Logo

Չարենցը և Արմենուհին. սիրո խաղ կրակի հետ․ հրապարակվել են անհայտ փաստեր

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 14.03.2022Հեղինակներ
Եղիշե Չարենց-Արմենուհի Տիգրանյան

Եղիշե Չարենցի անձնական կյանքը նույնքան պայծառ էր, որքան նրա պոեզիան։ Հայ դասականը սիրում էր կանանց, շատ կանանց։ Նրա առաջին կինը և իսկական ընկերն Արփենիկ Տեր-Աստվածատրյանն էր, ում մահը մեծ ցավ էր բանաստեղծի համար:

Այնուամենայնիվ, Արփենիկին հանդիպելուց 1 տարի առաջ Չարենցի կյանքում մեկ այլ կին է հայտնվում՝ ամուսնացած բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանը։ Սիրո այս պատմության մասին նախկինում միայն հպանցիկ էր խոսվում, իսկ միայն վերջերս՝ գրողի ծննդյան 125-ամյակին ընդառաջ, հրապարակվեցին նախկինում անհայտ փաստեր։

Գրող և գրականագետ Հովիկ Չարխչյանի «Չարենցը և Արմենուհին. սիրո խաղ կրակի հետ» վավերագրական վեպում առաջին անգամ ներկայացված է Չարենցի և բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի սիրո պատմությունը: 

«Այս փաստագրական վեպը պատմություն է ոչ միայն հանճարեղ բանաստեղծի գայթակղությունների և դրանց դժվարին հանգուցալուծումների, այլև գեղեցիկ ու ողբերգական սիրո մասին` լի  որոնումներով, ընդվզումներով, բախումներով, երկմտանքներով, նահանջով և, իհարկե, բանաստեղծությամբ», - ընդգծում է Հովիկ Չարխչյանն իր հարցազրույցներում: 

Եղիշե Չարենց Արմենուհի Տիգրանյան

Սերը...

Չարենցի և Տիգրանյանի պատմությունը սկսվել է 1919 թվականի հոկտեմբերի 18-ին խորհրդարանի դահլիճում անցկացվող Հայաստանի նորաստեղծ գրական ընկերության երեկոյին, որտեղ «Մի նոր բանաստեղծ. Չարենց» թեմայով զեկույց էր կարդում Նիկոլ Աղբալյանը։ Դահլիճի հեռավոր անկյունում Արմենուհի Տիգրանյանն ուշադրությամբ լսում էր, բայց ամենապատվավոր գրողը երեկոյին ներկա չէր. այն ժամանակ դասավանդում էր Կարսի մերձակա գյուղերից մեկում. Տիգրանյանին հանձնարարվում է գտնել Չարենցին։
Չարենցին Տիգրանյանի հետ ծանոթացնում է գրողի մտերիմ ընկերուհի` Կարինե Քոթանջյանը: Արմենուհին կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրն էր և Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանի որդու՝ Վարդգես Ահարոնյանի կինը: 

Ու թեև Տիգրանյանն ազատ չէր, ավելին, Չարենցից էլ մեծ 9 տարով, բանաստեղծուհու մոտ 22-ամյա գրողի հանդեպ զգացմունքներ են առաջանում հենց առաջին հանդիպման ժամանակ։

Արմենուհին փորձում էր ստանձնել հոգատար քրոջ դերը, սակայն զգում էր, որ անզոր է խեղդելու այն զգացմունքը, որն արդեն ուներ: Եվ հենց այդ ժամանակ Չարենցն ամբողջ օրն անցկացնում էր գրասեղանի մոտ՝ ստեղծելով «Էմալե պրոֆիլը Ձեր»՝ նվիրված Արմենուհուն:

Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ
Ես այսօր կուզեմ երգել,
Որպես մի անհայտ դը Լիլ։
Արդյոք ո՞ր վարպետը մեծ
Հորինել է դեմքը Ձեր.
Արդյոք ո՞ր Ոգին տվեց
Ձեր դեմքին լուսե գծեր։
Կուզեի երգեր կապել
Եվ գովել երգով անծիր
Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ։

Արմենուհի Տիգրանյան

Հետագա իրադարձություններն արագ զարգացան. Չարենցը դադարեց թաքցնել իր զգացմունքները բանաստեղծուհու հանդեպ՝ գրական երեկոներին բացահայտ կարդալով նրան նվիրված ստեղծագործությունները, ինչի պատճառով էլ սկսեցին լուրեր տարածվել՝ հիմնականում վիրավորված Ահարոնյանից։ Բայց Տիգրանյանը չկարողացավ ընտրություն կատարել հօգուտ Չարենցի։

1921-ի փետրվարին Դաշնակցություն կուսակցության ղեկավարությամբ (որի անդամ էր Ահարոնյանը) ապստամբություն է սկսվում, և Ահարոնյանը հեռանում է Հայաստանից։ Բանաստեղծուհին անսպասելիորեն որոշում է մնալ։

Տիգրանյանը հիվանդանում է, Չարենցն է խնամում իր սիրեցյալին։ Սակայն նրանց սիրո պատմությունը, կարծես թե, մոտենում էր ավարտին։ Վարկածներից մեկի համաձայն՝ բանաստեղծուհու զգացմունքները սկսեցին մարել՝ իմանալով գրողի՝ Տեր-Աստվածատրյանի հետ ամուսնանալու ծրագրերի մասին:

Արմենուհին որոշեց գնալ ԱՄՆ՝ ամուսնու մոտ։ Սակայն Ահարոնյանը չկարողացավ ներել բանաստեղծուհու դավաճանությունը և ամուսնացավ ուրիշի հետ։ 

Տիգրանյանը շարունակել է գրական գործունեությունը, դասավանդել դպրոցներում, եղել է Հայկական Կարմիր Խաչի ընկերության անդամ։ Սակայն վերջին տարիները գրողն անցկացրել է միայնակ, և 1962 թվականին մահացել է երկարատև հիվանդությունից հետո։

Արմենուհու մահից հետո երկու տարի անց Երևանի օդանավակայանում ինքնաթիռից մի պատկառելի մարդ է իջնում՝ Սփյուռքում լույս տեսնող «Հայրենիք» թերթի խմբագիր` Վարդգես Ահարոնյանը: Խմբագրի ճամպրուկում կոկիկ դասավորված թղթեր կային. դրանք Չարենցի ձեռագրերն էին` նվիրված Արմենուհուն։ Ահարոնյանը ձեռագրերը հանձնել է Հայաստանի գրողների միությանը։

«Նույնիսկ խորը ցավն ու անձնական վիրավորանքը կարող են նահանջել մեծ պոեզիայի, մեծ տաղանդի ու սիրո առաջ»,- այսպես է մեկնաբանել Հովիկ Չարխչյանը։ 

Նրա խոսքով, Չարենցի անհայտ ստեղծագործությունները դեռ կարելի է գտնել աշխարհի տարբեր ծայրերում. բանաստեղծն իր կյանքի զգալի մասն անցկացրել է Հայաստանից դուրս։ Պահպանվել են նաև Արմենուհի Տիգրանյանի բանաստեղծությունները՝ նվիրված նախկին սիրեկանին և գրվել նրա մահից հետո.

Չարենց, գիտես չէ՞, դու գիտես`
Որքան թանկ է ընկեր հոգին,
Բայց դու գիտես և չգիտես`
Ով է եղել միշտ քո կողքին:
Եվ ինձ նման դու էլ որքան
Թանկ ես վատնել, թանկ ու բյուրեղ`
Հավատալով, որ կան, ախ, կան
Լավեր, նորեր մեր մեջ` այստեղ…

 

աղբյուրը՝ wikipedia.org, hovikcharkhchyan.wordpress.comarmmuseum