Logo

«Երբ որ քամին հանդարտվի» [2020-ի կարևորագույն ֆիլմերից մեկը]

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 22.12.2020Ռեժիսորներ
Photo Si le vent tombeSLVT1 @SisterProductions - «Երբ որ քամին հանդարտվի» [2020-ի կարևորագույն ֆիլմերից մեկը]

2020 թվականը խոստանում էր հաջողակ լինել հայ կինոգործիչների և փառատոնային կինեմատոգրաֆի համար, իսկ հայազգի ռեժիսորներից առնվազն երկուսը պետք է սպասված՝ աղմկոտ և մասշտաբային ցուցադրություններ ունենային Ֆրանսիայում՝ Կաննում և Փարիզում։ Խոսքն Արտավազդ Փելեշյանի «Բնություն» և Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմերի մասին է, որոնք ստեղծվել են եվրոպական համարտադրության շնորհիվ՝ «Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության հետ համատեղ, իսկ Մարտիրոսյանի լիամետրաժը՝ Ֆրանսիայի և Բելգիայի։

Փելեշյանի ֆիլմն այնուամենայնիվ ցուցադրվեց քովիդյան սահմանափակումների մեջ գտնվող Փարիզում, սակայն ցավոքդեռևս չներկայացվեց Հայաստանում, ինչպես և ռեժիսոր Արամ Շահբազյանի ծանր ու դժվար ճանապարհ անցած «Չնչիկ»-ը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ հեղինակավոր Բուսանի միջազգային կինոփառատոնում։ Պատմում ենք Հայաստանում ցուցադրված տարվա կարևորագույն՝ Նորա Մարտիրոսյանի Ստեփանակերտի օդանավակայանի մասին խաղարկայինի մասին, որն ընդգրկվեց Կաննի կինոփառատոնի ծրագրում, իսկ երևանցիներին հաջողվեց դիտել այն այս տարվա նոյեմբերին՝ Արցախին նվիրված Ոսկե ծիրանի հատուկ ծրագրի շրջանակներում։

Սյուժե

Միջազգային ինժեներաուդիտոր՝ լրջախոհ, քչախոս ու ինքնամփոփ ֆրանսիացի Ալենը (Գրեգորի Քոլին) «Վոլգա»-տաքսիով հասնում է Արցախ։ Պետք է մանրակրկիտ աուդիտ անցկացնի Ստեփանակերտի վերակառուցված, բայց դեռևս չվերաբացված օդանավակայանում, որի անձնակազմն ու մայրաքաղաքի գրեթե ամբողջ բնակչությունն անհամբեր սպասում են օտարերկացի մասնագետի դատավճռին։ Ալենն է որոշելու (համենայն դեպս, իրեն այդպես է թվում)՝ արդյո՞ք կվերաբացվի պատերազմի պատճառով փակված և սահմանին այդքան մոտ տեղակայված արցախյան օդանավակայանը, որը կարող է դառնալ իր նման օտարազգիների քարտեզներում նոր, միջազգային նշանակման կետ, թե ոչ։ Ալենից բացի, ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը մեզ է ներկայացնում մեկ այլ գլխավոր հերոսի՝ փոքր Էդգարին (Հայկ Բաղրյան), որն անվախ ու ինքնագլուխ հատում է օդանավակայանի արգելված չվերթուղին, որպեսզի կրճատի աղբյուրից տուն գնալու ամենօրյա ճանապարհը. ոռոգում է մահացած ծնողների ցորենի դաշտը, ջուրն էլ զուգահեռ վաճառում հարևաններին, փող կուտակում։

D7C345F3 694C 4354 9015 CE741764BC24 - «Երբ որ քամին հանդարտվի» [2020-ի կարևորագույն ֆիլմերից մեկը]

Հնարավորինս նրբանկատ, առանց ցայտուն կատակերգական ժեստերի, սակայն տրագիկոմիկ երանգներով Մարտիրոսյանը ծանոթացնում է հավասարակշռված և մի փոքր անտարբեր Ալենին արցախյան միջավայրի, այդտեղ ապրող հայերի հետ։ Ֆլեգմատիկ ու զուսպ աուդիտորին նախևառաջ գրկաբաց ընդունում է օդանավակայանի տնօրեն՝ ֆրանսիախոս Կորյունը (Դավիթ Հակոբյան), այնուհետև Ալենին կցված վարորդ Սեյրանը (Արման Նավասարդյան), որոնց միջոցով Ալենը ծանոթանում է Արցախի հող ու ջրի, վեհ սարերի ու լքված բնակավայրերի հետ։ Այդքան սիրելի, սակայն միջազգայնորեն չճանաչված և իր պես եվրոպացի ինժեներների համար անծանոթ երկրի հետ, որտեղ մարդիկ ապրում են, աշխատում, երեխաներ ունենում և երազում ոչ միայն խաղաղության, այլև ազատության մասին։ Հնարավորինս զերծ մնալով պատերազմական կինեմատոգրաֆին բնորոշ չափազանցված ու էմոցիոնալ տեսանկյունից շահարկվող շարժալեզվից՝ Մարտիրոսյանը չի խոսում ուղիղ ու ճակատային, խուսափում է պատմել ֆիզիկական ցավի, վիշտի, կորուստի ու ատելության մասին։ Հակառակը՝ զգուշավոր վրձնախազերով համեմում է սուղ իրադարձությունների վրա կառուցված պոետիկ ու գրեթե տողատակում տեղակայված ֆիլմի խնդիրը՝ ընդամենը մի քանի տեղական, կոլորիտային տեսարանով։ Ամենատպավորիչներից է վարորդ Սեյրանի (այս դերում չափազանց օրգանիկ է Նավասարդյանը) ու իր ընկերների հետ «թոթի արաղ» խմելու դրվագը, երբ ֆրանսիացի Ալենը մի փոքր լիցքաթափվում է և խնջույքի ավարտը դիմավորում բաց դաշտում՝ հով գիշերային քամու, ծղրիդների երգերի ու աստղազարդ երկնքի ընկերակցությամբ։

Միավորելով մի քանի սյուժետային գիծ՝ Մարտիրոսյանը, ցավոք, կորցնում է լարված ու միանշան ուղղությունը՝ ներկայացնելով մեզ մի փոքր թերի, տեղտեղ հում հերոսների։ Որքան էլ լիարժեք և խոսուն է Նավասարդյանի կերպարը, Նարինե Գրիգորյանի և Վարդան Պետրոսյանի հերոսների ու ներկայության մասով այնուամենայնիվ կան որոշակի հարցեր, չնայած, ֆիլմի պատմության ուրվագծերը նույնպես հստակ չեն, ինչպես որ անպարզ է արցախյան օդանավակայանի ճակատագիրը, որը սպասում է դրսի՝ արտաքին միջամտմանը, որպեսզի կարողանա լիարժեք գործել, շնչել ու արտաշնչելով՝ բացելով թևերը։ Մարտիրոսյանը դիմել է ոչ միայն միջազգային համագործակցությանն ու միջամտմանը, այլ նաև հայտնի՝ «less is more» ասացվածքի սկզբունքներին՝ նախընտրելով աղապակաս թողնել պատմությունը, քան ծանրացնել խիտ ու ծանրամարս դրամատիզմի նժարը։

Ալենը սկզբից չի հասկանում, թե ինչպես կարող են ստեփանակերտցիները մտածել ու երազել միջազգային չվեթների, ազատ ու հասանելի ճանապարհորդությունների մասին, երբ դրանով այդքան խոսելի ու հասանելի են դառնում հակառակորդի համար։ Իր՝ ռացիոնալ ու կշռադատված տրամաբանության մեջ չի տեղավորվում նման գուցե մի փոքր արկածախնդիր ցանկությունը, որն անկայուն խաղաղության ֆոնին թվուն է այդքան անիրական՝ անգամ ուտոպիստական։ Մի կողմից Էդգարն (ու իր գործունեությունը), որը խորհրդանշում է արցախյան ներկան ու ապագան, անցել է կորուստների միջով, սակայն մնացել է անկոտրուն ու նպատակասլաց, մյուս կողմից միջազգային հանրությունը՝ ի դեմ Ալենի, որը սկզբում սառն է ու անտարբեր՝ հետևելով բյուրոկրատական կարգուկանոնին, սակայն արդյունքում խճճված ու շփոթված։

«Երբ որ քամին հանդարտվին»-ն անավարտ, բազմաթիվ հարցականներով կտավ է, որը, կարծես, սպասում է անհրաժեշտ լրացումների։ Բայց այդ բոլոր սցենարական անծածկ փոսերի հետ մեկտեղ այն վիզուալ, մթնոլորտային առումով ուղղորդում է, կլանում՝ պարգևելով մի շունչ թարմ, սառը օդ։ Օպերատոր Սիմոն Ռոկայի և կոմպոզիտոր ՊիեռԻվ Կռուայի շնորհիվ այն սուզում է մեզ Արցախի անվերջ կապտականաչ, մշուշոտ ու վայրի անտառներ՝ ժամանակ առ ժամանակ հիշեցնելով անարդար ու խտրական թղթաբանության, օդանավակայանի պատմության կոնտեքստում հեգնական թվացող խորհրդային տարիներից մնացած սոցռեալիստական պատկերազարդումների ու պարզապես խաղաղ ապրել ցանկացող՝ չվհատվող մեծ ու փոքր արցախցիների մասին։

5ED8C702 743A 4B60 9ED1 7DD0E2583CFC 960x618 - «Երբ որ քամին հանդարտվի» [2020-ի կարևորագույն ֆիլմերից մեկը]

Խորհրդանշական է, որ ֆիլմի՝ ինչպես հայաստանյան պրեմիերան, այդպես էլ առաջին՝ ֆիզիկապես անդրանիկ՝ Տալլինի միջազգային կինոփառատոնում տեղի ունեցած ցուզադրությունները զուգադիպեցին 2020 թվականի Արցախյան պատերազմի հետ։ Մինչ այդ «Երբ որ քանին հանդարտվի»-ն ընդգրկվել էր Կաննի կինոփառատոնի պաշտոնական ծրագրում՝ ցավոք չունենալով կարմիրգորգյան՝ իսկական և ոչ վիրտուալ ցուցադրություն։ Քանի որ ամբողջ պատմությունը նկարահանված է Արցախում՝ Կաննի կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Թիերի Ֆրեմին շտապել է պատասխանել դրսից հնչած քաղաքական մեղադրանքներին՝ ի աջակցություն ֆիլմի անկողմնակալությանը՝ նշելով, որ «Այն (ֆիլմն) ավելին է տալիս մեզ, տալիս է մտածելու տեղիք, բնապատկերներ, ժողովուրդ, հույս, ստիպում է մեզ տեսնել և հասկանալ: Սա էլ է կինոյի դերը»։

Մարտիոսյանը չունի Ստեփանակերտի օդանավակայանի, ինչպես որ ոչ մեկս չունի ամբողջ Արցախի ապագայի հարցի այդքան անհրաժեշտ պատասխանը։ Նա վավերագրել ու ներկայացրել է ավելի շուտ դրսի, քան ներսի հայացք՝ թողնելով մեզ անորոշության շեմին, որն ավելի է խորացել վերջին օրերին։ Սակայն երբ չվերթուղին կանգուն է, իսկ կողքին առկա է զովացնող ու խիստ պիտանի աղբյուրը, թվում է թե դիսպետչերների ու սուլացող օդագնացի ձայնի առկայույթունը միայն ժամանակի հարց է։