Logo

Արշիլ Գորկու նամակը քրոջը՝ Վարդուշին

Հեղինակ
naira-art
00:00 / 18.02.2020Արվեստանոց
2222 10 - Արշիլ Գորկու նամակը քրոջը՝ Վարդուշին

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին իր կյանքի որոշակի հատվածում նամակներ է գրել քրոջը՝ Վարդուշին և քրոջորդուն՝ Կառլենին: Դրանցից յուրաքանչյուրը գրական մի ստեղծագործություն է, արվեստաբանական լուրջ վերլուծություն, սիրո արտահայտում, հոգու մերկացում: Ձեզ ենք ներկայացնում այդ նամակներից մեկը, որ Գորկին գրել է քրոջը՝ 1943 թվականի հուլիսին, Վիրջինիա նահանգից:

«Իմ շատ սիրելիներ,

Վարդու՛շ, թանկագինս, նկարների այն շարքը, որի մասին խոսում էի, պատկերում է Հայաստանում Խորգոմի մեր պարտեզները: Ես դրանք անվանել եմ «Պարտեզ Սոչիում», թեպետ իրականում պետք է անվանեի «Պարտեզ Խորգոմում» և կարծում եմ, որ այդպես էլ կանեմ: Որովհետև դա այդպես էլ կա: Ավա՜ղ, ամերիկացիները ոչինչ չգիտեն Հայաստանի մասին և ինձ ասել են, որ նրանք գերադասում են  առավել «հայտնի» վայրերի անունները: Կարծում եմ, որ դա սխալ է և դեռ կանդրադառնամ դրան: Սակայն վերնագրերն այնքան էլ կարևոր չեն: Կարևորը Հայաստանի ոգեշնչումն է, որն առաջնորդում է իմ նկարչությունը, ինչը, սակայն, ամերիկացիները դժվարությամբ են հասկանում:

Մի՞թե ես պարզամիտների համար եմ նկարում: Երբե՛ք… հուսով եմ, սա պատասխանում է քո հարցերին:

sochi 1941 960x755 - Արշիլ Գորկու նամակը քրոջը՝ Վարդուշին
Արշիլ Գորկի «Պարտեզ Սոչիում», 1943

…Վարդուշ, թանկագինս, արդյո՞ք պատկերացնու՞մ ես, թե ինչպես են քննադատները շաղակրատում. դիմակ, որը թաքցնում է նրանց դատարկությունը: Օրինակ, նկարների այդ շարքում ամենավառ ձևով պատկերել եմ հայկական այն գեղեցիկ հողաթափերը, որ ես ու հայրիկն էինք հագնում, այն հողաթափերը, որ գնել էինք Վանում հայ նկարիչներից, երբ ես ու հորեղբայր Գրիգորը ձիով այնտեղ էինք գնացել: Հիշու՞մ ես: Նրանք համառորեն դրանք անվանում են թուրքական կամ պարսկական հողաթափեր: Ճիշտ այնպես, ինչպես, որ արաբական սուրճը կոչում են թուրքական: Սիրելի քու՛յր, շատ կուրախանաս, երբ իմանաս, որ նկարների այդ շարքի մեջ է մտնում նաև մայրիկի հայկական խնոցին՝ մեր աշխատասեր գեղջուկ կանանց թագի գոհարը: Ինպես են այդ օրերը վառ կերպով դրոշմվել հոգուս մեջ:

c7d65406433a96cc41d0fcc594a390a3 - Արշիլ Գորկու նամակը քրոջը՝ Վարդուշին
Արշիլ Գորկի «Նկարիչն ու իր մայրը»

Մայրիկի հայկական աչքերը նրանք անվանում են պիկասոյական, հայկական տխրությունը՝ բյուզանդական ու ռուսական: Եվ եթե ես ուղղում եմ նրանց ու ասում. «Ոչ, սիրելի պարոններ, դուք սխալվում եք, դրանք հայկական աչքեր են», ապա տարօրինակ ձևով վրաս են նայում ու ասում, որ դա պարզապես «փոքր ազգի շովինիզմի» չափազանցություն է: Պատկերացնու՞մ ես, եթե ուղղես նրանց, ապա դատապարտվում ես նրանց կողմից:

Մեր աչքերը: Մեր հայկական աչքերը ավելի շուտ են խոսում, քան շուրթերը կշարժվեն և դեռ շարունակում են խոսել, երբ շուրթերն արդեն դադարել են խոսել:

Arshile Gorky 702x336 1 - Արշիլ Գորկու նամակը քրոջը՝ Վարդուշին

Աշխարհի առաջին քրիստոնեական երկրի զավակին նրանք մահմեդական են կարծում: Նրանք անընդհատ փորձում են ինձ ուսումնասիրել, բայց ոչ թե ինձ, այլ նրանց պետք է զննել ու ստուգել, պարզելու, թե ինչն է նրանց հասցրել տգիտության աստիճանին: Միշտ էլ եղել են անկեղծության սահմանները թափանցող շառլատաններ, նորույթի ալքիմիկոսներ, որոնք միամիտ մարդկանցից ավելի խելոք լինելով, խաբում են նրանց փարիսեցի քննադատների հետ միասին: Բայց կապարը չի կարող ոսկի լինել: Կարելի է կարծել, թե Հայաստանը երբեք գոյություն չի ունեցել, մեր հին նախնիներին, որոնք այնքան բան են արել քաղաքակրթության ու արվեստի ստեղծման համար, այստեղ փաստորեն չեն ճանչում: Ինձ վրդովեցնում են շովինիզմի նրանց մեղադրանքները, երբ ես փորձում եմ բացատրել իմ մտքերը:

gognov - Արշիլ Գորկու նամակը քրոջը՝ Վարդուշին
Արշիլ Գորկի «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում», 1944

Վարդու՛շ, սիրելիս, իմ գործերում ես շատ կողմերով նման եմ մեր հին գրողներին, քանզի մտովի մշտապես վերարտադրում եմ դարավոր Հայայստանի նուրբ  գեղեցկությունները, քանի որ մեր հայաստանյան երիտասարդական տարիները մերսում են միտքս և այրում ինձ մեզ  համար թանկ զգացողությունները պատկերելու ցանկությամբ: Իրենց տգիտությամբ նրանք դա սահմանափակություն են անվանում, չգիտակցելով, որ իրականում դա միանգամայն համապարփակ մի բան է, և որ բազմաթիվ ժողովուրդներ շատ կշահեին, եթե  հնարավորություն ունենային ծանոթանալու դրանց հետ: Արվեստը վեր է ազգայնականությունից և կոչված է ունիվերսալ մարդու հայացքով տեսնելու նուրբ գեղեցկությունը, իրեն ու իր շրջապատը, և ամեն բան գերազանցող սահմանափակությունը:

450px Portrait of Vartoosh - Արշիլ Գորկու նամակը քրոջը՝ Վարդուշին
Վարդուշի դիմանկարը, 1934

Ես փափագում եմ այն պահը, երբ իմ նկարը հանկարծ արձագանքում է ինձ, երբ թվում է, թե այն խեղդվում է օդի պահանջից և շնչասպառ լինում հաղորդակցվելու բուռն ցանկությունից: Կյանքի տրոփյունի այդ տառապալից վայրկյանը ազդարարում է նրա ավարտվածությունը: Ես վայր եմ դնում վրձինս: Կատարելությու՜ն:

Հետո ավելի շատ կգրեմ: Ավելի հաճախ գրիր, սիրելի քույրիկ: Վիրջինիա նահանգը հիշեցնում է Հայաստանի հարթավայրերից մեկը, հատկապես, երբ իջնում էինք Արարատ-Արաքս դաշտավայրով, թեև, իհարկե, այդքան փառահեղ չէ: Շուտով նորից կգրեմ, որպեսզի ձեզ հետ ավելի մանրամասն քննարկեմ արվեստը: Կարոտում եմ բոլորիդ: Շատ համբույրներով:

Քո՝ միշտ սիրող եղբայր

Գորկի

Ագնեսը իր սերն է հղում ձեզ բոլորիդ