Logo

Եզակի ճարտարապետական կառույց. Զվարթնոց

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 11.12.2020Արվեստանոց
.jpg - Եզակի ճարտարապետական կառույց. Զվարթնոց

Զվարթնոցի կամ Վաղարշապատի միջնադարյան Ս. Գրիգորի տաճարը գտնվում էր Արարատյան դաշտում, Վաղարշապատից 3կմ դեպի հարավ։

Այս հնավայրը պաշտամունքային կենտրոն է եղել դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանից ի վեր։ Պեղումների ժամանակ բացվել են նաև ուրարտական տաճարի հիմքերը, զոհասեղանը, Ռուսա 2-րդի սեպագիր արձանագրությունը, որը վկայում է Հրազդան գետից անցկացված և մինչ օրս պահպանված ջրանցքի շինարարության մասին։

Պատմության ընթացքում Տիրին նվիրված հելլենիստական մեհյանը փոխարինվել է ուրարտական շինությամբ, 301 թ. Քրիստոնեության ընդունումից հետո` բազիլիկով, իսկ 5-6-րդ դդ.` միանավ բազիլիկով (հիմքերը պահպանվում են տաճարից հարավ)։

Զվարթնոցի տաճարը, ենթադրաբար, կառուցվել է 643 – 652 թթ.։

Սա Հայաստանի քաղաքական կյանքի համար անբարենպաստ մի ժամանակաշրջան էր. արաբները ներխուժել էին Հայաստան` 640 թ. գրավելով մայրաքաղաք Դվինը, և սպառնում էին գրավել ողջ երկիրը։ Նույն թվականին, ցավոք, վախճանվել էր Եզր կաթողիկոսը։ Արաբների ու բյուզանդացիների զավթողական ձգտումների միջև հայտնված երկիրը միավորելու ջատագով է հանդես գալիս Թեոդորոս Ռշտունին` ում աջակցությամբ 641 թ. կաթողիկոս է ընտրվում Ներսես Տայեցի եպիսկոպոսը։ Նա կրթություն էր ստացել և զինվորական պատրաստվածություն անցել Բյուզանդիայում և նախընտրում էր ուղղափառությունը` արաբական տիրապետության փոխարեն։

Կաթողիկոսության տարիներին (641- 661թթ.) Ներսեսը կառուցում է բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, որի համար էլ պատմությանը հայտնի է Ներսես Շինարար (Շինող) անվամբ։ 641 թ. Զվարթնոցը դարձնելով կաթողիկոսանիստ, մոտավորապես 643 թ. նա պատվիրեց Զվարթնոցի տաճարի շինարարությունը։

Զվարթնոցի տաճարը եզակի ճարտարապետական կառույց է.

Այն իր ժամանակաշրջանի ամենաբարձր կառույցներից էր ( 45-49 մ)։ Ժամանակաշրջանին բնորոշ խաչաձև գմբեթավոր կառույցների կամ բազիլիկների փոխարեն, Զվարթնոցի տաճարը ներկայացրեց բացարձակապես նոր ոճ. կենտրոնական գմբեթը հենված էր մեկ ամբողջական շրջան կազմող անկյունների ու խորանների վրա։

Տպավորիչ չափսերը և ինքնատիպ կառուցվածքը թույլ են տալիս տաճար բնորոշել որպես «իսկական ճարտարապետական հրաշք»` «զարմանացուցիչն տիեզերաց», որի մասին բազմաթիվ ավանդազրույցներ են հյուսվել, իսկ շքեղությունը բազմիցս հիշատակվել գրավոր աղբյուրներում։ Պատմում են անգամ, որ 652 թ. տաճարի օծման արաողությանը ներկա գտնվող բյուզանդական Կոստաս 2-րդ կայսրը այնքան է տպավորվել շինությամբ ու նրա ծավալով, որ վերադարձին իր հետ է տարել տաճարի ճարտարապետին` նմանատիպ մի տաճար Կոստանդնուպոլսում կառուցելու մտադրությամբ։ Վերջինս, սակայն, ճանապարհին հիվանդացել է ու մահացել։

Զվարթնոցի գեղեցկությամբ զմայլվել են թե հայ և թե արաբ պատմիչները։

Զվարթնոցատիպ տաճարներ են պահպանվել Մերձավոր Արևելքի շատ երկրներում, այդ թվում նաև Արևմտյան Հայաստանի Իշխան գյուղում։

Հետագայում, երբ Զվարթնոցի տաճարում ամփոփվեց Գրիգոր Լուսավորչի մասունքներից, տաճարը ստացավ Սուրբ Գրիգոր անունը։

2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցը Էջմիածնի Մայր տաճարի և եկեղեցիների (Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ) հետ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում` նույն անվանակարգում։

հայկական ժառանգություն

Տեքստը խմբագրված է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից