Logo

Արտահայտություններ, որ կարանտինին ակտուալ չեն

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 16.04.2020ՄՇԱԿՈՒՅԹ
nkarrrrr - Արտահայտություններ, որ կարանտինին ակտուալ չեն

Կարանտինը մեր բնականոն կյանքից դուրս է մղել բազմաթիվ, սովորություն դարձած երևույթներ։ Այո, առաջվա կյանքից նույնն են մնացել, միայն սպասքի պահարանների պարունակությունն ու հյուրասենյակի կահավորանքը, իհարկե, եթե անգործությունից ափսեները չեք ջարդել, կամ տեղափոխություններ չեք նախաձեռնել։ Մենք սկսել ենք մեզ զբաղեցնել՝ ինչով ասես. օրը լցնում ենք սիրուն-համով նախաճաշեր պատրաստելով, սկսում ենք մեր հազար տարվա տանը նոր իրեր հայտանբերել՝ կավե ծաղկաման կամ փայտե, փորագրված պոչով դանակ։ Ինքներս մեզ համար բացահայտում ենք, որ իրականում, պահարանում լիքը հագնելիքներ ունենք, և Աստված գիտի՝ դրանք ուր էին, երբ դեռ գնալու տեղեր ունեինք։

Այսուհանդերձ մեր առօրյան լքել են նաև մի շարք սովորական ու հարազատ դարձած արտահայտություններ, ինչպիսիք են՝

«Կոֆե՞, կենտրո՞ն»

Սուրճի մասին մեր առաջին պատկերացումները ձևավորվել են փոքրուց՝  մայրիկի անունից հարևան տիկնոջը սուրճի հրավիրելուց, անցել դեռահասական տարիներին ընկերուհիների հետ սուրճի շուրջ «սիրտներս բացելու» էտապով, սուրճ առաջարկելը դարձել է հյուրին ներս հրավիրելուց հետո ասվող առաջին արտահայտությունը: Մեր՝ երևանյան  իրականության մեջ սուրճի նշանակությունն ու վերջինիս հանդեպ սերն այնքան է մեծացել, որ վերջին շրջանում սոցցանցերի օգտատերերը միմյանց հանդիպման հրավիրելու համար օգտագործում էին «կոֆե՞կենտրո՞ն»արտահայտությունը: Սուրճն, իհարկե, չի զիջել իր դիրքերը մեր կյանքում, սակայն հանգամանքների բերումով, այն Կասկադի սրճարաններում մտերմիկ զրույցի տրամադրող ծեսից վերածվել է խոհանոցում կամ պատշգամբում ավելի մենանալու պրոցեսի։ Ի դեպ, բազմաթիվ հայ օգտատերեր եզրույթը արդիականացրել են և փոխակերպել «Կոֆե՞խոհանո՞ց»-ի։

«Ուրբաթ երեկո»

«Պատմական ակնարկ. ժամանակին շաբաթվա հինգերորդ օրվա ավարտը կոչվում էր՝ «ուրբաթ երեկո», այդ օրը բազմահազար երևանցիներ դուրս էին գալիս աշխատանքի ու ուղևորվում կենտրոն՝ ալկոհոլի, երաժշտության, ընկերական հավաքույթների, ժամադրությունների, զբասանքների հետևից։ Ասում են՝ նրանք հավաքվում էին «փաբ» կոչվող ստորգետնյա հաստատություններում, ռեստորաններում նաև բացօթյա գինետներում, որոնք, հիմնականում դասավորված էին Սարյան փողոցի վրա»… Այո’, թվում է, թե այս ամենն այնքա՜ն վաղուց էր։ «Ուրբաթ երեկո»-ն միշտ հնարավորություն ուներ դառնալու մեր կյանքի ամենահիշարժան, ամենաինտրիգային, ամենաճակատագրական օրերից մեկը։

«Լանչե՞նք/ընդմիջե՞նք»

Դե իհարկե, անգամ տնից աշխատելու պարագայում սնվելու պրոցեսը ոչ ոք չի չեղարկում, սակայն այն այլևս առաջվա իմաստն ու ձևը չունի։ Մենք չենք պայմանավորվում ընկերուհիներ հետ՝ նույն ժամին ընդմիջման գնալու ու ձեռքի հետ թարմ լուրերով կիսվելու մասին, մենք չենք սպասում, թե երբ է գալու այդ երանելի կեսօրը, որպեսզի կտրվենք գործից, կամ էլ չի պատահում, որ օֆիսային քաոսի ու աշխատանքի կուտակումների պատճառով ուղղակի չնկատենք, թե ինչպես «չլանչեցինք»։

«Խցանման մեջ եմ»

Յուրաքանչյուր երևանաբնակի ծանոթ  են խիստ տեղական խցանումները, որոնք առաջում են ամեն օր՝ հստակ ժամերի, կամ արտահերթ՝ անձրևներից ու ավտովթարներից հետո։ Խցանումն այնքան սովորական էր դարձել մեզ համար, որ ցանկացած ուշացում կարելի էր արդարացնել այդ երեք հիասքանչ բառերով՝ «խցանման մեջ եմ»։ Այժմ, հեռահար դասից կամ աշխատանքից ուշանալու պատճառն ուղղակի անհնար է բարդել երևանյան երթևեկության համար, ասել է, թե մենք՝ ուշացողներս կորցրինք մեր երկաթե արդարացումը։

Կարող եք լրացնել ցանկն այնպիսի արտահայտություններով, որոնք ըստ ձեզ, նույնպես կորցրել են արդիականությունը կարանտինի օրերին։ 

Տես նաև՝