Logo

Ինչպես Բարբրա Սթրեյզանդն ապացուցեց աշխարհին, որ ոչ ստանդարտ արտաքինով աղքատ աղջիկը նույնպես կարող է «աստղ» դառնալ

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 15.06.2022Երաժիշտներ
Բարբրա Սթրեյզանդ

Բարբրա Սթրեյզանդը փոխել է երաժշտության աշխարհը. երգչուհու ալբոմները վաճառվել են միլիոնավոր օրինակներով, իր գրանցած հաջողություններով նրան նույնիսկ համեմատել են Էլվիս Փրեսլիի հետ։ Բայց քչերը գիտեն, որ մինչ հայտնի դառնալը Բարբրան ստիպված է եղել դիմանալ բազմաթիվ դժվարությունների ու նույնիսկ ծաղրի։

Նրա հայրն ուսուցիչ էր, մայրն աշխատում էր դպրոցում՝ որպես քարտուղար։ Հենց դպրոցում էլ ծանոթացել են նրա ծնողները։ Մինչ քարտուղարուհի դառնալը, Բարբրայի մայրը ցանկանում էր պրոֆեսիոնալ երգչուհի դառնալ, սակայն չկարողացավ իրականացնել իր երազանքը։ Բարբրայի հայրը մահացել է հիվանդությունից 34 տարեկանում, երբ աղջիկը դեռ մեկուկես տարեկան էլ չկար։

Ընտանիքն ապրում էր անհույս աղքատության մեջ։ Ցածր վարձատրվող աշխատանքի պատճառով մայրը չի կարողացել ամբողջությամբ պահել իրեն և երեխային։ Հաշիվները վճարելու համար նա անդադար աշխատել է ու քիչ ժամանակ է հատկացրել դստերը: 

Սթրեյզանդը մի անգամ խոստովանել է.

«Երբ ես ուզում էի մորիցս սեր ստանալ, նա ինձ պարզապես սնունդ էր տալիս»:

Բարբրա Ստրեյզանդ

Դպրոցում Բարբրան առանձնանում էր հետաքրքրասիրությամբ, բայց նրան միշտ նախատում էին կարգապահության բացակայության համար։ Այդ տարիներին նա սիրահարված էր Բոբի Ֆիշերին, որը հետագայում շախմատի հանճար դարձավ:

Ապագա երգչուհին ազատ ժամանակ սիրում էր նստել իր տան դիմացի նստարանին ու երգել, նրան համարում էին «լավ ձայնով աղջիկ»։ Առաջին բեմելը 15 տարեկանում էր՝ խաղալով ներկայացման մեջ, իսկ արդեն 16-ում նա սկսեց մենակ ապրել և կատարել ցանկացած աշխատանք՝  հեռախոսավարուհու, ռեստորանում գանձապահի: Մայրը սարսափում էր դստեր ապրելակերպից և աղաչում էր հրաժարվել շոու բիզնես ներխուժելու փորձերից։

Բայց Բարբրան շատ էր ցանկանում ապացուցել մորը, որ դեռ աստղ է դառնալու։

Երաժշտական ​​կարիերան

Բարբրա Ստրեյզանդ-2

Սթրեյզանդը սկսել է իր պրոֆեսիոնալ երաժշտական ​​կարիերան 1960-ականներին։ Իսկ 1962 թվականին նա իր փոքրիկ մասնակցությունն է ունեցել Բրոդվեյի շոուում։ Հանդիսատեսի ծափերը չէին դադարում երկար ժամանակ: 

Այդ ժամանակ աղջկան անընդհատ ասում էին, որ նա չափազանց տգեղ է և չի կարող հայտնի դառնալ, պետք է փոխի քթի ձևը։

«Ինչո՞ւ ես քթի վիրահատություն չեմ արել։ Ես փող չունեի և չեմ վստահում պլաստիկ վիրաբույժներին: Իսկ, ընդհանրապես, միշտ մտածել եմ, որ քիթս հիանալի կերպով լրացնում է դեմքս» - խոստովանել է Բարբրան:

18 տարեկանում նա փոխել է իր անունը՝ Բարբարան դարձնելով Բարբրա՝ բացատրելով, որ իրեն դուր չի գալիս Բարբարա անունը, բայց նաև չի ցանկանում ամբողջովին հրաժարվել դրանից:

21 տարեկանում Բարբրան պայմանագիր է կնքել Columbia Records-ի հետ։ 

Բարբրա Ստրեյզանդ-3

«Նյութն ինքնուրույն ընտրելու հնարավորություն եմ ունեցել։ Մի քանի անգամ լեյբլը ճնշում գործադրեց ինձ վրա՝ փորձելով ստիպել ինձ երգել այն երգերը, որոնք ինձ դուր չէին գալիս: Բայց ես հիշեցրի նրանց այդ կետը և պնդեցի, որ կատարեմ ինձ համար մեծ նշանակություն ունեցող երգեր» - հիշել է երգչուհին:

Սթրեյզանդի դեբյուտային ալբոմը ռեկորդային վաճառվող դարձավ երկրում։ Իսկ երկրորդ սկավառակի թողարկումից հետո նրան անվանեցին «ամենախոստումնալից անձնավորությունն Էլվիս Փրեսլիից հետո»։

Մոտավորապես նույն ժամանակահատվածում նա ամուսնացավ դերասան Էլիոթ Գուլդի հետ։ 3 տարի անց ծնվեց նրանց որդին՝ Ջեյսոնը, իսկ 5 տարի անց զույգը բաժանվեց։ Հարցին, թե ինչու են նրանք բաժանվել, Էլիոթը պատասխանել է. «Նա մեզնից ավելի կարևոր է դարձել»:

Բարբրա Ստրեյզանդ-4

Բարբրան իր դեբյուտը կինոյում կատարել է 26 տարեկանում՝ մարմնավորելով «Զվարճալի աղջիկը» ֆիլմի գլխավոր հերոսուհուն: Այս ֆիլմի համար Բարբրան արժանացել է «Օսկար»-ի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ դառնալով այն սակավաթիվ արտիստներից մեկը, որը ստացել է այս մրցանակն իր առաջին կինոաշխատանքի համար։

Սթրեյզանդը շարունակում էր նկարահանվել, բայց նրա հետագա դերերն այլևս այդքան վառ չէին։ Սակայն 1976 թվականին նա երկրորդ անգամ արժանացավ «Օսկար»-ի՝ «Աստղը ծնվեց» ֆիլմի համար գրած ստեղծագործության համար՝ դառնալով այս մրցանակը ստացած առաջին կին կոմպոզիտորը։

1970-ականների վերջին նա ճանաչվել է ԱՄՆ-ի ամենահաջողակ երգչուհին. միայն Էլվիս Փրեսլիին և «The Beatles»-ին է հաջողվել ավելի շատ ալբոմներ վաճառել։ 1969-1972 թվականներին Բարբրան ելույթ է ունեցել Լաս Վեգասի ակումբներում, բայց հետո դադարեցրել է իր գործունեությունը։

1993 թվականին՝ երկար ընդմիջումից հետո, Սթրեյզանդը հայտարարել է ամբողջական մասշտաբով համերգների մասին։ Տոմսերը սպառվել են ընդամենը մեկ ժամում: Դրանց արժեքը տատանվում էր 50-ից 1.500 դոլարի սահմաններում՝ դարձնելով Բարբրային պատմության ամենաբարձր վարձատրվող համերգային կատարողը։

Սիրային հարաբերությունները

Բարբրա Ստրեյզանդ-5

Համերգային շրջագայություններից հետո Բարբրան կենտրոնացել էր դերասանության և ռեժիսուրայի վրա։ Այդ ժամանակ նրա ու ապագա երկրորդ ամուսնու՝ Ջեյմս Բրոլինի միջև սիրավեպ է սկսվում, իսկ մինչ այդ նա հանդիպել է բազմաթիվ հայտնի դեմքերի հետ՝  Ռիչարդ Գիր և Անդրե Աղասի, որն իրենից փոքր էր 28 տարով։ 

Ջեյմս Բրոլինի հետ Բարբրան ծանոթացել է 1996 թվականին, 2 տարի անց նրանք պաշտոնապես օրինականացրել են իրենց հարաբերությունները։ Զույգը դեռ միասին է, նրանց երջանիկ ամուսնությունը շարունակվում է գրեթե քառորդ դար։

Բարբրա Ստրեյզանդ-6

Բարբրան ու արքայազն Չարլզը

Բարբրա Ստրեյզանդ-8

Բարբրայի խոսքով՝ նա կարող էր լինել արքայադուստր Դիանայի փոխարեն և ամուսնանալ արքայազն Չարլզի հետ։ Խանգարել է այն, որ իրենց հանդիպման ժամանակ Բարբրան չափազանց նյարդային է եղել: Իսկ Չարլզը խոստովանել է, որ Սթրեյզանդին անհավանական գրավիչ է համարում։ Իմիջիայլոց, Չարլզի հետ Բարբրայի ծանոթությունը տեղի է ունեցել արքայազնի ու Դիանայի հանդիպումից առաջ:

Հակասությունների արանքում

Բարբրա Ստրեյզանդ-8

Մի անգամ Բարբրան խոստովանել է, որ ասես հակասություններից հյուսված լինի․

 «Ես, միևնույն ժամանակ, պարզ եմ և բարդ, առատաձեռն եմ ու եսասեր, անհրապույր եմ և գեղեցիկ, ծույլ եմ և նպատակասլաց»:

Ի դեպ, մոդելավորող Այզեք Միզրահին մի անգամ ասել է, որ երիտասարդության տարիներին Սթրեյզանդն իր մուսաներից մեկն է եղել՝ հավելելով.

«Նա գեղեցիկ է, թեև կանացի գեղեցկության չափանիշ չէ»։

Սթրեյզանդի էֆեկտը

Բարբրա Ստրեյզանդ-9

Գոյություն ունի «Սթրեյզանդի էֆեկտ» հասկացություն: 2003 թվականին, երբ մի լուսանկարիչ իր նախագծերից մեկի շրջանակում նկարել է երգչուհու ու շատ այլ մարդկանց տները, երգչուհին դատի է տվել նրան այն բանի համար, որ իր տունը նախագծի կայքում տեղադրված 12.000 այլ լուսանկարների շարքում է:

Եվ եթե մինչ դատավարության մեկնարկը երգչուհու տան լուսանկարները ներբեռնվել են 6 անգամ (որոնցից 2 -ը փաստաբաններն էին արել), ապա հայցի մասին լուրից հետո լուսանկարը դիտել է ավելի քան 420.000 մարդ։

«Սթրեյզանդի էֆեկտ» են անվանում այն ֆենոմենը, երբ հանրային հասանելիությունից ցանկացած տեղեկատվություն հեռացնելու փորձն ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում մարդկանց շրջանում և, համապատասխանաբար, այդ տեղեկատվության ավելի լայն շրջանառություն:

Միլիոնավոր մարդկանց համար այս կինը դարձել է օրինակ, թե ինչպես կարելի է հաջողության հասնել՝ չունենալով մոդելային արտաքին և մեկնարկային բարենպաստ պայմաններ։ Billboard ամսագիրը երգչուհուն ճանաչել է լավագույն ժամանակակից կատարող։ Նա մի քանի տասնյակ մրցանակներ ունի՝ 2 «Օսկար», 10 «Գրեմմի», 5 «Էմմի» և 9 «Ոսկե գլոբուս»։