Logo

Ես Գուրգեն Խանջյանն եմ․․․

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 25.02.2020Գրադարան
88006257 1249568618572071 1338163353889013760 n - Ես Գուրգեն Խանջյանն եմ․․․

Երբ ես 18 տարեկան էի․․․ Անհոգ տղա, գայլի ճուտ (անունս հենց էդպես էլ թարգմանվում է պարսկերենից)` փողոցներում, սրճարաններում, գնացքներում, օտար ինչ-որ քաղաքներում` արկածների կարոտ, սեր փնտրող, անհագուրդ…

Իսկ հիմա, թեպետ վաղուց արդեն 18 չեմ, բայց… Գայլի ճուտը չի մեռնում, մնում է, ապրում է ներսումս իր անձավում, բայց` խիստ վերահսկողության տակ է, և դա երևի վատ չէ, այլապես հոգեբուժարանի պացիենտի կնմանվեմ: Բայց երբեմն հաջողացնում է խաբել հսկիչի զգոնությունը և փախչել դուրս, ավազակություններ անել, չարաճճիություններ, ի վերջո բռնվում` հետ է բերվում, բայց էն փախցրած ժամերը կամ օրերը շատ հմայիչ են…

Երբ ես երիտասարդ էի, ինձ համար 70-ամյա մարդը ծերունի էր թվում, իսկ այսօր… երբեմն թվում է` առանձնապես բան չեմ ապրել, էլի` մի տասնութ տարի: Երբեմն էլ թվում է` սարսափելի շատ եմ ապրել` մի քանի յոթանասուն, ո՞նց էլ հաջողացրել եմ… Ասես Այնշտայնի ժամանակի հարաբերականության տեսության հոգեբանական, գոյաբանական դրսևորումը լինի, հրաշալի հոգեվիճակ է, մի առավոտ արթնանում ես` ու մեկ էլ էլի տղա ես, նոր սովորած մի ջազ շվշվացնելով դուրս ես գալիս անհայտին ընդառաջ…

 Մանկություն հիշելիս առաջին հերթին… Օտար, օտար, օտար… Թիֆլիսում` երևանցի, Երևանում` թիֆլիսեցի, ու ըստ դրա` ամենուրեք ուրիշեցի… Մանկությունս` չսիրելով եմ սիրում…

Ասում են, կրիան ճանապարհի մասին ավելին գիտի, քան նապաստակը… Բայց կուզեր գոնե մեկ անգամ նապաստակի պես սլանալ խելակորույս` այդ լրջմիտ, ծանր, ճանապարհներ իմացող կրիան… Իրականում դմբո կենդանի է, բան էլ չգիտի առանձնապես, ես փոքր ժամանակ պահել եմ մի քանի հատ, գլուխը հանում է զրահի տակից, ձգում ու ապուշացած նայում աջ-ձախ… Սակայն գուցե ես եմ դմբո, ինքը ինձնից էլ շատ բան գիտի…

Եվ ասում են նաև, որ բոլոր ժամանակներում բոլոր մարդիկ… այդպես էլ մանուկ են մնում, ինչպես ասել եմ իմ վեպում` կյանքը մանկապիղծ է, մահը` մանկասպան…

Իսկ ես մի մարդ եմ… մի հայացք ունեմ, որ ակնածանքով պահում եմ ներսում, ես իմ ներսում տեսնում եմ իմ այդ հայացքը, հազարից մեկ եմ դուրս թողնում, այսինքն ինքն է դուրս գալիս հանկարծ, հազարավոր տարիների հայացք է` սարերով, դաշտերով, ջրերով, գյուղերով, նախնիներով, դրացիներով, թշնամիներով, կռիվներով, արյուններով, սերերով, անձավներով, վերով, վարով ու եսիմ էլի ինչերով անցած-եկած… Իմ մեջ է, ես գիտեմ այդ հայացքը, ճանաչում եմ, սարսափում ու սիրում եմ միաժամանակ, առանց իրեն ես ես չեմ, եթե այն տանեն իմ միջից` կփլվեմ, կդառնամ ամորֆ նյութ… Թող մնա մեջս, միշտ, ինձնից հետո էլ… Այսինքն, ինքը ինձ չի հարցնելու, ինձ փոխանցվել է, ինձնից էլ փոխանցվելու է…

Գնացքները գալիս են ու գնում… Գնում են, գալիս… իսկ ես հաշվում եմ վագոնները, լսում անիվների խփոցը ռելսերին, տարբերում եմ բեռնատարը մարդատարից, լսում եմ կայարանի հաղորդավարի ձայնը` «Առաջին հարթակ է ժամանում Երևան-Թբիլիսի գնացքը…»… Մանկությունս է, մեր տունը Թիֆլիսում երկաթգծերի ափին էր, ու գնացքն էդպես էլ մնաց իմ մեջ` գուցե որպես երազ ու հեքիաթ, գուցե որպես բարդույթ… Հետագայում` Երևան-Սոչի, Երևան-Մոսկվա, Երևան-Ռոստով, Երևան-Մոսկվա-Սվերդլովսկ և այլն, սա արդեն երազ կամ  բարդույթ չէր, ճամփորդություն էր, արկածներ, գնացքով ճամփորդելը մեծ վայելք է, կյանքն է` մոդելավորված, արագընթաց, իր կանգառներով, անծանոթներով, պատուհանների հետևում արագ փոփոխվող լանդշաֆտներով… Հիմա չեմ ճամփորդում, վաղուց, նևրոզներիս պատճառով, մարդկանց երկարատև մոտիկությունը անտանելի է, խռմփում է, խնչում, շատախոսում, տափակ անեկդոտներ պատմում, քրտնահոտում… Մի խոսքով զզվելի մարդ եմ դարձել, մեծամասամբ` ինքս իմ մեջ, դրսի մեջ` կարճատև, հնարավորինս` հպանցիկ… Գնացքների հեքիաթը ներսումս է չխկչխկում հիմա…

 Մենք մեր մեջ սպանում ենք մեր փրկչին… Վիպակ ունեմ` «Սպանել Փրկչին», սպանելու համար նախ պետք է գտնել, անդադար փնտրում եմ, սպանելու ժամը չի գալիս, ինքն ավելի շուտ է սպանելու…

Ես արդեն այնքան շատ եմ գրել, որ… էլ գրել չե՞մ ուզում… Հա, հաճախ է պատահում` ասում եմ` վերջինն է, էլ չեմ գրելու, էնպես` մանր-մունր… Բայց չէ, չի ստացվում, և պետք էլ չէ, որ ստացվի, չէ՞ որ ես ինձ եմ գրում, ինձ ճանաչելու, բացելու, գաղտնագրերս որսալու համար, իսկ մարդը չի կարող սպառել ինքն իրեն, անհնարին է սպառել անվերջը, անընդգրկելին, ուստի եթե այլևս չգրեմ… Չգիտեմ ինչ պատճառաբանություն մոգոնեմ, բայց դե դա հետո, առայժմ գրում եմ…

Սերը գալիս է ճամփեքով… Սերը ճամփեքին է, սերը ճամփան է նաև, վրայի քարը, փուշը, խոտը, ծաղիկը, կինը, հուշը, քոնոնք, մյուսները… Բայց սերը չի գալիս, նա սպասում է, դո՛ւ պիտի փնտրես, ընդառաջես… սերն իրեն սիրող-փնտրողին է սիրում, սիրելու ընդունակ պիտի լինես, հասկանաս` ամեն ինչ ու ամեն բան սեր է, այլապես` հա թափառի, մոտ եկող չի լինի… Ես ճանաչում եմ մարդկանց, կասեի` դժբախտների, որ սիրո ընդունակ չեն, չգիտեն ինչ է սերը, կարոտը, արցունքը, երջանկությունը, էնպես ապրում են, գոյում, ուտում-խմում, մարսում, մտածում նույնիսկ, գուցե` մեզնից էլ լավ, այսինքն հստակ, ռեալ, բայց մեռած մարդիկ են… Ինչո՞ւ է Տերը ոմանց այդպես խիստ պատժել, այդ ինչ սարսափելի մեղք են գործել…

 Իմ միջի երևանցին քաղաքին պատմում է… Ես` իրեն, ինքը` ինձ, անդադար, պատմում ենք, հիշում` այ քո էս փողոցով էր, որ անցավ… Այ իմ էս փողոցին էր, որ համարձակությունդ չհերիքեց, այ էստեղ էր, որ ծեծ կերար… Այ էեստեղ էր, որ վերջապես ժպտաց… Եվ այլն, և այլն, և այլն… անվերջ…

Կյանքը մեզ անակնկալներ է տալիս… Էս քանի օրս աթոռը ջարդվել էր, չծուլացա, սոսնձեցի, հետո մի լավ, խոշոր, սղլիկ մեխով մեխեցի… Անասելի հաճույք էր, հանկարծ հիշեցի` ախր մի հարյուր տարի մուրճ չեմ առել ձեռքս, մեխ չեմ խփել… Ուրերմն հիշում են ձեռքերս, մենակ գրիչով չի էս ամեն ինչը… Ուզեցի էլի ջարդված բաներ գտնել ու մեխել, մեխել, սղոցել, «քյալփաթինել», նորից մեխել… Գուցե հարցի հետ կապ չուներ պատմությունս… Բայց էնքան հմայիչ էր, որ ուզեցի հիշել… Մյուս կողմից ո՞նց արող է մուրճը, մեխը, սղոցը, ձեռքը, հիշողություն պահած ուղեղը կապ չունենալ որևիցե հարցի հետ, թող որ` հենց այս, չունենա էլ` կմեխենք, կսոսնձենք…

 Այսօր թատրոնը… չնայած թատերական ակտիվությանը` թատերարվեստի ոգին մեռնում է, կան ռեժիսորներ, դերասաններ, բեմադրություններ` լավ կամ վատ, շատ լավ կամ շատ վատ, բայց իսկական թատրոն` ոչ, պարզապես հանդիսատես ենք բերում, ամեն գնով, զվարճացնում ենք, տխրեցնում, ուրախացնում, լացացնում, ծիծաղեցնում… բայց չենք ներքաշում թատերական ոգու բացառիկ մոգականության մեջ, չկա այդ ոգին և նրա ակնածալի, խորհրդավոր մոգականությունը, կորցրել ենք, ծախել ու ծախում ենք: Սակայն չափազանց կատեգորիկ չլինեմ, մի քիչ կա, երբեմն, հազվադեպ, այ դրանից կառչել է պետք, եթե ուզում ենք իսպառ չկորցնել…

Իմ սերունդը պատմության մեջ կմնա որպես… մեծ ճաքի վրա հայտնված սերունդ, ոմանք թռան-անցան ճաքի վրայով, ոմանք մնացին, ոմանք էլ ընկան վիհը, կորան… Բայց ո՛չ տխրելու, ո՛չ ուրախանալու իմաստ չկա, իդեալական ժամանակներ ոչ եղել են, ոչ կան, ոչ կլինեն, յուրաքանչյուրին` իրենը, լալ պետք չէ, ապրել է պետք քեզ տրված ժամանակը:

Տարիների հետ մարդ իր ներսում կուտակում է այնքան շատ ցավեր, կորուստներ, թափած ու չթափած արցունքներ, սերեր ու հիասթափություններ… որ վերջապես սկսում է շոշափել իր ներսում գոյացող իսկական մարդուն…

Ես այդպես էլ չսովորեցի… պահել ապրումներս, զգացմունքներս, չհուզվել… Չստել… Այո, հաճախ եմ ստում, ճիշտ է` հիմնականում հանուն դիմացինիս, որ իրեն լավ զգա, այսինքն` սուտ ի օգուտ, բայց դե հեշտ բան չի, էմոցիոնալ մեծ ծախս է, ինքնախարազանման տանջալի պրոցես… Չսովորեցի զուսպ լինել… չէ, էլի զուսպ եմ, բայց` ոչ ցանկացածս չափով, էն որ ասում են` մինչև յոթը հաշվի` նոր կտրի, ես հաճախ մինչև մեկն էլ չեմ հաշվում, կտրում եմ… Դյուրությամբ սովորություններ եմ ձեռբերում ու գերի դառնում, այն աստիճանի` որ սկսում եմ մազոխական հաճույք ստանալ իմ նույնիսկ վատ սովորություններից… Էլի ինչ-որ մանր-մունր բաներ, որ տհաճ ապրումների մեջ են նետում, բայց դե ոչինչ, արդեն գիտեմ, որ չեմ հաղթահարելու, այդ գիտակցումով եմ ապրում` մեռնում-հառնում, մեռնում-հառնում…

Թումանյանն ասում է, Ինչը կհաղթեր կյանքում հերոսին, թե չլիներ կինն ու գինին, իսկ ինձ ամեն օր հաղթել ու հաղթում է… կինը․․․ կինը թող հաղթի, պատրաստ եմ միշտ հաղթվել, ամեն օր, հաղթվել-հանձնվել, այստեղ հաղթվելը հերոսության պակասի նշան չէ, այլ գուցե հակառակը… Իսկ այ օղին (իմ դեպքում գինի չի)… Չափի մեջ աջակից է կարծես, հաճախ փրկիչ, բայց սատանա է, չի թողի չափի մեջ մնաս, կխաբի, կգցի ու հետո կչարախնդա, կտապալի, կծաղրի, կխփի, կկործանի… Տարբեր է վարկը` եթե ասեն կանայք կործանեցին, և եթե ասեն` օղին կործանեց…

Կյանքը բացում է դռներ, փակում է դռներ, խաբում է մեզ ու երես տալիս… չխաբվե՞լ` ա՞յս է խնդիրը… Բայց դե կյանքից, ավելի ճիշտ` կյանքով խաբվելն իր հմայքներն ունի, այսինքն` հիմնական հմայքները հենց էդտեղ են… Առհասարակ` մեզ էնպես ենք ուզում պահել, ասես ինչ-որ մեծ բան ենք փրկելու. չխաբվել, չսխալվել, չհաղթվել, թուլություններին տուրք չտալ… Իսկ երբ գա Մեծ հաշվետվության ժամը` ի՞նչ ենք ներկայացնելու… Խրոխտ կանգնելու ենք ու հպարտորեն ասենք, թե` Տեր, ճիշտ-արդար-անսոտ անցա, չխաբվեցի, ստացվեց ոնց որ… Բա որ հայհոյի՞, ասի` դու հիմար ես, տղա՛, արի ականջդ ձգեմ, քեզ ուղարկել էի ապրելո՞ւ, թե՞ ժամավաճառության…

Նույն գետը երկու անգամ մտնել… չեմ սիրում կաղապարվածքներ, նույն գետը կարելի է երկու, երեք և բազմաթիվ անգամներ մտնել… Հատկապես մեզ` հայերիս` բնորոշ է անդադար մտնել նույն գետը ու որպես կանոն` պղտոր, խութերով ու անիմանալի փոսերով տարածքներում…

 Ես մենակ եմ մնում, որ… շփվեմ ինձ հետ, երաժշտություն լսեմ, որը միայն իմն է, մտածեմ մտքեր, որ միայն իմն են, ծամածռություններ անեմ, անհեթեթ կեցվածքներ ընդունեմ, երգեմ, սուլեմ, պարեմ… Ազատություն…

Իմ ամենամեծ թուլությունը, երևի… էնքան թուլություն ունեմ, որ չեմ էլ կարողանում ամենամեծն առանձնացնել, թող մնան հավասար շարքով, չնեղացնեմ ոչ մեկին…

Հայր լինելը… ահավոր պատասխանատվություն է: Համբերություն, նրբանկատություն, իմացություն… բայց նախևառաջ` սեր, այլապես լավ է մոտ չգնաս: Կարծեմ Շիրազն է ասել` սրիկա է նա, ով հայր է դառնում, և սրիկա է նա, ով հայր չի դառնում: Լավ է ասված: Լինել, թե չլինել` խնդիր է (մեծատարիք հայրերը քիչ են, և ոչ այն պատճառով, որ ֆիզիկապես անկարող են, այլ պատասխանատվությունն են լավ գիտակցում): Փոխվում ես, վարքդ փոխում է, վերաբերմունքդ, աշխարհին այլ կերպ ես նայում, առավել էգոիստորեն, արդարություն-ճշմարտություն-բան մի կողմ թողած` ուզում ես աշխարհը պարզապես լավը լինի, որովհետև զավակներդ մեջն են ապրելու: Մի խոսքով, որպես իրատես դիտարկող փչանում ես` հանուն լավ հայր լինելու… Լավ է` գրականությունը կա, էնտեղ կուզես մարդ ես, կուզես` հայր, կուզես սատանա, կուզես բարեպաշտ… Էնտեղ ազատ ես: Մի խոսքով` հեշտ բան չէ լավ հայր լինելը, բայց փոխարենը սիրո մի ուրիշ տեսակ ես ապրում, առանց դրա` կիսատ կմնաս… Գուցեև առհասարակ չմնաս…Եվ լավ է, որ մեծամասամբ մտածելով, գցել-բռնելով չի, որ լինում է, ճարպիկ սերմնաբջջիջ է, փախավ`փախավ, հանդիպեց` հանդիպեց… Հանդիպեցրեք նրանց, մի զլացեք…

Այսօր մարդիկ ավելի շատ բանականությանն են վստահում… վստահում են, բայց, կարծում եմ, ավելի բանական չեն դառնում, պարզապես` հաշվենկատ, պրագմատիկ: Ինքնուրույն, ազատ մտածելը բացառիկություն է, և չի ծառայում բարեկեցիկ, կոմֆորտային կեցությանը, ավելի հաճախ` հակառակը, բայց իր տվածը ուրիշ ոչնչով չի փոխարինվում:

Ես ինձ ամենաշատը դուր եմ գալիս այն պահերին, երբ… սատանան է մտնում մեջս, լկտիությամբ ազատականանում եմ, թքած եմ ունենում, հանրության կարծիքը ոչ միայն պետքս չէ, այլև ծաղրի, խղճահարության առարկա է…

Կապրենք, կտեսնենք, ասում է ժողովրդական իմաստությունը… Ով` կտեսնի, ով էլ` չէ… Առհասարակ, չեմ սիրում ժողովրդական «իմաստնությունները», հարմարվողականության, պարտվողականության ճիգ կա դրանց մեջ, անճշտությունն ու հեքիաթայինն էլ շատ է…

 Ես Գուրգեն Խանջյանն եմ, ես… Այո, ես Գուրգեն Խանջյանն եմ… Բայց ինչու եմ ես Գուրգեն Խանջյանը և ոչ, ասենք, Կիրակոս Սարգսյանը կամ ինչ-որ ուրիշ մեկը, ի՞նչն է կամ ո՞վ, որ ասում է` ես Գուրգեն Խանջյանն եմ, ես` ես եմ… Գենո՞մս է, անցա՞ծս, կաղապարվածքնե՞րս… Չէ, ինչ-որ Ուրիշ Բան կա, որ ցրվածքդ հավաքում է, ասում է` ես եմ: Շատ արտառոց, շատ խորհրդավոր բան է: Մի խոսքով, ես Գուրգեն Խանջյանն եմ, ինչ-որ բանի համար իջեցված եմ այստեղ, և այդ ինչ-որ բանը պիտի անեմ իսպառ, ուզեք, թե չուզեք: Կամ էլ խռովություն կբարձրացնեմ ու էլ չեմ անի: Սակայն կարծում եմ դա միամիտ ինքնախաբեություն կլինի, որովհետև եթե չանեմ` երևի հենց դա էի անելու… Այլ կերպ ո՞նց… Մեծ Ծածկույթից դուրս մնալ անհնարին է, պահմտոցի չենք խաղում, փախուստի տեղ տիեզերքում չկա, և դա լավ է, որովհետև եթե լինի` պատկերացնո՞ւմ եք այդ սոսկալի լքվածությունը…

 

 

կարդացեք նաև՝

Ես Ծով Alize՛ Բանուչյանն եմ․․․

Ես Դավիթ Սամվելյանն եմ․․․

Ես Սմբատ Հովհաննիսյանն եմ․․․

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Վարդա Ավետիսյանն եմ…

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ…