27 տարվա դադարից հետո հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու տարածական մոնտաժի արքա Արտավազդ Փելեշյանի նոր ֆիլմը` «Բնությունը»:
60 րոպե տեւողությամբ ֆիլմի ուշադրության կենտրոնում մարդու և իր շրջակա միջավայրի անկայուն համակեցությունն է: Այն հուշում է աշխարհին բոլորիս անցած ու սպասվող ճանապարհի ողբերգությունը:
Ֆիլմում չկան բառեր. դրանց փոխարինում է երաժշտությունը. ռեժիսորը Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի ու Համասյանի հնչյունների միջոցով մեզ է փոխանցում մեզ շրջապատող աշխարհի տիեզերական ուժը։
Ֆիլմը նկարահանվել է ֆրանսիական Cartier և գերմանական ZKM FILMINSTITUTE հիմնադրամների աջակցությամբ: Իսկ հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու կինոհանճարի աշխատանքը հովանավորների աջակցությամբ՝ «ArLeAM» ընկերության և «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի շնորհիվ: Ցուցադրության կազմակերպիչն է «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունը:
Ռեժիսորի խոսքով՝ մարդկային փառասիրությունը չի հաղթելու բնությանը, սակայն ամեն դեպքում ֆիլմն ավարտվում է հույսով՝ արևի տեսքով: