Logo

Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

Հեղինակ
Kima Galstyan
00:00 / 25.01.2019Արվեստանոց
ււկւևյկջհջւհ 1 - Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

Էմմա Ասատրյանը հայկական երգարվեստի ամենատարբերվող և ջազոտ ձայներից մեկն է, որին այսօր էկրաններին քիչ ենք տեսնում:
Էմմայի հայտնի «Շիկահեր կատվի», Էլվինա Մակարյանի հետ կապված մանկական ջերմ հուշերի, Երգի թատրոնի ու իր բոլոր ժամանակների ուսուցիչ Արթուր Գրիգորյանի հետ ունեցած ամուր կապի և այլնի մասին՝ հարցազրույցում:

Տես նաև՝ ՄյուզիքԼիսթ. Էմմա Ասատրյան

– Ջազը Հայաստանում:

– Մենք իրոք ունենք փայլուն երաժիշտներ, փայլուն ջազմեններ՝ Վահագն Հայրապետյան, Արմեն Հյուսնունց, բայց այսօր շատերն են հեռու իրական ջազ հասկացությունից: Օրինակ՝ ես դասավանդում եմ կոնսերվատորիայում՝ ջազ-վոկալ բաժնում, բայց ջազ բառն անկեղծ ասած մի քիչ քիչ է վերաբերում էդ բաժնին. Ցանկությունն է քիչ. մարդիկ, որոնք սովորում են այդ բաժնում, երգում են էստրադային երգեր, փոփ, սխալ տեղեկություններ ունեն ջազի մասին:

Վերջերս ինձ ասում էին, ջազային երգերդ՝ «Ելակն» ու «Շիկահեր կատուն»: Ջազային չեն դրանք, դրանք իմ հեղինակային երգերն են, հա, մի քիչ տարբերվող են, բայց ջազը լրիվ այլ բան է: Էսօր բոլորը մոդայիկ լինելու համար ասում են՝ ջազային երգչուհի եմ, ջազ եմ նվագում… գուցե երգն ունի ջազային մոտեցում, բայց դա դեռ չի նշանակում ջազ: Ջազը երկար պետք է սովորես, ջազը մերկ հոգի է, շատ-շատ փուլեր պիտի անցնես, շատ կիրթ պիտի լինես, որ կարողանաս քեզ ջազ երաժիշտ կոչել: Իմպրովիզներ անելու համար դու պիտի էնպիսի՜ հարմոնիա իմանաս, որ կարողանաս երգել․․․

02 1 960x1440 - Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

 -Էմմա, կա՞ն երաժիշտներ, որոնցից սովորել և շարունակ սովորում ես։

–  Առաջինը՝ պապաս, որ ճիշտ ուղղու վրա է դրել, որի շնորհիվ տանը միշտ ճիշտ երաժշտություն եմ լսել: Եղբայրս՝ հորեղբորս տղան, Կարենը Ասատրյան, որը դարձավ Ավստրիայի կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում սովորելուս պատճառը, Chick Corea-ն, որի սոլոները փոքր տարիքում միշտ երգում էի, և իմ Արթուր Գրիգորիչը. Ամեն ինչ բեմի հետ կապված իրենից եմ սովորել՝ ինչպես վերաբերվել բեմին, երաժշտությանը, ինքդ քեզ: Նա իմ բոլոր ժամանակների ուսուցիչն է:

կւըւկըւկկ 960x640 - Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

– Մամա-երգչուհին:

–  Էդպես չի լինում: Ես հիմա մամա-երգչուհի չեմ։ Լինում է՝ ասում են՝ ձայնդ ճանաչեցի, հա, դու երգչուհի ես, ասում եմ՝ երգչուհի էի: Օրինակ՝ եթե նկարչուհի ես, պիտի նկարես, եթե երգչուհի ես, պիտի երգես, իսկ ես հիմա ավելի քիչ եմ երգում և ավելի շատ եմ դասավանդում: Բայց շատ հաճախ՝ հատկապես մեր օրերում, կան, որ երգում-երգում են, պլակատներ անում, համերգներ անում, բայց էլի երգչուհի չեն:

emada 960x1440 - Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

– Ինչո՞ւ ես քիչ երգում:

– Երևի չգիտեմ՝ որտեղ երգել և ինչ երգել: Ինչ-որ պատճառներ ինձ կոտրում են, ու ցանկություն պարզապես չի լինում, թե չէ ժամանակ գտնել միշտ հնարավոր է: Եթե ժամանակ եմ գտնում դասավանդելու համար, ուրեմն կարող եմ գտնել նաև երգելու համար։

իւլիւլւիլւիլւիլւիլ 960x1440 - Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

 – Էմմ, ե՞րբ սպասենք նոր երգի կամ տեսահոլովակի:

«Օրորոցային» կա, որը շատ վաղուց է ստեղծվել, հիմա արդեն Արթուր Սողոյանի հետ գործիքավորումն ենք ավարտել: Ուզում եմ Անրիի՝ որդուս մասնակցությամբ ինչ-որ բան նկարահանել երգի համար: Իսկ տեսահոլովակն ընդհանրապես շատ կարևոր բան է երգի ճանաչման համար. Օրինակ՝ «Շիկահեր կարճատեսը» կամ «ելակը», վստահ եմ, ոչ ոք չէր իմանա, եթե տեսահոլովակ չնկարահանեինք: Շատ երգեր ունեմ, որոնք հայտնի չեն հենց տեսահոլովակի բացակայության պատճառով:

հտհըտըհ 960x640 - Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

– Բաներ, որոնք քո մեջ չես սիրում ու կփոխեիր:

– Ա՜հ, Էնքան, էնքան բաներ կան: Օրինակ՝ եթե ինձ նեղացնում են ու ես սահուն, փափուկ կերպով անցնում եմ դրա վրայով, ինքս ինձ սկսում եմ ուտել: Հետո հա հիշում եմ: Նաև «ծույլիկ» եմ։ Ու ամենակարևորը լիքը տեղեր, որտեղ պիտի լռեմ, մեկ էլ սկսում եմ խոսել ու փչացնել ամեն ինչ։ Նաև շատ մաքսիմալիստ եմ: Ինձ համար էսպես է. կամ ամեն ինչ, կամ ոչինչ, ու դա ինձ միշտ խանգարում է:

ֆեգեգ 960x1440 - Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

– Որտե՞ղ ես դասավանդում, ու ի՞նչ տեսակ մանկավարժ ես քեզ համարում:

– Արդեն երեք տարի է, որ դասավանդում եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադա բաժնում, և տասը տարի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Ունեմ նաև անհատական պարապող բալիկներ: Ունեմ նաև 8-9 տարեկան պուճուրիկներ: Ուսանող-աշակերտներիս հետ շատ ընկերական եմ, բայց կա դարպաս, որը իրենք երբեք չեն անցնում, որովհետև դա անցնելու դեպքում արդեն հարգանքն է կորում. «Էմմ, ցավդ տանեմ, կյանքս» էդ բաները չեմ սիրում, ու բախտս բերել է, որ իրենք շատ լավն են։

հռհռտհռտ 960x1440 - Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

– Երգի թատրոնն ու Էմման:

– Երգի թատրոն դեռ չկար, պապան ու Արթուր Գրիգորիչն արդեն աշխատում էին, ես 3 տարեկան էի: Հիշում եմ, անգամ գովազդ էին նկարահանել, որտեղ Մանեն՝ Գրիգորիչի աղջիկը, 1 տարեկան է, Նարեկը՝ տղան երևի երկու-երեք, ես էլ, երևի,մի 3-4: Շատ իմն են էդ շենքը, թատրոնը, տունը: Շատ ցավոտ եմ տանում, որ հիմա ստուդիայում կան բալիկներ, որոնք կարող է՝ բարձր գոռան, վրդովվում եմ, ջղայնանում: Թատրոնն ինձ համար մի ուրիշ տեղ է, թատրոնը Արթուր Գրիգորիչն է, իսկ Գրիգորիչը՝ իմ բոլոր ժամանակների ուսուցիչը:

– Էմմ, գիտեմ, որ Էլվինա Մակարյանը «Վարդը» երգը մշակել էր ու էդպես էլ չէր հասցրել կատարել. Կատարեցիր դու. էդ մասին կխոսե՞ս։

–  Էլվինա Մակարյանը Հայաստանում մեծ համերգ էր ունենալու, որն էդպես էլ չստացվեց: Սկավառակը պապայիս էր ուղարկել: Ես լսեցի իր խոսքը, որտեղ ասում է ՝ ինչ տոնայնության մեջ է երգը, հարմոնիաներից է խոսում, որոնք լրիվ ուրիշ ձևով էին մշակված…:

Չեմ հիշում՝ կոնկրետ ինչպես ստացվեց, բայց հիշում եմ, որ պապայի հետ մեքենայի մեջ անընդհատ լսում էինք էդ գործը, հետո՝ թե՛ պապան միտքը տվեց, թե՛ ես ուզեցի երգել, թե՛ քթիս տակ երգեցի մեքենայի մեջ …: Հետո Վահագն Հակոբյանի հետ, որն իմ ամենասիրած դաշնակահարն է, ձայնագրեցինք էդ երգը:

Կուզենայի, որ Էլվինա Մակարյանն անպայման լսեր երգն իմ կատարմամբ: Հիշում եմ՝ փոքր տարիքում իրեն հաճախ էի նմանակում: Էլվինան շատ տիկնիկներ ուներ․ ասում էր՝ մինչև չերգես, չեմ տա: Ես էլ ցածր տոնայնությամբ ու իրեն նմանակելով՝ սկսում էի երգել. «Յարո ջան, Յարո ջան»:

ււկւևյկջհջւհ 960x640 - Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

– Դուետներից խոսենք:

– Առաջին դուետս հենց Արթուր Գրիգորիչի հետ եմ երգել: «Հորինված տուն» է կոչվում: Էդ ժամանակ դեռ 16 տարեկան էի: Կյանքիս ամենակարևոր և ճակատագրական դուետն էր, որովհետև ուսուցիչս էր երգում: Դուետը պիտի ձայնագրեինք Հայկոյի հետ, բայց, հիշում եմ՝ Գրիգորիչը զանգեց, ասաց՝ Էմկա , էս տոնայնություն էր չէ՞…: Ինչ-որ բաներ հարցրեց: Պարզվեց՝ ինքը գնացել, ստուդիայում ձայնագրվել էր. ասաց՝ դե վաղը կգաս, որ դու էլ ձայնագրվես: Ու էդպես դուետ ստացվեց:

Մյուս երկու դուետներս Ֆորշի և Միքայել Ոսկանյանի հետ են։

հռհռտհ 960x1440 - Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

– Ամուսինդ երաժիշտ է՝ դուդուկահար: Երբևէ մտածե՞լ ես, որ ամուսինդ էլ քո աշխարհից կլինի, երաժշտության հետ կապ կունենա:

– Չէ, ինձ մոտ միշտ հակառակն է եղել, ես մտածում էի՝ երաժիշտ չլինի, ավելի ճիշտ, հանկարծ երգիչ չլինի: Չգիտեմ ՝ ինչի էդպես էի ասում միշտ: Էմմանուելն ինձ շատ վաղուց էր գրում, մեր ծանոթությունից անգամ երկուսուկես տարի առաջ, հետո էլի մի տարի սկսեց գրել: Լրիվ ֆիլմ է… էդ անպատասխան մնացող նամակները: Ու երեք տարի անց միայն ես իրեն պատասխանեցի և սկսեցինք խոսել: Քանի որ դուդուկին ու ֆոլկ երաժշտությանը, ցավոք, ծանոթ չէի, իրեն էլ չգիտեի: Search արեցի, տեսա՝ երաժիշտ է: Ինքն ինձ համար բացահայտեց ֆոլկ երաժշտության ու դուդուկի աշխարհը: Նաև՝ դրա շատ հետաքրքրիր հնչողությունը դասական օրկեստրում:

1 6 960x1440 - Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

– Ծրագրո՞ւմ ես ամուսնուդ հետ հանդես գալ:

– Միշտ ինչ-որ մտքեր ունենում ենք, բայց ես էդքան էլ չեմ սիրում, երբ միքսում են ջազն ու ֆոլկը: Եւ հետո Տաթևիկ Հովհաննիսյանը դա արդեն վաղուց արել, վերջացրել է: Իսկ պլագիատներն ինձ համար չեն: Հիմա դա արդեն ոչ նորություն է, ոչ էլ հետաքրքիր:

կւըըւկըկըւկկւըկ 960x1440 - Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

– Ո՞ւմ էր նման շիկահեր-կարճատես կատուն կամ ի՞նչ պատմություն ունի։

– Էս ինչ ուղիղ հարց էր, Կիմ ջա՜ն (ծիծաղում է)։ Երբ ասում են՝ էն կատվի մասին երգդ, ես ասում եմ՝ դա տղամարդկանց մասին է։ Երբ որ շուն ես պահում, շները հավատարիմ են, կատվին կարող ես տարիներով պահել-պահել, ու հենց գարունը գա, գնա էգ կատվի հետևից։ Երգս էլ հենց էդպիսի տղամարդկանց մասին է։ Ամուսնանում են, ու մեկ էլ ինչ-որ մի կնոջ պատճառով փախչում են տնից։

emm 960x1440 - Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

 – Էմմայի խորհուրդները սկսնակ երգիչներին:

– Պարապեք, շաատ պարապեք, ձայնավարժություններ արեք, շատ լավ երաժշտություն լսեք և մի՜ փորձեք նմանվել ինչ-որ մեկին. լինի դա արտասահմանյան երգիչ, թե հայ։ Հիշում եմ, որ սկսեցի երգեր գրել, Արմենը Մարտիրոսյան ասաց՝ շատ լավ է, գրի, գրի, անընդհատ գրի, էդ շատ լավ է․ բուժում է, օգնում է։

Փորձեք գրել, ինչ-որ գործիքներ նվագել։ Ազատվե՜ք գերբարդույթներից․ սիրուն լինելն ու երկար ոտքեր ունենալը երբե՜ք գերնպատակ թող չդառնա։ Տարբերվե՜ք, առողջ գի՛ժ եղեք։ Առողջ գժությունը շատ լավ բան է, իսկ բեմն ու հանդիսատեսը կեղծն ու արհեստականը չեն սիրում։

Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի