Logo

Դի Կապրիոն դատարանում ցուցմունք է տվել խարդախության գործով

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:06 / 05.04.2023Դերասաններ
Լեոնարդո Դի Կապրիո-2

Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն դատարանում ցուցմունք է տվել խարդախության գործով, հայտնում է The Guardian-ը։

Գործով գլխավոր մեղադրյալը գործարար Ջո Լոուն է, նա մեղադրվում է փողերի լվացման միջազգային խարդախություն կազմակերպելու համար։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները պնդում են, որ Լոուի գործողությունները հանգեցրել են մալայզիական 1MDB ներդրումային հիմնադրամից միլիարդավոր դոլարների հափշտակմանը։ Ձեռնարկատիրոջ հանցակիցն է դարձել ռեփեր Պրաս Միշելը․ ենթադրաբար, նա միջնորդի դեր է խաղացել Լոուի խարդախության սխեմայում։

«Դատախազությունը պնդում է, որ 2012 թվականի հունիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Լոուն կարգադրել է արտասահմանյան կազմակերպություններից ավելի քան 21,6 միլիոն դոլար փոխանցել Միշելին՝ 2012 թվականի նախագահական ընտրությունների համար գումար փոխանցելու համար»,- ասվում է քննության փաստաթղթերում։

Գործակալության տվյալներով՝ գործարարը Դի Կապրիոյին բազմաթիվ նվերներ է տվել, նրա հետ խնջույքներ կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում և ֆինանսավորել նրա մասնակցությամբ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը։ Ինչպես Դի Կապրիոն ասել է ՀԴԲ գործակալներին, Լոուի հետ նա ծանոթացել է գիշերային ակումբում։ Դերասանը նրան անվանել է նաև «բիզնեսի Մոցարտ»։