Logo

Բնությա՞ն, թե՞ իր «Ճիչն» է պատկերել Մունկը․ մի նկարի պատմություն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:00 / 31.03.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Մունկ

Միանգամից ասենք՝ «Ճիչը» մեկ նկար չէ, այլ հայտնի նորվեգացու՝ Էդվարդ Մունկի ստեղծագործությունների շարքի անվանումը։ Ամենավաղ գրաֆիկական տարբերակն արվել է 1893-ին։ Իր արտահայտչական ուժի շնորհիվ ստեղծագործությունը համարվում է էքսպրեսիոնիստական շարժման նախադեպը, որը ներառում է հեղինակի այլ գլուխգործոցներ՝ «Կյանքի պար», «Համբույր», «Մադոննա», «Աղջիկները կամրջի վրա», «Վամպիր», «Հասունացում»։

«Ճիչը»-ի երեք տարբերակները գտնվում են Մունկի հայրենիքում, սակայն չորրորդը 2012 թվականին աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով՝ 119,9 միլիոն դոլարով: Սա աշխարհի ամենաճանաչելի արտ-պատկերներից մեկն է:

Ինչպե՞ս ծնվեց նման հուզիչ կտավի գաղափարը: 1891 թվականին նկարիչն ընկերների հետ քայլում էր Էկեբերգ բլրի դիտահարթակի վրայով, որտեղից կարելի է տեսնել Օսլոյի կախարդական բնապատկերը։ 

Իր օրագրում նա գրել է. 

«Կեսօրին երկու ընկերներիս հետ քայլում էի փողոցում։ Հանկարծ երկինքն արյան գույն ստացավ, և մարմնիս մեջ դող զգացի։ Կուրծքս ճնշում էր մի հոգեցունց ցավ։ Կրակի լեզուներն, ինչպես արյունը, ծածկում էին սև ու կապտավուն քաղաքը։ Ընկերներս շարունակում էին քայլել, իսկ ես մնացի այնտեղ՝ վախից դողալով։ Եվ ես լսեցի, թե ինչպես մի անվերջանալի ճիչ խոցեց բնությունը»։ 

Այդ պահի գեղարվեստական արտացոլումը սկզբում դարձավ «Հուսահատություն» կտավը 1892 թվին։ Անալոգային սցենարում առաջին պլանում հայտնվում է կիսակոր գլխարկով տղամարդ։ Դրանով հանդերձ, Մունկը շարունակում է փորձարկումները և նկարում նույն անվամբ նոր նկար․ այս անգամ տղամարդու դեմքը շատ ավելի տխուր արտահայտություն էր հաղորդում, իսկ տեսարանն ինքնին մռայլ էր թվում:

 Մունկ-Ճիչ

Պետք է շարունակելի լիներ... Նկարիչը մեկը մյուսի հետևից նոր էսքիզներ էր անում։ Շուտով կենտրոնական մասը դառնում է անդրոգեն, իսկ կերպարն ինքը՝ խորը վշտի արտահայտությամբ գլուխը բռնած։

Հետագա տարիներին (1893-1910 թվականներին) Մունկը ստեղծեց այս նկարի նոր տարբերակները. ահա, թե ինչպես հայտնվեցին «Ճիչ»-ի՝ իրենց հոգեբանական ազդեցությամբ աներևակայելի ուժեղ չորս տարբերակները:

Նկարի հետին պլանում կարելի է տեսնել գլխարկով երկու ֆիգուրի, նրանց խորթ է այն, ինչ կատարվում է գլխավոր կերպարի հետ։ «Հեղուկ» և գալարվող երկնքում գերակշռում են նարնջագույն երանգները, մինչդեռ արահետը և շրջակայքը, թվում է, լուսավորված են կիսաթափանցիկ լույսով: Մունկը վրձնի յուրաքանչյուր հարվածով ձգտում է արտահայտել կարոտի և հուսահատության զգացում, որն իր գագաթնակետին է հասել առաջին պլանում պատկերված կերպարում։

«Ճիչը» դարձավ էկզիստենցիալ աղետի խորհրդանիշ, որը 19-րդ դարից 20-րդին անցման ժամանակ ապրում էր մարդը. նրա մենության և հուսահատության զգացումն է դա:
Որոշ հետազոտողներ կարծում են, որ «Ճիչը» բնության հուսահատությունն է, որն անձնավորում է գլխավոր կերպարը։ Մյուսները գլուխգործոցին վերագրում են բացառիկ ձեռքբերում՝ ձայնի մարմնավորումը տեսողական ռիթմով: Այստեղից է գալիս նկարի շուրջ հիմնական արտ-բանավեճերից մեկը։