Logo

Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներներ [մաս 1]

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 21.02.2019ՄՇԱԿՈՒՅԹ
օկ - Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներներ [մաս 1]

Ձեզ ենք ներկայացնում 6 գեղեցիկ ֆիլմ, որոնց վրա հայտնի դիզայներներ են աշխատել, և որոնց աշխատանքի շնորհիվ էլ ֆիլմերն այդքան գեղեցիկ են ու տպավորիչ են ստացվել:

Սաբրինա/Сабрина/Sabrina, 1954

ռեժ.՝Բիլլի Ուայլդեր
դերերում՝Համֆրի Բոգարտ, Օդրի Հեփբըրն ևն

Ֆիլմը մեծահարուստ Լերաբիների ընտանիքի մասին է: Ֆիլմի իրադարձությունները զարգանում են ընտանիքի երկու որդիների՝ Լայնուսի և Դևիդի ու գլխավոր հերոսուհու՝ Սաբրինայի փոխհարաբերությունների շուրջ: Սաբրինան Լերաբիների անձնական վարորդի դուստրն է, որն անպատասխան սիրահարված է Լերաբիների կրտսեր որդուն՝ Դևիդին: Հասարակ աղջկա համար Դևիդն իսկական երազանք է, բայց իրականությունն այլ է…

Սաբրինան ուղևորվում է Փարիզ, որտեղ էլ մի որոշ ժամանակ ապրում և կրթություն է ստանում, իսկ ավելի ուշ տուն է վերադառնում. հասարակ աղջկանից ոչինչ չի մնացել, նա վերածվել է իսկական լեդիի: Նա շարունակում է սիրել Դևիդին, և այժմ Դևիդն էլ անտարբեր չէ նրա հանդեպ,բայց այս միությունը լորջ վտանգ է ընտանիքի համար, որը ցանկանում է ընդլայնել իր բիզնեսի սահմանները որդու հաջող ամուսնության միջոցով: Սաբրինան լուրջ սպառնալիք է ընտանիքի համար, և Դևիդի ավագ եղբայրը՝ Լայնուսը գործի է անցնում, բայց…

Ֆիլմի վրա աշխատել է Յուբեր դը Ժիվանշին: 1953 թ. Օդրին հանդիպում է Ժիվանշիի հետ և խնդրում նրան իր հերոսուհու համար զգեստ կարել: Այս հանդիպումն ամուր և սիրաշատ ընկերության հիմք է դառնում, սակայն ոչ միանգամից: Ասում են, որ Ժիվանշին շփոթում է աղջկան Քեթրին Հեփբըրնի հետ, սակայն երբ իմանում է, որ սխալվել է, հրաժարվում է համագործակցությունից: Օդրիին հաջողվում է համոզել նրան, և հետագայում Ժիվանշին դերասանուհու համար մի քանի զգեստներ էլ է կարում:

1955 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն կոստյումներ» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Անցած տարի Մարիենբադում/В прошлом году в Мариенбаде/L’année dernière à Marienbad, 1961

ռեժ.՝Ալեն Ռենե
դերերում՝ Դելֆինա Սեյրիգ, Ջորջիո Ալբերտացի, Սաշա Պիտոեֆ ևն

Այս ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Մարիենբադում, հյուրանոցներից մեկում, որտեղ մի երիտասարդ և գրավիչ տղամարդ փորձում է համոզել մի աղջկա, որ մեկ տարի առաջ նրանք հանդիպել են այդ նույն վայրում: Աղջիկը ոչինչ չի հիշում, սակայն տղան հույսը չի կորցնում. նա աղջկան տալիս է այդ օրվա մանրակրկիտ նկարագիրը, և հավելում, որ այդ նրանք են պայմանավորվել մեկ տարի անց հանդիպել միևնույն վայրում:

Ֆիլմում տեսնում ենք Գաբրիել Շանելի աշխատանքները: Սա Շանելի և կինոյի առաջին «հանդիպումը» չէ, բայց անշուշտ ամենատպավորիչներից մեկն է: 77-ամյա Գաբրիելը ստանում է Ալեն Ռենեի՝ ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարի վրա աշխատելու առաջարկ: Դելֆին Սեյրիգի կերպարն ասես ոգեշնչված լինի Շանելից. գեղեցիկ սանրվածք, նրբագեղ հագուստ և մարգարիտներ:

1961 թ. ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե առյուծի»:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Խոհարարը, գողը, նրա կինը և կնոջ սիրեկանը/Повар, вор, его жена и её любовник/The Cook, the Thief, His Wife & Her Lover, 1989

ռեժ.՝ Փիթեր Գրինուեյ
դերերում՝ Ռիշար Բորենժե, Հելեն Միրեն, Մայքլ Գեմբոն ևն

Ռիչարդը բռնակալ է: Ամեն երեկո նա կնոջ հետ ճաշում է իր ռեստորանում: Ամեն երեկո նա նվաստացնում է մարդկանց, նվաստացնում է կնոջը: Օրերից մի օր Ռիչարդի կինը սիրահարվում է ռեստորանի հաճախորդներից մեկին, և նրանց միջև սիրավեպ է սկսվում. ամեն երեկո նրանք սիրով են զբաղվում: Երբ Ռիչարդն իմանում է կնոջ դավաճանության մասին զայրանում է և…

Ֆիլմի կոստյումների համար հարկ է շնորհակալություն հայտնել Ժան Պոլ Գոտյեին: Ասում են, որ արդեն 80-ականներին Գոտյեն ստացել էր ֆրանսիական նորաձևության “enfant terrible” անունը հենց այն պարզ պատճառով, որ նրա հագուստը տարօրինակ էր և տեղ-տեղ ապշեցուցիչ: Հենց իր տարբերվող և համարձակ լինելու շնորհիվ էլ Գոտյեն գրավեց ֆիլմի ռեժիսոր Փիթեր Գրինուեյի ուշադրությունը: Արդյունքում ստացվեց այնպես, որ Գոտյեն ոչ միայն ստեղծեց գլխավոր հերոսների, այլև էպիզոդիկ դերերում նկարահանված հերոսների զգեստները:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Մարիա Անտուանետա/Мария-Антуанетта/Marie Antoinette, 2005

ռեժ.՝Սոֆիա Կոպպոլա
դերերում՝ Քիրսթեն Դանսթ, Ջեյսոն Շվարցման ևն

Ռոմանտիկ ֆիլմ Մարիա Անտուանետայի մասին, որը 15 տարեկանում դառնում է Լյուդովիկոս 16-րդի կինը: Մարիան առանց դիամդրելու ընդունեց այն փաստը, որ ընտրության ոչ մի հնարավորություն չունի և առանց սիրելու պետք է ամուսնանա թագավորի հետ: 19 տարեկանում աղջկա ձեռքն է անցնում ֆրանսիական գահը, սակայն նրան այդպես էլ չի հաջողվում դառնալ այն թագուհին, որի մասին ֆրանսիական ազգն այդքան երազում էր: Մարիա Անտուանետան միայն իր հաճույքի մասին էր մտածում: Շքեղ կյանք, սակայն շատ խղճուկ և ցավալի մահ. Մարիային դատապարտում են մահապատժի:

Մանոլո Բլանիկը (Manolo Blahnik) աշխատել է ֆիլմի վրա: Հարկ է նշել, որ Մանոլոյի մասին բազմիցս խոսվել է “Sex and the City” հեռուստասերիալում, բայց սա առաջին ֆիլմն է, որի վրա հանրահայտ դիզայները չարչարվել է: Մանոլոն Սոֆիայի հետ համագործակցությանը շատ լուրջ է մոտենում և երկար ժամանակ է ծախսում 18-րդ դարի կոշիկների ուսումնասիրության վրա:

2007 թ. ֆիլմն արժանացավ Օսկարի՝ «Լավագույն կոստյումներ» անվանակարգում:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Ես սերն եմ/Я – это любовь/Io sono l’amore, 2009

ռեժ.՝Լուկա Գուադանյինո
դերերում՝ Թիլդա Սուինթոն ևն

Ռեքքի ընտանիքի ավագը՝ Էդուարդոն կանխատեսելով իր մոտալուտ մահն, իր շուրջն է հավաքում ընտանիքի անդամներին ու հարազատներին: Ճաշի ժամանակ նա հայտնում է, որ ընտանիքի գործերը փոխանցելու է որդուն՝ Տանկրեդիին և թոռանը՝ Էդուարդո կրտսերին, սակայն թոռն այս լուրից այնքան էլ չի ուրախանում, քանի որ ապագայի մասին նա իր պատկերացումներն ունի. Էդուարդոն ցանկանում է ընկերոջ հետ սեփական բիզնեսը սկսել և այս երկուսն անգամ հստակ գծված պլան ունեն: Մինչդեռ Էդուարդոն փորձում է դուրս գալ այս խճճված իրավիճակից առանց պապիկի վերջին կամքին դեմ գնալու, մայրը՝ Էմման խենթի պես սիրահարվում է Էդուարդոյի խոհարար ընկերոջը, որի պատրաստած անմահական կերակուրն արդեն հերիք է, որ խելքահան անի կնոջը:

Թիլդայի զգեստները ստեղծվել են Ժիլ Սանդերի ստեղծագործ տնօրեն՝ Ռաֆ Սիմոնսի թեթև ձեռքով: Ֆիլմն էկրաններ բարձրանալուց երկու տարի անց Ռաֆը պաշտոնաթող է լինում, սակայն այս ընթացքում նրան այնուամենայնիվ հաջողվում է Թիլդայի հետ ընկերանալ: Այս տեսակ միություններն անվանում են «մուսայի և մաեստրոյի միություն»:
Ավելի ուշ՝ 2015 թ.  Լուկան նորից դիմում է Ռաֆի օգնությանը, բայց այս անգամ “A Bigger Splash” ֆիլմի համար. Ռաֆն այն ժամանակ Dior-ի դիզայներ էր:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:  

 

Սև կարապը/Чёрный лебедь/Black Swan, 2010

ռեժ.՝Դարեն Արոնոֆսկի
դերերում՝Նատալի Փորթման, Վենսան Կասել, Միլա Կունիս ևն

Ինչեր ասես, որ չես անի կատարելության հասնելու համար: Այսպիսին է Նինան: Գլխավոր հերոսուհին երազում է հայտնի բալետի պարուհի դառնալու մասին և ամեն բանի պատրաստ է, որ կյանքի կոչի երազանքը: Ոչինչ նրան այդքան չի հետաքրքրում և չի ուրախացնում, որքան բալետը: Բայց կատարելության ճանապարհին Նինան ունի շատ խոչընդոտներ և թշնամիներ, որոնք նույն երազանքն ունեն: Մրցակիցները խանգարում են աղջկան, իսկ ներքին սատանաները՝ խելագարության հասցնում:
2011 թ. Նատալի Փորթմանն արժանացավ Օսկարի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:
Ֆիլմի կոստյումները ստեղծվել են ամերիկյան նորաձևության ոլորտի ամենասիրված անուններից մեկի՝ Rodarte բրենդի հիմնադիրներ Քեյթ և Լաուրա Մուլևայների կողմից: Ավելի ուշ ֆիլմի կոստյումների գծով գեղարվեստական ղեկավարը ասել է, որ իրականում քույրերի միջամտությունը մինիմալ է և նրանց մասին չափից շատ է խոսվում, բայց դա ուղղակի PR-ի ձեռքի գործն է: Ամեն դեպքում աշխարհը կարծում է, որ հենց քույրերի ջանքերով էլ ստեղծվել են այդ գեղեցիկ կոստյումները, որոնց մասին մինչ օրս խոսում են:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

տես նաև՝ Դարեն Արոնոֆսկի. ռեժիսորի լավագույն 6 ֆիլմերը

Աղբյուր՝ Bazaar
Շարունակելի…