-
- Պահպանված
- Նախընտրելի
-
Պահպանված նյութեր
-
Նախընտրելի թեմաներ
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել
ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,
երբոր երազը կ՚ապրի,
երբոր երազն անմահ է։
Գրիգոր Չպուգքարյանի և Թագուհի Ղարիպյանի ամուսնության երրորդ տարվա վերջին, երբ Գրիգորը Բրգնիկի եկեղեցում Դանիել մարգարեի գրություններն էր թերթում, բարեկամներից մեկը գալիս է և ավետում, որ արու զավակ է ունեցել: Նորաթուխ հայրը վազում է տուն` միանգամից որոշելով, որ փոքրիկին Դանիել անունը կտա․․․ Նա դեռ չգիտեր, թե Աստված ինչ շնորհով է օծել իր որդուն, որի պոեզիան թթվածնի պես հոգու շունչ է տալու ընթերցողին:
20-րդ դարի արևմտահայ հանճարեղ բանաստեղծ Դանիել Վարուժանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում՝ 1884 թվականի ապրիլի 20-ին։ Իսկական ազգանունը Չպուգքարյան է, Վարուժանը կեղծանունն է, վարուժան են ասում արու թռչնին։
Սովորել է գյուղի վարժարանում, 1896 թվականից ուսումը շարունակել է Պոլսում։ 1902-ին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոց։ Այնտեղ գրում է իր առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի մասին։ Նա 1905 թ. մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարան։ 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Դասավանդում է Սեբաստիայի Արամյան վարժարանում, հետո տեղափոխվում Եվդոկիայի ազգային ճեմարան։ 1912 թվականին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարան՝ տեսչի պաշտոնով։
1915-ի ապրիլի 24-ին Վարուժանին ձերբակալել են թուրք ոստիկանները։ Նա շատերի հետ աքսորվել է Չանղըրը։ 1915-ի օգոստոսի 26-ին՝ տեղափոխվելով Չանղըրըից Այաշ, ճանապարհին նա դաժանորեն սպանվում է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։
Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրել է չորս գիրք՝ «Սարսուռներ» (1906), «Ցեղին սիրտը» (1909), «Հեթանոս երգեր» (1912) և «Հացին երգը» (1921, հետմահու)։ Գրել է նաև նոթեր, հոդվածներ, կատարել թարգմանություններ։
Ականատեսների վկայությամբ՝ Վարուժանը համարձակ երիտասարդ էր՝ լի արարելու անզուսպ ջիղով։ Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր, իսկ նրա ներողամտության մասին առասպելներ էին պտտվում:
Խոսելով վերածննդի դարաշրջանի իտալական և ֆլամանդական արվեստի ազդեցության մասին՝ Վարուժանն ընդգծում էր, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։
Արաքսիի (այդպես էր Վարուժանի կնոջ անունը) հայրը`Միրճան Թաշճյանը, հարուստ առևտրական էր՝ չափազանց պահպանողական ու ավանդապահ: Ընդառաջ գնալով սիրելի դստեր ցանկությանը` Միրճանը Դանիել Վարուժանին հրավիրում է՝ իբրև ուսուցիչ, հայերեն ու ֆրանսերեն ուսուցանելու:
Դասերի ժամանակ Վարուժանը համեստ, զգուշավոր վարքագիծ էր դրսևորում: Նա գիտեր, որ Արաքսին նշանված էր Մ.-ի հետ օրորոցից՝ անկախ իր կամքից, ծնողների ցանկությամբ:
Սակայն, դա խոչընդոտ չդարձավ միմյանցով հմայված երիտասարդների սիրո համար: Աղջիկը հայտարարում է ծնողներին, որ մերժում է իրեն պարտադրված սերն ու նշանածին: Ծնողներն ու հարազատները ամեն կերպ ջանում են նրան հետ պահել այդ որոշումից` անվանելով այդ խայտառակություն, սակայն Արաքսին մնում է անդրդվելի:
Ասում են, որ Վարուժանը նույնիսկ ծրագրում էր ընկերների հետ փախցնել Արաքսիին, եթե վերջինիս ծնողները նորից մերժեն դստերը կնության տալ իրեն: Առաջին արգելքը դեռ մինչև վերջ չհաղթահարած՝ առաջ է գալիս նորը;
Արաքսիի մորեղբայրը` Տիգրանը, որն աշխատում էր մի մեծահամբավ գորգի գործարանում, ծրագրում է Արաքսիին ամուսնացնել նույն գործարանի տնօրենի` իզմիրցի վայելչակազմ ու քաղաքակիրթ մի երիտասարդի` Լ. Էֆենտիի հետ: Հարազատները միաձայն որոշում են, որ Արաքսին պետք է հնազանդի՝ ուզի, թե ոչ: Արաքսիի դիմադրությունն արդյունք չի տալիս: Նշանդրեքի օրն աղջիկը կարճ նամակ է գրում Վարուժանին. « Ոչ ոք կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»:
Դանիելը որոշում է իր ընկերներից մեկի միջոցով երկտողը ցույց տալ Արաքսիի փեսացուին, որպեսզի նա վերջապես ազատ թողնի աղջկան: Կարդալով երկտողը և տեսնելով հարսնացուի գունատ, տխուր դեմքն ու արցունքոտ աչքերը՝ Լ. Էֆենտին հուզվում է և ասում, որ շնորհավորում է Վարուժանին և երջանկություն մաղթում իր սիրելիի հետ: Աղջկա ծնողները ստիպված են լինում զիջել։
Նորաստեղծ ընտանիքում իշխում են սերն ու հոգատարությունը: Նրանց առաջնեկը Վերոնիկն էր, որին Դանիել Վարուժանը ձոնում է «Վարուժնակս» ստեղծագործությունը, երկրորդը` Արմենը, իսկ երրորդը` Հայկակը, որին Վարուժանն այդպես էլ չհասցրեց տեսնել, և որը ծնվեց նրա սպանվելու օրը․․․ Երեք զավակներն էլ ամսուսնացան հայերի հետ. տղաները` Ֆրեզնոյում, աղջիկը` Նյու Յորքում։
Վիդեոներ
Ֆոտո