Logo

5 ֆիլմ, որոնք տապալվեցին դրամարկղում՝ չնայած մեծ բյուջեին և աստղային դերասանական կազմին

17:07 / 30.03.2023Կինո
տապալված ֆիլմեր

Կինոստուդիաները ֆիլմեր են արտադրում առաջնայինը, իհարկե, շահույթի համար։ Բայց թողարկված յուրաքանչյուր ֆիլմ չէ, որ գումար է բերում ստեղծողներին։ Ավելին, նույնիսկ այն նախագիծը, որի համար հսկայական բյուջե է հատկացվել և որում նկարահանվել են անվանի դերասաններ, ապահովագրված չէ ձախողումից։ Եվ ահա վերջին տարիներին նկարահանված 5 ֆիլմ, որոնք ձախողվել են կինովարձույթում։

Բայց նախ պատմենք, թե ինչպես է Հոլիվուդը հաշվում ֆիլմերից ստացվող եկամուտը։ 

Շատերին թվում է, որ եթե ֆիլմը տոմսարկղում հավաքել է գումար, որը գոնե մի փոքր ավելի է արտադրության համար ծախսված գումարից, ապա ստուդիան արդեն շահել է: Ենթադրենք, ինչ-որ բլոկբաստեր ֆիլմի բյուջեն կազմում է 150 միլիոն դոլար, և աշխարհի կինոթատրոններում այս ֆիլմը հավաքել է մինչև 450 միլիոն դոլար։ Թվում է, թե ֆիլմը վաստակել է երեք անգամ ավելի։ Բայց իրականում դա հեռու է իրականությունից։ Կարող է ստացվել, որ նույնիսկ նման թվացյալ հաջողության դեպքում արտադրողները վնասներ կրեն։

Ըստ կանադացի կինոպրոդյուսեր Բրեդ Ֆոքսի՝ կինոթատրոնները, որպես կանոն, պահում են տոմսերի եկամտի մոտ 50%-ը։ «Այս ցուցանիշը կարող է տարբեր լինել՝ կախված կոնկրետ ֆիլմից, ինչպես նաև շատ այլ պայմաններից», - ասում է Ֆոքսը:

Այսպիսով, ելնելով վերը նշված օրինակից, կինոթատրոնների եկամուտը հանելուց հետո ստուդիային մնում է $225 միլիոն (450 միլիոն դոլար՝ հանած 50%)։ Նաև այս գումարի մի մասը գնում է տեղական դիստրիբյուտորներին և տեղայնացմամբ զբաղվող ընկերություններին, որոնք ֆիլմը կրկնօրինակում են օտար լեզուներով: Մյուս մասը գնում է տարբեր գործակալների ու ներկայացուցիչների աշխատանքի դիմաց վճարելու համար։ Պետք չէ մոռանալ հարկային վճարների մասին։ Լավագույն դեպքում ստուդիային կմնար 150 միլիոն դոլար, որը կփակեր միայն ֆիլմի արտադրության և գովազդի ծախսերը: Արդյունքում ստացվում է զրո շահույթ։

Ինչպես ասում է Բրեդ Ֆոքսը, որպեսզի ստուդիան բավականին շոշափելի շահույթ ստանա, ֆիլմը պետք է կինովարձույթում վաստակի իր բյուջեից 4 կամ նույնիսկ 5 անգամ ավելի մեծ գումար։ Եվ եթե ինչ-որ ֆիլմ համաշխարհային կինովարձույթում նույնիսկ ավելի քիչ է վաստակել, քան ծախսվել է դրա արտադրության վրա, ապա նման ֆիլմը կարելի է ծայրահեղ ձախողված համարել։

Ներկայացնենք լավ բյուջեով 5 ֆիլմ, որոնցում նկարահանվել են աշխարհահռչակ աստղեր, բայց դրանք, այնուամենայնիվ, տապալվել են և հեղինակներին միայն հսկայական կորուստներ բերել։

1. «Կատուներ», 2019

Այս մյուզիքլը վաղուց է քննադատվել բոլորի կողմից: IMDb-ի վարկանիշը 10 հնարավորից 2,8 է: Ֆիլմն ընդհանուր առմամբ ստացել է 6 «Ոսկե ազնվամորի» հակամրցանակ։ Սա այն դեպքում, երբ տրամադրվել է ոչ քիչ բյուջե՝ 95 միլիոն դոլար, և ունեցել աստղային կազմ: «Կատուներում» գլխավոր դերերը կատարել են Իդրիս Էլբան, Թեյլոր Սվիֆթը, Ջուդի Դենչը և այլ հայտնի դերասաններ։ Մյուզիքլը վաստակել է ընդամենը 75,5 մլն դոլար։

2. «Կրուիզ ջունգլիներով», 2021

Այս արկածային ֆիլմի բյուջեն 200 միլիոն դոլար է։ Դեռ 10-15 տարի առաջ նման գումարը ֆանտաստիկ էր թվում ֆիլմարտադրության համար, բայց այսօր դա արդեն ընկալվում է որպես սովորական բան բլոկբաստերների համար: Այնուամենայնիվ, 200 միլիոն դոլարը 200 միլիոն դոլար է: Բայց, ավաղ, կինոթատրոններում ֆիլմը վաստակել է ընդամենը 220 միլիոն դոլարից մի փոքր ավելի: Իսկ ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Դուեյն Ջոնսոնը, Էմիլի Բլանտը, Ջեսսի Պլեմոնսը, Փոլ Ջամատտին և ուրիշներ։

3. «Փեն. Ճամփորդություն դեպի Նեթլանդիա», 2015

Փեն-Ճամփորդություն դեպի Նեթլանդիա

Այս արկածային ֆենթեզի ֆիլմում, որը պատմում է Փիթեր Փենի և կապիտան Հուկի ծագման այլընտրանքային պատմությունը, գլխավոր դերերը կատարել են Հյու Ջեքմանը (որն, ի դեպ, կադրում անճանաչելի է), Գարեթ Հեդլունդը, Ռունի Մարան, Ամանդա Սեյֆրիդը և այլ աստղեր։ Չնայած այս կազմին, ֆիլմը հիմնականում բացասական արձագանքներ է ստացել կինոքննադատներից և ձախողվել կինովարձույթում։ 150 միլիոն դոլար արժողությամբ ֆիլմը վաստակել է ընդամենը 128 միլիոն դոլար։

4. «47 ռոնիններ», 2013

47 ռոնիններ

Կիանու Ռիվզը նկարահանվել է այս ֆանտաստիկ սամուրայական ֆիլմում։ Չնայած ֆիլմում նման սուպերաստղի առկայությանը, ֆիլմը բացասական արձագանքներ ստացավ քննադատների կողմից և ձախողվեց տոմսարկղերում: Ավելին, ֆիլմը չկարողացավ տպավորել անգամ ճապոնացի հանդիսատեսին, որից ստուդիան մեծ ակնկալիքներ ուներ։ 175 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը կարողացավ վաստակել 150 միլիոն դոլարից մի փոքր ավելի։

5. «Ամստերդամ», 2022

Ամստերդամ-ֆիլմ

«Ամստերդամ»-ը 2022-ի դրամարկղային տապալումը դարձավ․ քննադատները ֆիլմը համարեցին չափազանց հավակնոտ և անհետևողական, իսկ սցենարն ու ռեժիսուրան՝ թույլ: Գովասանքի արժանացան միայն դերասանական կազմի խաղն ու վիզուալ բաղադրիչը։ Բայց սա չփրկեց ֆիլմը։ 80 միլիոն բյուջեի դեպքում «Ամստերդամ»-ը վաստակեց ընդամենը 31 միլիոն դոլար: Եվ սա՝ հաշվի առնելով էկրանին հայտնված առաջին կարգի աստղերին՝ Քրիստիան Բեյլ, Մարգո Ռոբի, Ռամի Մալեկ, Զոի Սալդանա, Ռոբերտ Դե Նիրո, Մայք Մայերս, Մայքլ Շենոն, Քրիս Ռոք, Անյա Թեյլոր-Ջոյ, Թեյլոր Սվիֆթ․․․