Logo

Ազգային ու հարսանեկան. 3 սիրուն պար

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 01.04.2020ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - Ազգային ու հարսանեկան. 3 սիրուն պար

Հայկական ազգային պարերի մեջ իրենց տեղն ունեն հարսանեկան պարերը: 7օր 7 գիշեր ընթացող հարսանիքների յուրաքանչյուր արարողություն իր ծիսական նշանակությունն է ունեցել և ուղեկցվել թեմատիկ պարերով։ Դրանք եկել են ժամանակի ամենախորքերից և հասել մինչև մեր օրեր։

Vnews-ն առանձնացրել է երեք սիրուն, հայկական հարսանեկան պարեր, որոնք կարող եք սովորել այս օրերին՝ օգտվելով Հանրային հեռուստատեսության և «Կարին» համույթի ուսուցողական հոլովակներից։

«Շավալի»

Հայկական հարսանիքներում, սովորաբար, հարսի բարեկամնրը զուսպ ու համեստ էին։ Հարսանիքի ինչ-որ պահից թամադան առաջարկում էր փեսայի հարազատներին նստել և պարահրապարակն ազատել հարսնացուի բարեկամների համար։ Այդպիսով, «Շավալի»-ն համարվում է խնամիների պար։ Պարի ընթացքում պարողների շարժումները պահպանողական են՝ մեղմ, վեհ և ծանր։ Երբ պարում են միայն կանայք, պարի գեղեցկությունը և կանանց հեզաճկուն շարժումները հիշեցնում են «Ուզունդարան»։ Պատմողներն այս պարը նմանեցնում էին Կարնո պարարվեստի մեկ այլ մոռացված նմուշի՝ «Հուշիկ-մուշիկ» պարին:

«Խնամի ջան պարըմ եմ սօրվէ,

Էրգուս գնա մեկ շօրօրա»…

(Կարնո բարբառ)

«Թագվորա գյովնդ»

Թագվորա գյովնդը հայ ավանդական պարանմուշ է։ Այն հիմնականում պարել են հարսանիքների ժամանակ. թագավոր բառն այստեղ պետք է հասկանալ որպես փեսա։ Բռնվածքը ճկույթներով է, ժամանակին պարել են ձեռքերին աշտանակներ բռնած։ Պարի ընթացքում հարսն ու փեսան կանգնում էին պարահրապարակի կենտրոնում, իսկ նրանց շուրջը՝ հարազատները յոթ շրջան պտույտ էին կատարում. այդպիսով նրանք իրենց բարեմաղթանքն էին ուղղում նորաստեղծ ընտանիքին։

«Թամզարա»

Թամզարան պարել են շատ հայկական բնակավայրերում։ Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է պարբաշուն  ու պարապոչին։ Իսկ հարսն անպայման կանգնում էր քավորի` կնքահոր կողքը: «Թամզարան» Հ. Ս. Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանում» հանդիպում է որպես հայկական բնակավայրի անվանում:  Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ «Թամզարա» անվանումը ծագել է Թովմա Արծրունու անունից, ով էլ, իբր, հիմնել է տվյալ բնակավայրը: Հնարավոր է, որ երգ-պարի անվանումն ինչ-որ չափով կապված լինի տվյալ բնակավայրի անվան հետ, ինչպես դա հավաստում է Հ. Աճառյանն իր «Գավառային բառարանում»:

«Բարակ մեջքիդ յոթը ծամ,
Թամզարա, հայ թամզարա,
Սրտիդ միջին ունիս կամ,
Թամզարա, հայ թամզարա:
Համ լե-լե, համ զարա
Թամզարա, հայ թամզարա»: