Logo

Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներները [մաս 2]

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 12.03.2019Կինո
ԱԱԱԱԱԱԱ - Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներները [մաս 2]

Ձեզ ենք ներկայացնում 5 գեղեցիկ ֆիլմ, որոնց վրա հայտնի դիզայներներն են աշխատել, և որոնց աշխատանքի շնորհիվ էլ ֆիլմերն այդքան գեղեցիկ են ու տպավորիչ են ստացվել:

Լողավազան/Бассейн/La piscine, 1969

ռեժ.՝Ժակ Դերե
դերերում՝Ալեն Դելոն, Ռոմի Շնայդեր, Ջեյն Բիրկին ևն 

Ժան Պոլն ու Մարիանան իրենց հանգիստն են վայելում Լազուրային ափում, երբ նրանց հյուր են գալիս Մարիանայի նախկին սիրեկանը՝ Հարին և նրա երիտասարդ աղջիկը՝ Պենելոպեն: Ժան Պոլը տանել չի կարողանում Հարիին: Սկզբից այս երկուսն ընկերանալու փորձ են անում, բայց երբ Ժան Պոլը նկատում է, որ Հարին նախկինի պես անտարբեր չէ Մարիանայի հանդեպ, կրքերը բորբոքվում են: Արդյունքում ողբերգություն է տեղի ունենում…

Հերոսների հագուստների վրա աշխատել է Անդրե Կուրեժը, որը 60-ականներին ֆրանսիական նորաձևության ամենակարկառուն դեմքերից մեկն էր: Ռոմի Շնայդերն ու Ջեյն Բիրկինը կրում էին Անդրեի կողմից ստեղծված հագուստը: Առաջին հայացքից այս կոստյումները թվում են հասարակ և ամենօրյա և չեն «խոսում» դիզայների մյուս հավաքածուների հետ, սակայն դրանք լավագույնս փոխանցում են այն տարիների շունչը: Ասում են, որ Կուրեժի փառքը խամրեց այնպիսի արագությամբ, ինչպիսի արագությամբ և ծնվել էր, և «Լողավազանը» դիզայների վերջին ամենախոշոր նախագիծն է:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Էննի Հոլլ/Энни Холл/Annie Hall, 1977

ռեժ.՝Վուդի Ալլեն
դերերում՝Վուդի Ալլեն, Դայան Քիթոն ևն

Գլխավոր հերոսը Ալվին, որին մարմնավորել է ֆիլմի ռեժիսորը՝ Վուդի Ալլենը, կատակերգու է: Նա պատմում է կյանքի, մարդկանց, միջանձնային հարաբերությունների մասին, նա ամեն ինչի մասին խոսում է հեգնանքով, նա ամեն խնդրի յուրովի է մոտենում: Ալվին պատմում է նաև իր կյանքում հանդիպած կանանց մասին:

Նշվում է, որ ֆիլմի վրա աշխատել է Ռալֆ Լորենը, սակայն Դայան Քիթոնի հերոսուհու կոստյումների վրա աշխատել է Ռութ Մորլին, որը կար ժամանակ, երբ պատրաստվում էր դիզայներին դատի տալ՝ իր փառքն ամբողջությամբ յուրացնելու մեղադրանքով:

Քիթոնը ֆիլմում իր սեփական իրերն էլ է կրում, իսկ վերնաշապիկները, կոստյումը, որը նրա հագին էր, երբ նա պարում է գիշերային ակումբի տեսարանում, և մեծ փողկապը տրամադրել է Ռալֆ Լորենը, որն ավելի ուշ ֆիլմի հաջողությամբ պայմանավորված փողկապներ ստեղծեց և մեծ գումարներ վաստակեց:
Եվ վերջում նշենք, որ ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն սցենար» անվանակարգերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Կնամոլ/Американский жиголо/American Gigolo, 1980

ռեժ.՝Փոլ Շրյոդեր 
դերերում՝Ռիչարդ Գիր, Լորեն Հաթոն ևն

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են նախորդ դարի 80-ականներին: Գլխավոր հերոսն անկրկնելի Ջուլիան Քեյն է, որի գրավչությունը սահմաններ չունի: Իր հատկանիշների շնորհիվ էլ նա ունակ է իրենով անել ցանկացած կնոջ. կանայք հալչում են նրա ներկայությունից և կորցնում խոսելու ունակությունը: Ջուլիանի գործը կանանց գրավելն ու իրենով անելն է: Նա ինքնավստահ է և մի փոքր մեծամիտ, Ջուլիանը գիտի, որ իր գործում միայն մեկ կանոն կա՝ չսիրահարվել «զոհերին»: Թվում է, թե Ջուլիանն ապահովագրված է սիրուց, բայց արի ու տես, որ կա կին, որին հաջողվում է գերել կնամոլի սիրտը:

Գիրի հերոսի կոստյումները ստեղծվել են անկրկնելի Armani նորաձևության տան կողմից: Ֆիլմը ոչ միայն ասոցացվում է իտալական նորաձևության հետ, այլև մեծ ներդրում է ունեցել Giorgio Armani-ի՝ որպես բրենդ կայացման հարցում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Մեծն Գեթսբին/Великий Гэтсби/The Great Gatsby, 2013

ռեժ.՝Բազ Լուրման
դերերում՝Լեոնարդո ԴիԿապրիո, Թոբի Մագուայեր, Քերի Մալիգան ևն

Ֆիլմը պատմում է Ջեյ Գեթսբիի դրամատիկ սիրո պատմության մասին: Տարիներ առաջ նա խելագարի պես սիրահարված է եղել Դեյզի անունով մի աղջկա, սակայն հանգամանքները նրանց բաժանել են միմյանցից: Այժմ, տարիներ անց, նրանց ճանապարհները նորից հատվել են, բայց սիրահարներին լուրջ փորձություններ են սպասում:
2014 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝«Լավագույն կոստյումներ» և «Լավագույն բեմադրություն» անվանակարգերում:
Գիրքն առաջին անգամ էկրանավորվել է 1926 թ., այնուհետև՝ 1974 թ.:

Գրքի այս էկրանավորումը թեպետ միակը չէ, սակայն անշուշտ ամենասիրվածն է: Այս ֆիլմի կոստյումները ստեղծվել են Միուչչա Պրադայի՝ Մարիո Պրադայի թոռնուհու կողմից, որը հավատարիմ է մնացել ավանդույթներին: Ֆիլմի համար ստեղծվել է 40 կոստյում: Դրանցից յուրաքանչյուրը լավագույն կերպով փոխանցում է 1920-ականների շունչը և գերում իր շքեղությամբ և նրբաճաշակությամբ:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Հասարակական սրճարան/Светская жизнь/Café Society, 2016

ռեժ.՝Վուդի Ալլեն
դերերում՝Քրիստեն Սթյուարտ, Սթիվ Քարել ևն

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են 1930-ականներին, Հոլիվուդում: Գլխավոր հերոսն ապրում է Նյու Յորքում, սակայն փառքի ձգտումը նրան Հոլիվուդ է տանում, որտեղ նա հույս ունի կինոարտադրության ոլորտում հաջողության հասնել: Հերոսը հայտնվում է բուռն իրադարձությունների կենտրոնում և կարճ ժամանակում դառնում այդ ամենի մի մասը:
Ֆիլմի կոստյումների վրա աշխատել է Կառլ Լագերֆելդը: Քրիստեն Սթյուարտի հագուստը հիշեցնում է Ալեն Ռենեի “L’année dernière à Marienbad” ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Դելֆինա Սեյրիգի կերպարի հագուստը և զարմանալի չէ, քանի որ այդ ֆիլմի հագուստների վրա նույնպես Լագերֆելդն է աշխատել՝ հավատարիմ մնալով Chanel-ի լավագույն ավանդույթներին: Բլեյկ Լայվլին նույնպես կրում է հագուստ Chanel-ից, իսկ մյուս աղջիկներին բախտ է վիճակվել կրել միայն թանկարժեք զարդեր:
Արդեն նշել էինք, որ ֆիլմի իրադարձությունները զարգանում են նախորդ դարի 30-ականներին, սակայն չէինք նշել, որ այդ տարիներին Գաբրիել Շանելը աշխատում էր Հոլիվուդում, և ֆիլմի կոստյումները ստեղծելիս, դիզայներներն օգտվել են նորաձևության տան՝ 30-ականների արխիվներից:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

տես նաև՝Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներներ [մաս 1]

աղբյուր՝ bazaar