Logo

Շառլ Ազնավուրն ու «Նա»...

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 07.03.2022Երաժիշտներ
Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուր. «She»/«Նա»

Նա գուցե այն դեմքն է, որ չեմ կարող մոռանալ,

Արտացոլանքը հաճույքի կամ ափսոսանքի,

Իմ գանձը, կամ գինը,

Որ պետք է վճարեմ:

Նա գուցե այն երգն է, որ ամառը երգում է,

Այն սառնությունը, որ աշունը բերում է,

Գուցե հարյուրավոր տարբեր բաներ է

Օրվա տարբեր ժամերին:

Նա գուցե գեղեցկուհին է, կամ հրեշը,

Գուցե քաղցը կամ խրախճանքը:

Գուցե դարձնի ամեն օրը

Դրախտ կամ դժոխք:

Նա գուցե հայելին է երազներիս,

Ժպիտն` արտացոլված գետում:

Ներքուստ նա գուցե այն չէ,

Ինչ թվում է:

Նա միշտ երջանիկ է թվում ամբոխի մեջ,

Նրա աչքերը կարող են այնքան խորհրդավոր ու հպարտ լինել:

Ոչ ոքի թույլ չի տրվում տեսնել դրանք,

Երբ լաց է նա լինում:

Նա գուցե այն սերն է, որի հավերժ լինելու համար հույս չկա,

Նա կարող է գալ ինձ մոտ անցյալի ստվերից,

Որին կհիշեմ մինչև կյանքիս վերջ:

Նա գուցե պատճառն է, որի համար գոյատևում եմ,

Ապրելուս «ինչու»-ն և «հանուն ինչի»-ն:

Այն մեկն, ում մասին հոգ կտանեմ

Դժվար ու անձրևոտ տարիներին:

Ես կվերցնեմ նրա ժպիտն ու արցունքները՝

Կդարձնեմ դրանք իմ հուշանվերները,

Որովհետև պետք է լինեմ այնտեղ, որտեղ նա է:

Կյանքիս իմաստն է նա, նա, նա…

48 տարի առաջ ձայնասկավառակի բրիտանացի գնորդները խելագարվում էին ֆրանսիացի ռոմանտիկ վոկալիստի ստեղծած երգի համար. երաժշտությունը Շառլ Ազնավուրինն է, խոսքերը գրել է Հերբերտ Կրեցմերը, մարդ, ով նաև հեղինակել է «Les Misérables»-ի անգլերեն ադապտացիայի խոսքերը։

Երգն, իհարկե, «She»-ն էր։

Այն գրվել է բրիտանական The Seven Faces of a Woman հեռուստասերիալի համար։

Հերբերտ Կրեցմերը 1000 Uk #1-ում ասել է. 

«Նրանց պետք էր մի երգ, որը կկապեր իրար այդ 7 պիեսը, և պրոդյուսերը մտածեց, որ ես կարող եմ ինչ-որ բան գրել Մառլեն Դիտրիխի համար, քանի որ նա ներկայացնում էր չծերացող կնոջը: Ինձ այդ միտքն այնքան էլ դուր չեկավ, քանզի, եթե դուք պատրաստվում եք գրել կնոջ գաղտնիքի մասին, լավ կլիներ, որ այն կին չերգեր: Եթե նա երգեր իր գաղտնիքի մասին, ապա երգը չափազանց հաշվարկված ու գիտակից կլիներ։ Ես ասացի. Սա պետք է լինի կնոջ մասին երգ՝ տղամարդու աչքերով, և ո՞վ կարող է ավելի լավ տարբերակ լինել սիրո ու սիրավեպի մասին երգող Շառլ Ազնավուրից: Այդպես էլ եղավ, ու ամեն բան հրաշալի ստացվեց: Թեմատիկ երգ գրելը հեշտ գործ չէ։ Առաջին համարը պետք է տևեր ընդամենը 35 վայրկյան։ Այդ ժամանակ Ազնավուրը հյուրախաղեր ուներ ամենուր, և որոշ ժամանակ պահանջվեց նրանից մեղեդի ստանալու համար։ Այն պահին, երբ նա ինձ հնչեցրեց բացման նոտան, «She/Նա» բառը եկավ մտքիս, և ես հասկացա, որ մենք երգ ունենք»:

Ազնավուրը «She»-ի մասին ասել է.

«Իմ ամենամեծ հավակնություններից է ձայնագրությունը Մեծ Բրիտանիայում անգլերենի №1 հիթ դարձնելը»՝ հավելելով, որ իր երգերի սյուժեները վերցրել է կյանքից. «Ես մոտենում եմ մարդկանց հոգիներին և պատկերում դրանք։ Ես իմ երգերի համար մարդ կամ խնդիր չեմ ստեղծում»։ 

Երգը զբաղեցրել է առաջին տեղը Մեծ Բրիտանիայի սինգլների չարթում, այնտեղ մնացել է 4 շաբաթ և ստացել արծաթե վկայական՝ ավելի քան 250.000 օրինակ պատճենով։ Այն նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականը իռլանդական չարթերում՝ մեկ շաբաթ մնալով առաջին հորիզոնականում: 

Սա ուշագրավ նոր միջազգային դեբյուտ էր Շառլ Ազնավուրի համար, ում երբեմն անվանում են «ֆրանսիացի Ֆրենկ Սինատրա»: 

«Նա»-ն այնպիսի միջազգային հիթ պետք է դառնար, որ հանրությունը պահանջեր այն ձայնագրել ոչ միայն ֆրանսերեն («Tous Les Visages de l'Amour») և անգլերեն, այլ նաև գերմաներեն և իտալերեն։

«Նա»-ն շարունակում էր գրավել երաժշտական բոլոր չարթերը. Էլվիս Կոստելոն ձայնագրել է երգի քավեր տարբերակը 1999 թվականին: Հենց այս տարբերակը, որն արտադրել է Թրևոր Ջոնսը, ցուցադրվել է «Նոթինգ Հիլ» ֆիլմի բացման և փակման տիտրերում՝ հայտնվելով եվրոպական բոլոր չարթերում: 

Կյանքիս իմաստը նա է, նա
Մմմ, նա'...