Logo

Ե երկհնչյուն․ երբ արտասանել է, երբ՝ յէ․ ճիշտ հայերեն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:27 / 13.06.2022ՄՇԱԿՈՒՅԹ
ե տառ-ճիշտ հայերեն

«Ճիշտ հայերեն» բաժնում VNews-ն այս անգամ ներկայացնում է, թե ինչպես արտասանել ե տառը։ Կանոնը սահմանում է. ե-ն բառասկզբում արտասանվում է յէ, բառամիջում և բառավերջում՝ է։ Օրինակ՝ յէրգ, յէրկու, նէրէլ, բէրէլ, Նարինէ, րոպէ։

Բաղադրյալ բառերում բառարմատի սկզբի յէ-ն (ե-ն) բաղաձայնից հետո արտասանվում է է, օրինակ՝ համէրգ, բազմէրանգ, առէրես, անէլանելի, անէնթակա, ձայնավորից հետո՝ յէ, օրինակ՝ամենայէրջանիկ, կիսայէզրափակիչ։

Չպետք է կարծել, որ եթե բառն առանձին արտասանվում է յէ-ով, օրինակ՝ երկու (յէրկու), երգ (յէրգ), երկիր (յէրկիր), ապա այդ արտասանությունը պետք է պահել նաև բառամիջումինչպես՝ տասնըյէրկու, զուգյէրգ, ստորյէրկրյա։ Սա ճիշտ չէ: Ինչպես ասվեց, բաղաձայնից հետո ե-ն արտասանվում է է։ Ուստի պետք է արտասանվի՝ տասնէրկու, զուգէրգ, ստորէրկրյա և այլն։

Հարց է առաջանում. իսկ ինչպե՞ս արտասանել ե-ն, եթե պայմանական (ենթադրական) եղանակի կ- /կը/ և ժխտական չ- /չը/ մասնիկներից հետո է, որոնք նույնպես բաղաձայն հնչյուններ են։ Օրինակ՝ ասել կէրգե՞մ, թե՞ կյէրգեմկէզրափակի՞, թե՞ կյէզրափակի, կէրկրպագե՞ն, թե՞ կյէրկրպագեն, չէրազե՞նք, թե՞ չյէրազենք, չէնթարկվե՞լ, թե՞ չյէնթարկվել և այլն։

Օրինաչափությունն այն է, որ պայմանական եղանակի կ- և ժխտական չ- մասնիկներից հետո ե-ն արտասանվում է յէ, քանի որ այդտեղ կ-ից և չ-ից հետո ը է արտասանվում (փաստորեն ե-ն ձայնավորի է հաջորդում)։ Ուստի պիտի արտասանել կյէրգեմ, կյէզրափակի, կյէրիտասարդացնեն, կյէռապատկենք, կյէրդվենք, կյէրկնի, չյէրազել, չյէզրատել, չյէռացնել, չյէռակցել, չյէրթևեկել և այլն։ Իհարկե, կարող են լինել բացառություններ և զուգաձևություններ (կէփեմ/կյէփեմ, չէնթարկվել/չյէնթարկվել, չէրկնչել/չյէրկնչել):

Հիմք ընդունելով ասվածը՝ անհրաժեշտ է․

  1. բաղադրյալ բառերում բաղաձայնից հետո ե-ն արտասանել է,
  2. պայմանական եղանակի կ- և ժխտական չ- մասնիկներից հետո ե-ն արտասանել յէ։

 

Աղբյուրը՝ Լեզվի կոմիտե