Logo

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմն Ավստրալիայում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:20 / 24.03.2023Ռեժիսորներ
Ավրորայի լուսաբացը-6

Ավստրալիայում կայացած Europa Europa Film Festival կինոփառատոնում Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Պետական ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմը հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ՝ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: 

Ավրորա Մարդիգանյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ սեփական աչքերով տեսավ ու ապրեց հայերի ցեղասպանության ամբողջ ահն ու սարսափը: Բարեբախտաբար, նրան հաջողվում է փախչել Ամերիկա, որտեղ նրա կյանքի ողբերգության պատմությունը դարձավ մշակութային իսկական սենսացիա: Ավրորայի կյանքի պատմության հիման վրա նկարահանված ֆիլմը, որտեղ ինքը հանդես է գալիս գլխավոր հերոսի կերպարում, ցնցեց Ամերիկան՝ նրան դարձնելով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ բարեգործական արշավի դեմքը: Նրա կյանքի ոդիսականը պատմում է, թե ինչպես է հերոսուհին դիմակայում ճակատագրի դաժան հարվածներին, անցնում ցավի ու դառնության միջով՝ չկորցնելով կյանքում ամենակարևորը՝ մարդ մնալու կարողությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Ժնևի Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում և ֆորումում (FIFDH) արժանացել էր գլխավոր մրցանակի։