Logo

Երևանի ամենամեծ և ամենապտղատու այգիները. Դալմայի այգիներ

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 21.01.2021ՄՇԱԿՈՒՅԹ
exrfr - Երևանի ամենամեծ և ամենապտղատու այգիները. Դալմայի այգիներ

Դալմայի այգիները Երևանի ամենամեծ և ամենահին պտղատու այգիններն են։  Գտնվում է Երևանի Կենտրոն, Աջափնյակ , Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների և Կիլիկիա թաղամասի միջև պարփակված հատվածում։

«Դալմա» կամ «դեոլմե» բառի վերաբերյալ գոյություն ունեն մի շարք բացատրություններ։

Ըստ Մ. Խորենացու, Մ. Աբեղյանի, Ա. Ղանալանյանի և Խալաթյանցի՝ դեոլմեն պարսկերեն բառ է և նշանակում է քանդվածը վերաշինել, լցվածը մաքրել, իսկ որպես ածական՝ պեղած, ծակած։ Ըստ Երվանդ Շահազիզի՝ «դեոլմեններն» այն հին գետափոր ճանապարհներն են, որոնցով Դալմայի այգում գտնվող ջրանցքի ջուրը հոսել և ոռոգել է Դալմայի այգիները:

Դալմայի այգիների ստեղծումը թվագրվում է Վանի թագավորության արքա Ռուսա Բ-ի գահակալության ժամանակահատվածով։

Հայտնի է, որ դեռևս հնագույն ժամանակներից Դալմայի այգիները եղել են պտղատու։ Այնտեղ մշակվել է հազարից ավելի տեսակի խաղող, որից մեծ քանակությամբ գինի են պատրաստել։

Դալմայի այգու մասին առաջին անգամ հիշատակվում է Ռուսա Բ-ի թողած սեպագիր արձանագրությունում, որը տեղադրված է Զվարթնոց տաճարի հարևանությամբ։ Արձանագրությունում ասվում է.

Կուարլինե դաշտի հողը «շուլե» էր, Ոչ մի բան այնտեղ չկար: Հենց որ Խալդեն կարգադրեց, ես այս խաղողուտը հիմնեցի, արտ ցորենի, անտառ նոր այնտեղ հիմնեցի, քաղաք նոր այնտեղ կառուցեցի: Մի ջրանցք Իլդարունի գետից անցկացրի` ՙՈւմեշե՚ անունով, սույն Ռուսայան դաշտին։ Երբ ջրանցքը փորեն, մեկ ուլ թող Խալդեին ողջակիզեն, մեկ ոչխար Խալդեին թող զոհաբերեն, մեկ ոչխար` Թեյշեբային, մեկ ոչխար` Շիվինեին, մեկ «շեխադե»` Անիկուին: Ռուսա Արգիշթորդու կողմից, որը արքա է հզոր, արքա մեծ արքայության Աշխարհիս: Արքա Վանեցոց, Արքա արքայոց և արքա Տոսպ քաղաքին: Ով որ այս արձանագրությունը փչացնի, ով փշրի, հողում թաղի, ով ջուրը գցի, ով տեղից իր շարժի, ով արևի առջևից առանձնացնի կամ ասի «ոչնչացրու», ով ուրիշին ասի. «Ես կատարեցի», ով որ անունս ջնջի և իր անունը գրի, լինի նա Վանեցի, լինի լուլուրեցի, թող որ Խալդե, Թեյշեբա, Շիվինե աստվածները չխնայեն, թե՛ անունը, թե՛ սերունդը երկրի վրա չթողնեն։

 

Այգու տարածքը պատահական չի ընտրվել։

Այն ունի հարավարևմտյան թեքություն, իսկ նման աշխարհագրական դիրքում լուսավորության և ջերմային պայմանները առավել նպաստավոր են այգեգործության համար։

Ներկայումս Դալմայի այգիները զբաղեցնում են 530 հա տարածք, սակայն նախկինում այգին սկիզբ է առել Ծիծեռնակաբերդի բլրից և ձգվել մինչև Զվարթնոցի տաճարը։

1950 թ. Կարմիր բլուրում իրականացվող պեղումների ժամանակ հայտնաբերվել են յոթ մառաններ՝ 420 գինու կարասներով՝յուրաքանչյուրը 800-1200 լիտր տարողությամբ։ Կարասների մեջ եղել են խաղողի կորիզներ, որոնց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանք առ այսօր Դալմայի այգում աճող եզանդարի, խարջի, ասքյարի, մսխալի սորտերից են։ Հայտնաբերվել է նաև ածխացած խաղող, որը ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու պատվերով 1962 թ. ուսումնասիրվել է խաղողագործ-գինեգործ Դերենիկ Սաֆարյանի կողմից: Դալմայի այգիներում մինչև վերջերս մշակվել են խաղողի մոտ 80 սորտ և թթի, ծիրանի, խնձորի տասնյակ սորտեր։

 

Դալմայի ջրանցքը

Դալմայի այգիները, սակայն, միայն խաղողով չէ, որ հայտնի են։ Այգում մինչև օրս էլ պահպանվում է Դալմայի ջրանցքը, որը նույնպես կառուցվել է Ռուսա Բ-ի կողմից՝Հրազդան գետի վրա և հիշատակված է վերոնշյալ սեպագիր արձանագրության մեջ Ումեշե անունով։ Այն ոռոգել է Դալմայի այգիներն ու շրջակա դաշտերը։ Ջրանցքն սկիզբ է առնում Դավթաշենի կամրջի մոտից, գետնի տակով անցնում մոտ երեք կիլոմետր, ապա դուրս է գալիս Հրազդան կամրջին հարող այգու տարածքում։ Ջրանցքն ունեցել է 8,5 կմ երկարություն։ Այն ջրի ամենամեծ պաշարն ունեցող ջրանքն է։

Ըստ Երվանդ Շահազիզի՝ Դալմայի ջրանցքը մեկն էր Երևանի այն գլխավոր առուներից, որոնք սնվում էին Հրազդան գետից։ Դրանք այնքան լայն ու երկար էին, որ գետի ջրերի մի մասը բերում էին քաղաք և հասցնում քաղաքի բոլոր հեռավոր անկյունները՝ լցնելով Թոխմախան գյոլ կոչվող լճակը, որից ջուր էր մատակարարվում Շահարի հանդին։

Ըստ Շահազիզի՝ Դալմայի ջրանցքի մագիստրալի երկարությունը կազմել է 6 վերստ, իսկ ճյուղավորումը՝ 3 վերստ։

Այսպես է նկարագրում Շահազիզը Դալմայի ջրանցքը.

«Դալման, հանված լինելով Հրազդանի աջ ափից, Երևանի «Այգեձոր» (Դարաբաղ) կոչված արվարձանի դեմ, մտնում է մի ներքնուղու մեջ, որ փորված է մի բավականին բարձր սարի կրծքում, և հակառակ կողմում, 300 սաժեն տարածություն անցնելուց հետո դուրս է գալիս գետնի տակից մի առատաջուր մեծ աղբյուրի նման։ Այդ առուն ոռոգում է «Դամլայի» կոչված այգիները, նրա մի մասն էլ անցնում է Նորագեղի այգիները, մի երրորդ մասն էլ հոսում է դեպի արևմուտք, որտեղից անցնում, ոռոգում է Էջմիածնի նախկին վանքապատկան հողերը»։

 Հրազդանի աջ ափին գտնվող Դալմայի այգիները, սակայն, տնկվել են ավելի ուշ՝ Երևանի Հուսեյն Ղուլի խանի օրոք։

Հուսեյն Ղուլի խանի ապարանքը, որ գտնվել է Երևանի բերդին կից, նայել է այն մերկ ու չոր դաշտերին, որոնց տեղում գտնվել են այգիները։ Նա հրամայել է այդ դաշտն ամբողջությամբ վերածել այգիների։ Սակայն տեղանքն ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ այդ տեղանքում ջուր չկա և հնարավոր չի լինի ամայի դաշտն այգու վերածել։ Բազմաթիվ շինարարներ գործի դնելուց հետո պարզ է դառնում, որ նախկինում դաշտը ոռոգել է մի ջրանցք, որը շատ երկար ժամանակ փակ է եղել։ Հյուսեին Ղուլի խանը կանչում է իր խանության բոլոր հմուտ առու հանողներին և հրամայում է նրանց որոնել և գտնել վաղեմի ջրանցքի ակը։ Այնուհետև վարպետներ են կանչում Մակուից, Թավրիզից, Սպահանից։ Ձորաբաշի տակ գետի եզերքը բռնելով՝ նրանք գնում են ջուրն ի վեր և, վերջապես, հասնում այն տեղը, ուր երևում էին վաղեմի ջրանցքի հետքերը։ Սկսում են օր ու գիշեր աշխատել, մինչև որ կարողանում են բացել խցանված ակը՝ դեոլմե անել։Այսպիսով, 1815 թ. սրբազների ու գյուղացիների ձեռքով մաքրվում և վերաշինվում է անհիշելի ժամանակներից այդտեղ գոյություն ունեցած ջրանցքը, և առատ ջուրը գետնափոր ճանապարհով՝ «դեոլմեով» կրկին ոռոգում է դաշտերը։ Ջրանցքի ակը բացել տալուց հետո Հուսեյն Ղուլի խանը Հրազդանի աջ ափին 149 այգի է տնկել տվել, որոնցից տարեկան տուրք է ստացել՝ եկամտի կեսը։ Ընդհանրապես, Հուսեյն խանը հայտնի էր իր շինարարական ու վերանորոգչական աշխատանքներով։ Նրա խանության օրոք բացվել են նոր առուներ, հները նորոգվել, տնկվել նոր այգիներ ու պարտեզներ։ Այդպես խանն ավելացրել է իր եկամուտը։ Ընդհանուր առմամբ Հուսեյն խանը քաղաքից միայն ստացել է 12.414 թուման հարկ։