Logo

«Money Heist»-ը «թեմայի մեջ չէ». արվեստի աշխարհի ամենաաղմկահարույց 5 կողոպուտները 

Հեղինակ
Դինա Սամվելյան
18:00 / 09.03.2022Արվեստանոց
Արվեստի կողոպուտներ

Միլիոն դոլար արժողությամբ զարդերից մինչև երկու տոննա կշռող քանդակ. խոշոր թանգարանները համալրված են անվտանգության բարդ համակարգերով, սակայն գողությունները, այն էլ ցերեկային ժամերին և վկաների աչքի առաջ, դեռևս «նորաձև են»:

Այսօր կներկայացնենք համաշխարհային գլուխգործոցների 5 ամենասկանդալային ու անհավանական հանցագործությունների մասին։

Լեգենդար Ջոկոնդայի ճանապարհորդությունն Իտալիա

 Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզա

1911 թվականին Լուվրից անհետացել է Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզան։ Առևանգողը թանգարանի աշխատող՝ Վինչենցո Պերուջիան էր, որը գլուխգործոցը գողացել էր այն պահին, երբ սրահում այցելու չկար: Կտավը գտնվել է միայն երկու տարի անց՝ Իտալիայում:

Քննության ժամանակ հանցագործության մեջ կասկածվում էին Գիյոմ Ապոլիները (ֆրանսիացի պոետ) և Պաբլո Պիկասոն։ Ի դեպ, շատերը կարծում են, որ հենց այս կողոպուտի շնորհիվ է նկարը ձեռք բերել նման անհավանական ժողովրդականություն։

Մունկի «Ճիչ»-ի կրկնակի գողությունը

Մունկի - Ճիչ

Էդվարդ Մունկի հայտնի գլուխգործոցը գողացել են 2 անգամ. առաջինը 1994 թվականին, իսկ երկրոդը՝ 2004-ին։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել պահակների անփութության պատճառով։

Բանն այն է, որ հանցագործության օրը Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունն էր տեղի ունենում։ Օսլոյի թանգարանի աշխատակիցներն այնքան են տարվել դիտումներով, որ պարզապես ուշադրություն չեն դարձրել ազդանշանին: Հաջորդ առավոտյան նկարի վայրում հայտնաբերել են հանցագործների շնորհակալական նամակը: Մեկ ամիս անց անհայտ անձինք թանգարանին առաջարկել են վերադարձնել Մունկի գլուխգործոցը մեկ միլիոն դոլարի դիմաց, սակայն նրանք հրաժարվել են։ 

Նույն թվականի մայիսին նկարը հայտնաբերվել է Նորվեգիայի հարավի ծովափնյա առողջարանային քաղաքներից մեկում։ 2004 թվականին կողոպուտն ավելի շատ նման էր մարտաֆիլմի տեսարանի. դիմակներով զինված անձինք գողացել են նկարչի միանգամից երկու գործ՝ «Ճիչը» և «Մադոննան»։ Դրանք հայտնաբերվել են միայն երկու տարի անց՝ ծանր վնասներով, որոնք դեռևս չեն վերականգնվել։

«Սարդ-մարդը»՝ Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում

Սարդ-մարդը

Հենց այս մականունն է ստացել այն մարդը, որը 2010-ին Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարանից գողացել է միանգամից 5 նկար՝ Պիկասոյի «Աղավնին կանաչ ոլոռով», Մատիսի «Հովիվը», Մոդիլյանիի «Կինը երկրպագուով», Ֆերնան Լեժեի «Նատյուրմորտ մոմակալով», Բրակի «Ձիթենի Էստակի մոտ»:

Գողության նախապատրաստությունը տևել է 6 օր։ Ամեն գիշեր Սարդ-մարդն արձակում էր պատուհանի պտուտակները՝ դրանք փոխարինելով դետալներով: Իրավախախտը, ձերբակալվելուց հետո, խոստովանել է, որ պետք է գողանար մեկ նկար, սակայն չի կարողացել դիմանալ գայթակղությանը և ավելին է վերցրել։ Դատավարության ժամանակ նա ասել է, որ այրել է արվեստի գործը, որը քննիչներն անիրատեսական են համարում:

Լեոնարդո դա Վինչիի նկարի գողությունը զբոսաշրջիկների կողմից

Մադոննան թիակով

2003 թվականին սովորական զբոսաշրջիկների կերպարանքով 2 ավազակ գնացել էին Շոտլանդիայի Դրումլանրիգ ամրոց, կապել խնամակալին և գողացել Լեոնարդո դա Վինչիի «Մադոննան թիակով» ստեղծագործությունը: 
Ամրոցի սեփականատերը՝ Բուկլյուխի դուքսը, նույնիսկ 1 միլիոն ֆունտ ստեռլինգ պարգևատրում էր խոստացել կտավը հայտնաբերողին։ 2007 թվականին ոստիկանությունը գտել է նկարը, բայց, ցավոք, դա տեղի է ունեցել դուքսի մահից մեկ ամիս անց։ Այժմ ամրոցը պատկանում է նրա որդուն, ով կրկին ցուցադրել է Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը՝ ասելով, որ իր հայրն այդպես է ցանկացել։

Պատմության մեջ ամենացինիկ գողությունը

Կահիրեի Մուհամեդ Մահմուդ Խալիլ

2010 թվականին Կահիրեի Մուհամեդ Մահմուդ Խալիլի մասնավոր թանգարանից գողացել էին Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկը» կտավը։ Կողոպուտը տեղի է ունեցել օրվա ընթացքում, սակայն թանգարանի աշխատակիցներից ոչ ոք չի կանխել հանցագործներին։ Փաստն այն է, որ այդ պահին բոլոր պահակներն աղոթում էին, հետևաբար ոչ ոք գողերին չի էլ նկատել։ Այս իրադարձությունից հետո թանգարանի 10 աշխատակից անփութության համար դատապարտվել է ազատազրկման: Նկարն, ի դեպ, դեռ չի գտնվել։