Logo

Ես Անի Քոչարն եմ…

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 10.12.2018ՄՇԱԿՈՒՅԹ
քոչար - Ես Անի Քոչարն եմ...

Երբ ես 18 տարեկան էի… խենթ մի սիրտ էի աշխարհում, որն անպարտելի էր…

Իսկ հիմա դարձել եմ ավելի… հասուն, փորձառու և բազում մտավախություններով, վերջինն ինձ շատ է անհանգստացնում, երազում եմ 18-ի անպարտելիության ոգին:

Գիտեք, ակտիվ երիտասարդ կյանք վարելը… կյանքի խենթ ու հիասքանչ մի շրջան է, որը երանի թե երկար տևի:

Իսկ մոդել լինել Հայաստանում նշանակում է… նշանակում էր և է՝ բոլորովին տարբեր բաներ: Իմ ժամանակով մոդելային բիզնեսը բոլորովին այլ էր, այժմ` այլ: Ինձ համար այն արվեստ էր ու ես դրա կրողն էի, որն այն ժամանակ քչերն էին ընդունում և ընկալում: Ճանապարհ հարթողների սերունդ դուրս եկանք :)

Ուժեղ ու կամային աղջիկ լինելս… վահան է, որն ինձ պաշտպանում է. իրականում շատ զգացմունքային տեսակ եմ, անգամ ավելին, քան կուզեի:

Իմ միջի ուժեղը… թևեր է տվել ճախրելու անգամ այն ժամանակ, երբ թևերս բոլորովին վնասված ու թույլ են եղել:

Բայց հավատացեք ամենևին էլ հեշտ չէ… այո, այդպես է, իսկ ո՞վ է ասել, որ հեշտ է լինելու, իսկ ո՞ւմ է ի վերջո հեշտ: Ամենքս մեզ բաժին հասած փորձությունն ենք հաղթահարում և փառք նրան, ով կյանքի փորձություններից դուրս է գալիս առավել ամրացած և իմաստնացած, և ոչ թե դառնացած և չարացած:

Իսկ անձնականիս հանրային քննարկումները… հավատացեք բոլորովին իմ սրտով չի եղել: Այժմ առավել քան ջանում եմ` հազար փակի տակ պահել անձնական կյանքս:

Հեշտ է մարդուն քննադատել… այո դատելն ու քննադատելը անչափ դյուրին է, եթե տեղյակ չես, թե իրականում ինչ է կատարվում և ինչու և կամ անձի դրդապատճառներին ծանոթ չես: Եվ հետո, ինչ էլ անես, ինչպես էլ ապրես քննադատողներ միշտ էլ կգտնվեն: Հոր և որդու` ավանակի հայտնի պատմությունը ձեզ վկա :))

Բայցևայնպես… թող առաջինը քար նետի նա, ով անմեղ է…

Ես երբեք չեմ փոշմանում… առհասարակ աշխատում եմ այնպես ապրել, քայլերս այնպես դասավորել, որպեսզի հետագայում չզղջամ, բայց դե անսխալական չեմ և ես, և այո, կան բաներ կյանքումս, որ մեծ սիրով կսրբագրեի:

Իմ միջի արդարը… շատ խիստ է և անզիջում, անաչառ և հավասարակշռված: Շնորհիվ նրա, ես կյանքը չեմ տեսնում սև և սպիտակ, բացարձակ չար կամ բացարձակ բարի: Այս կյանքում ամեն բան տեղ է գտել, և իմ մեջի արդարի շնորհիվ եմ փորձում զատել արդարացին ու անարդարը:

Տղաս… որդիս մի լուսավոր ու պայծառ էակ, մի հոգատար և ապշելու բարի տեսակ, որ ինձ ապրելու իմաստ և ուժ է տալիս: Խենթանալու լուսավոր դեմք է, և իմ մեջի արդարն ասում է, որ իսկապես այդպես է, և ոչ թե մոր աչքում է զուտ այդպիսին: Նրա մասին էլ շատ չեմ խոսում և համացանցում էլ աշխատում եմ շատ նկարներ չհրապարակել, բայց դե, երբեմն տրվում եմ գայթակղությանը :)

Իմ միջի մայրը… իր մեջ կրում է իկոնա հիշեցնող Օֆելյա տատիկիս, հերոսուհի մայրիկ՝ էմմա տատիկիս (10 երեխա է ունեցել)  և ի վերջո իմ չափազանց հոգատար և ուժեղ մոր` Սաթենիկի մայրական բոլոր հատկանիշները: Մեզ մոտ բացառապես սկզբից որդուս և հետո նոր մորթուս մոդելն է: Ֆանատիկ մայրերի տեսակ, որը  կարծում եմ շատ հայ մայրերի է բնորոշ, ինչը օտարության մեջ չտեսա:

Ասում են` Աստված երբեք քո ուժերից ավել ծանրություն չի տալիս… գուցե և այդպես է. բայց եթե անկեղծ, ապա ես այլևս հրաժարվում եմ ուժեղ լինելուց, ինձ բաժին հասած հարվածները, փորձությունները և դժվարությունները մի կյանքի համար լիուլի էին. Ես այլևս հրաժարվում եմ… Թեև հանձնվել երբեք չեմ պատրաստվում, դա ինձ խորթ մի բան է, բայց թույլ լինել, թեկուզ մի պահ յուրաքանչյուրի իրավունքն է:

Ես ամենաշատը հավատում եմ… Տիրոջը և որ այս կյանքում ոչինչ պատահական չի լինում: Աստված սեր է և լույս, ես այդ սիրուն և լույսին եմ հավատում և ձգտում:

Իմ միջի անկոտրումը… ասում է՝ հավատա՛ և պայքարի՛ր, ու ամեն բան լավ է լինելու: Ով փնտրի, նա էլ կգտնի, ով ուզի, կտրվի նրան, և ով բախի դուռը, կբացվի նրա առջև: Եվ ահա ես անկոտրումորեն հավատում եմ, փնտրում, ուզում և բախում և համբերատար սպասում…

Իմ Երևանը… իմ կյանքի մայրաքաղաքը, իմ սերն ու տունը, իմ կարոտն ու վերհուշը, ահա թե ինչ է ինձ համար Երևանը: Այժմ ես անտուն եմ, ասել է թե` անԵրևան, և դա ինձ համար մեծ ցավ է…

Ու իմ կարոտներն ունեն… հոտ, գույն, ձև և անգամ անուններ: Իմ կարոտները ծանրացած են սրտիս, հուսամ մի օր կթեթևանամ: Դժվար թեմա է ինձ համար, արցունքները կոկորդս խեղդեցին…

Գնալով ավելի դժվար է դառնում… օտարության մեջ ապրելը, ինքդ քեզ օտար լինելը, ինքդ քեզ չներելը այդ նույն օտարության համար, ինչպես նաև մեղքի զգացումը որդուս և ծնողներիս նկատմամբ: Հուսամ՝ Աստված կտա հնարավորություն բոլոր մեղքերս քավելու:

Բայց ես… կշարունակեմ սփոսել ինձ ու հավատալ, որ ոչինչ պատահական չի լինում և ինչ որ լինում է, բարին է, և որ ամեն մի անհաջողության մեջ պետք է գտնել և կամ փնտրել թաքնված հաջողություն:

Իմ միջի նուրբը… անծանոթ շատերին, բայց և այնքան նկատելի…

Կյանքը երբեմն պայքար է, ուստի… կյանքը հենց պայքար է, որ կա, և ոչ թե երբեմն, այլ մշտապես, համենայնդեպս ես այդպես եմ ճանաչում և այդպիսին գիտեմ: Ինձ և իմ ընտանիքին երբեք ոչինչ հեշտությամբ չի տրվել ու սկուտեղի վրա չի մատուցվել, մենք պայքարել ու տքնել ենք ամեն Աստծո օր: Արդար է, թե ոչ, չգիտեմ, բայց որ մենք միշտ արդար վաստակ ենք վայելել և գոհացել մեր պայքարի պտուղներով, հաստատ է:

Կյանքը երբեմն նվեր է, ուստի… այո, կյանքը նվեր, ավելի ճիշտ պարգև և շնորհ է Տիրոջից, որը պետք է վայելել և վայելել աստվածահաճո կերպով և ոչ թե մոլորություններով:

Կյանքը երբեմն դաժան է, ուստի… պետք է կարողանալ դիմակայել այդ դաժանությանը և չտրվել թուլությանը, քանզի եթե մարդ կոտրվի և հանձնվի, դրանից իրեն ավելի հեշտ ու լավ չի լինելու, ճիշտ հակառակը, այնպես որ դաժանությանը պետք է անկոտրումությամբ պատասխանել և չդադարել փնտրել Աստծո լույսն ու սերը:

Կյանքը միշտ ու միշտ պարգև է, ուստի… ուստի պետք է ապրել մինչև մեռնելը և ոչ թե ամեն օր մեռնելով ապրել:

Իմ միջի ռեալիստը… իրատես լինելը կարծես ի ծնե է ինձ մոտ, բայց այն երբեք չի խամրեցրել իմ մեջի ռոմանտիկին, լավատեսին և երազողին:

Փակ աչքերով կարդում եմ… ախտորոշումս և, թե ինչ է այն իրենից ներկայացնում, բայց էլ ավելի գոտեպնդվում, որ պետք է ապրեմ ի հեճուկս հիվանդության, պետք է փրկվել Տիրոջով և պետք է այս մոլորյալ աշխարհում վկայեմ Աստծո սիրո և ամենակարողության մասին:

Իսկ բաց աչքերով… շարունակում եմ վայելել ամեն մի օրս, նայել շուրջս, երազել կրկին ճամփորդելու և ավելին տեսնելու մասին:

Արևի ու անձրևի արանքում մի փուլ կա, որը… ծիածան է նվիրում. անսահման թախծի և գորշության մեջ կրկին գույն ու լույս է հայտնվում: Կրկին ժպտալու և ապրելու ցանկություն տալիս: Ես սիրում եմ անձրևը. իմ լռության և թախծի սիրելին է նա:

Ու ես այն անցնում եմ… շատ մեծ հույսով, որ այլևս չի կրկնվի, և որ անտեսածս մարդկային կեղծավորությունն ու անշնորհակալությունն այլևս ստիպված չեմ լինի տեսնելու, զգալու, որ նրա համար պարզապես տեղ չի լինի իմ կյանքում, քանզի այնքան լի է մարդկային բարձր որակներով և արժանքիներով:

Ու մեկ էլ ասում են, որ գիշերվա ամենամութ պահը լուսաբացից առաջ է… այո, դա այդպես է և ճիշտ է նաև այն, որ փոթորկից ու անձրևից հետո վառ արևն է շողում: Երանի թե իմ կյանքում էլ այդպես լինի… Ես արևաշող իմ այդ լուսաբացին շատ եմ սպասում, երբ ես կրկին ես կլինեմ ու ինձ հարազատ միջավայրում կլինեմ:

Իմ միջի ապրողը… ապրում է և ապրեցնում, անգամ այն պահին, երբ թվում է, թե վերջն է, նա չի հանձնվում:

Ես միշտ ուժ եմ տալիս և օգնում նրանց… ովքեր ունեն դրա կարիքը, ովքեր չեն պարտադրում ինձ իրենց օգնելու անհրաժեշտությունը, ովքեր իրենք են ձգտում իրենց իսկ որևէ բանով օգնելու: Ես ինձ ինչ հիշում եմ, մշտապես շտապօգնության դերում եմ եղել…

Թեպետ… հաճախ հենց ինքս եմ օգնության և աջակցության կարիք ունեցել: Բայց ես մի վատ բնավորություն ունեմ, օգնության չեմ դիմում, եթե կզգան, ձեռք կմեկնեն, գուցե չմերժեմ, բայց ինքս ծայրահեղ դեպքերում կբարձրաձայնեմ: Գուցե նույն բանը ուրիշի համար անեմ, խնդրեմ կամ դիմեմ, բայց ինձ համար` ոչ: Դաժան եմ իմ նկատմամբ :)

Իմ միջի ապրեցնողը… անգամ մեռնելու պահին ուրիշներին է հույս տալիս և ապրեցնում:

Երազում եմ, որ երբեք կիսատ չմնա… գործս, անելիքս, նվիրումս՝ կյանքս մեկ խոսքով: Որ Տերը պահի ու պահպանի մեզ և ամեն բան իր ժամանակին լինի:

Եվ այդուհանդերձ… ամեն բան հարաբերական է, և ո՞վ ասաց, որ այստեղ է մեր երջանիկ ու ցանկալի կյանքը, ոչ մեկս չգիտենք, թե ինչ կա այնտեղ, որտեղ երբեք չենք եղել, և որտեղից որևէ մեկը չի վերադառնում:

Ես Անի Քոչարն եմ, ես… Աստծո լույսը տեսած մեկն եմ… Ես Աստծո դուստրն եմ…

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Կարդացեք նաև

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ…