Logo

“Big Little Lies” սերիալի ռեժիսոր Ժան-Մարկ Վալեի լավագույն գործերը

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 31.05.2019Կինո
.jpg - "Big Little Lies" սերիալի ռեժիսոր Ժան-Մարկ Վալեի լավագույն գործերը

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում մեր ժամանակների լավագույն կանադացի ռեժիսորներից մեկի՝ «Էմմի» մրցանակի դափնեկիր Ժան-Մարկ Վալեի լավագույն գործերը:
Նշենք, որ Մարկ-Վալեն առավել հայտնի է իր Big Little Lies” մինի-սերիալով, որի երկրորդ եթերաշրջանն արդեն շատ շուտով կմեկնարկի:

Երիտասարդ Վիկտորիան/Молодая Виктория/The Young Victoria, 2008

դերերում՝ Էմիլի Բլանտ, Ռուպերտ Ֆրենդ ևն

Վիկտորիայի հայրը մահացել է դստեր ծնունդից հետո: Անգլիացիների միակ հույսը սիրելի Վիկտորիան է, որը չնայած իր երիտասարդ տարիքի, շատ իմաստուն է և վճռական տրամադրված: Աղջիկը գիտակցում է, որ շատ շուտով ստանձնելու է գահը, և դրա հետ մեծ, շատ մեծ պատասխանատվություն:
Տարիների ընթացքում Վիկտորիան վերածվում է իսկական առաջնորդի: Նա իշխում է 63 տարի: Նրան անվանում էին «Եվրոպայի տատիկ», նա վայելում էր իր ազգի սերը և հարգանքը և հոգ տանում վերջինիս մասին:

2008 թ. ֆիլմն արժանացավ Օսկարի՝ «Լավագույն կոստյումներ» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Սրճարան դը Ֆլոր /Кафе де Флор/Café de Flore, 2011

դերերում՝Վանեսա Պարադի, Քևին Պարենտ, Էվելին Բրոշու ևն

Ֆիլմը երկու պատմություններից է կազմված:
Ժակլինը երիտասարդ միայնակ մայր է, որը դաստիարակում է փոքրիկ որդուն, որը հիվանդ է, շատ հիվանդ: Բնությունը նրա հանդեպ շռայլ չի գտնվել, բայց մոր համար մեկ է, նա պաշտում է փոքրիկին: Ծնողների սերը հենց դրանով է յուրահատուկ, որ նրանք սիրում են մեզ մեր անկատարություններով հանդերձ, այնպես չէ՞:
Ժակլինը ներշնչում է որդուն, որ նա մյուսների պես կարող է ապրել, գրել, կարդալ, սիրահարվել, հյուր գնալ, ապրել մի : Մայրը ոչինչ չունի՝ միայն որդին է, և«Սրճարան դը Ֆլոր» անունով երաժշտությունը, որն ամեն անգամ լսելիս նա և որդին մտովի այլ մոլորակ են տեղափոխվում:
Մյուս պատմությունը Մոնրեալում բնակվող դիջեի մասին է, որը բաժանվել է կնոջից, և նոր սիրելիի հետ դաստիարակում է երեխաներին: Երեխաների մայրը շատ ծանր է տանում բաժանումը: Բայց ինչպես ասում են՝ այն ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ:
Այս երկու պատմությունները կապված են միմյանց ընդհանուր թելով…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Գնորդների դալասյան ակումբը/Далласский клуб покупателей/Dallas Buyers Club, 2013

դերերում՝ Մեթյու Մակքոնահի, Ջարեդ Լետո ևն

Գլխավոր հերոս Ռոն Վուդրուֆն էլեկտրիկ է, որը մեծ սեր է տածում թմրամիջոցների և կանանց հանդեպ: Ռոնի անկանոն ապրելաձևը նրան փաստի առաջ է կանգնեցնում. 1985 թ. նրա մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվում: Շատերը Ռոնի փոխարեն ձեռք կքաշեին իրենց կյանքից, բայց նա չի պատրաստվում այդքան հեշտ հանձնվել: Բժիշկները կանխատեսում էին, որ Վուդրոֆին մնացել է ապրելու 30 օր, բայց ոչ ավանդական բժշկության շնորհիվ նա ավելի երկար է ապրում և իր գաղտնիքով կիսվում նաև մյուս հիվանդների հետ:

Ի դեպ այս ֆիլմի բյուջեն այնքան քիչ է եղել, որ շպար անող թիմի համար տրամադրվել է ընդամենը 250 դոլար: Սակայն նրանք կարողացել են տեղավորվել այդ սահմանափակման մեջ և ավելին՝ այս ֆիլմի շպարման ու վարսահարդարման թիմն արժանեցել է Օսկարի մրցանակի:
Օսկարի են արժանացել Մեթյու Մակքոնահին և Ջարեդ Լետոն համապատասխանաբար «Լավագույն դերասան» և «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Վայրի/Дикая/Wild, 2014

դերերում՝ Ռիզ Ուիզերսպուն, Լոռա Դերն, Միխաիլ Հաուշման ևն

Ի՞նչ անել միայնությունից փրկվելու համար. մեզնից շատերը միայնության զգացումը խեղդում են գրքերի և ֆիլմերի մեջ, բայց կան նրանք, որոնք ընկնում են ճանապարհ, հույս ունենալով, որ այդ ճամփորդությունը կփոխի իրենց և ուժ կտա վերանայելու հետագա քայլերը:Թողնելով ամեն բան, Շերիլը ճանապարհ է ընկնում, որ գտնի ինքն իրեն և հասկանա, թե ոնց է շարունակելու ապրել և ինչ փոփոխություններ պետք է մտցնի իր կյանք: Անհաջող ամուսնությունը և մոր մահը խոցել և թևաթափ են արել հերոսուհուն, բայց նա հույս ունի, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ:
Ֆիլմի հիմքում է իրական պատմություն է:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Սրածայր իրեր/Острые предметы/Sharp Objects, 2018

դերերում՝ Էմի Ադամս, Քրիս Մեսինա, Պատրիշա Կլարկսոն ևն

Այս սերիալի հիմքում Գիլիան Ֆլինի ստեղծագործությունն է, որն ադապտացրել է Մարտի Նոքսոնը:

Գլխավոր հերոսուհին անհաջողակ լրագրող Կամիլան է, որն արդեն վաղուց է ինչ համակերպվել է իր անհետաքրքիր և միապաղաղ կյանքի հետ: Կամիլայի խմբագիրը, սակայն, շատ է սիրում նրան և ցանկանում է դուրս բերել  վերջինիս այդ ճահիճից:
Հերոսուհու ծննդավայրում՝ Միսսուրի նահանգում երիտասարդ աղջիկները տարօրինակ կերպով անհետանում են, իսկ ավելի ուշ նրանց մահացած են գտնում: Խմբագիրը հանձնարարում է Կամիլային վերադառնալ Միսսուրի և փորձել պարզել հանցագործությունների մանրամասները ու դրանք հիմք ընդունելով մի քանի աղմկահարույց նյութ գրել: Խմբագիրը կարծում է, որ միայն անցյալի հետ հաշիվներ մաքրելուց հետո Կամիլան կկարողանա լիարժեք կյանքով ապրել:

2019 թ. Պատրիշա Կլարկսոնն արժանացավ «Ոսկե Գլոբուսի»՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Սերիալը կարող եք դիտել այստեղ: