վրա, առաջվանից ավելի խիստ էր խոսում։ Նորից հեռացնում էր այդ հողի վրայից, սկսում էր խոսքերով ապաշխարել։ Առավոտից մինչև երեկո շատ անգամ փորձեց նրան, որ երբ հայկական հող շաղ տված հատակի վրա էր տանում, խստանում, ամբարտավանանում էր, իսկ հենց որ կանգնում էր հատակի բուն գետնի վրա, զղջում էր:

Երբ եղավ երեկո՝ Պարսից թագավորի ընթրիքի ժամը, սովորությունն այնպես էր, որ Հայոց թագավորի համար բազմելու տեղ էին պատրաստում այնտեղ՝ նրա հետ, նրա մոտ, նրա տախտի վրա. օրենք էր, որ Պարսից թագավորն ու Հայոց թագավորը մի տախտի վրա էին բազմում, մի գահի վրա, իսկ այն օրը նախ պատրաստեցին բոլոր այնտեղ գտնված թագավորների բազմոցների շարքը, և ամենից վերջը, բոլորից ներքև, Արշակի բազմելու տեղը պատրաստեցին, որի հատակում հայկական հող էին շաղ տվել։ Նախ երբ բոլորը բազմեցին ըոտ իրենց աստիճանների, հետո բերին բազմեցրին Արշակ արքային, նա մի պահ այդ պեա մնաց նստած ուռած-փքված, հետո ոտքի կանգնեց ու ասաց Շապուհ թագավորին. «Իմն է այդ տեղը, որտեղ դու բազմել ես, վե՛ր կաց այդ տեղից, որ ես այդտեղ բազմեմ, որովհետև մեր տոհմի տեղն է եղել այդ, իսկ եթե իմ երկիրը հասնեմ, քեզանից խիստ վրեժխնդիր կլինեմ»։

Այն ժամանակ Պարսից Շապուհ թագավորը հրաման է տալիս բերել շղթաներ և գցել Արշակի պարանոցը, իսկ ոտքերին ու ձեռքերին դնել կապանքներ և տանել նրան Անդմըշն բերդը, որին ասում են Անհուշ բերդ, և կապած պահել այնտեղ մինչև մեռնի։

Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջը բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար—սպարապետին։ Սկսեց նրան անարգել. որովհետև Վասակը փոքր էր մարմնով, Պարսից Շապուհ թագավորը ասաց նրան. «Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»։ Վասակը պատասխան տալով ասաց. «Այժմ դու ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս։ Բայց մինչ ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս՝ մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»։ Շապուհ թագավորը հարցրեց և ասաց. «Դե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետին էիր տանում»։ Վասակն ասաց. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ Հունաց թագավորը, քանի որ աստված հաշտ էր մեզ հետ, քեզ էլ էի գետին տանում, Հունաց թագավորին էլ, քանի որ մեր հոր՝ Ներսեսի օրհնությունը մեզ վրա էր, և աստված մեզ ձեռքից չէր թողել։ Քանի որ մենք նրա խոսքը լսում էինք և նրա խրատով էինք շարժվում, կարողացանք քեզ խրատ տալ, մինչև որ մենք ինքներս բաց աչքերով խորխորատի մեջ ընկանք։ Հիմա ինչ ուզում ես արա»։ Ապա Պարսից թագավորը հրամայեց՝ Հայոց Վասակ զորավարի մորթը հանել, խոտով լցնել և տանել նույն Անդմըշն բերդը, որ Անհուշ է կոչվում, որտեղ բանտարկեցին և Արշակ թագավորին։