Logo

«Նա սատանա է, և ես գիտեմ դրա մասին». Ֆրիդա Կալո-Դիեգո Ռիվերա դրամատիկ զույգի սիրո պատմությունը ցիտատներով

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 16.03.2022Արվեստանոց
Ֆրիդա Կալո-Դիեգո Ռիվերա

Դիեգոն նկարիչ էր մասնագիտությամբ, Ֆրիդան՝ ինքնուս: Ֆրիդա Կալո և Դիեգո Ռիվերա՝ նկարիչներ, որոնք դարձան 20-րդ դարի գեղանկարչության խորհրդանիշներ: Նրանց միավորել է ոչ միայն արվեստը, այլև կյանքի նկատմամբ ունեցած հայացքները։

Նրանք միասին աշխատեցին, պայքարեցին հանուն կոմունիզմի, բայց ամենակարևորը՝ անկեղծորեն սիրեցին իրար։ Զույգի հարաբերություններն իդեալական չէին՝ բուռն էին, կրքոտ, նույնիսկ` ցավոտ: 

Քնքշանքից մինչև դավաճանություն և նվիրվածությունից մինչև անհավատարմություն: 1939 թվականին նրանք բաժանվեցին, իսկ մեկ տարի անց նորից ամուսնացան և չբաժանվեցին մինչև Ֆրիդայի մահը։ 

Եկեք վերհիշենք բոլոր ժամանակների ամենադրամատիկ զույգերից մեկի սիրո պատմությունը մեջբերումների միջոցով․

Ֆրիդա Կալո-Դիեգո Ռիվերա 1

Դիեգոն Ֆրիդայի հետ հանդիպման մասին...

«Գետնին մոտ 18 տարեկան աղջիկ էր կանգնած: Նա ուներ գեղեցիկ մարմին և քնքուշ դեմք։ Նրա մազերը երկար ու մուգ էին, իսկ հաստ հոնքերը միմյանց էին հանդիպում քթի վրայով: Նրանք նման էին սև կեռնեխի թևերի»: 

Երկխոսություն Դիեգոյի և Ֆրիդայի հոր միջև

Աղջիկս հիվանդ է և այդպիսին է մնալու իր ամբողջ կյանքում։ Նա խելացի է, բայց ոչ գեղեցիկ: Դուք դեռ հետաքրքրվա՞ծ եք իրենով։

-Այո:
- Նա սատանա է:
- Ես գիտեմ․․

Դիեգո Ռիվերան իր կյանքում Ֆրիդայի դերի մասին...

«Ես դեռ չգիտեի այդ մասին, բայց այդ ժամանակ Ֆրիդան արդեն դարձել էր իմ կյանքի ամենակարևոր մասը: Եվ այդպիսին էլ մնաց հաջորդ 27 տարիների ընթացքում՝ մինչև իր մահը»:

«Երբ Ֆրիդան բռնեց ձեռքս, տարավ ինձ իր սենյակ և դրեց իր բոլոր նկարներն իմ առջև, նա դարձավ ամենակարևորն իմ կյանքում»:

Դիեգո Ռիվերան Ֆրիդայի հանդեպ իր սիրո մասին...

«Ինձ բախտ է վիճակվել սիրելու ամենահրաշալի կնոջը, որին ես երբևէ հանդիպել եմ: Նա ինքնին պոեզիա էր և ամենահանճարեղը։ Ցավոք սրտի, ես չգիտեի ինչպես սիրել միայն նրան, քանի որ երբեք չեմ կարողացել սիրել ոչ մի կնոջ»։

Դիեգո Ռիվերան Ֆրիդայի տաղանդի մասին...

«Այս աղջիկն ի ծնե նկարիչ է, զգայուն և ընդունակ ընկալելու ամեն բան»:

«Երբեք մի կին կտավի վրա այնպիսի տանջալից պոեզիա չի դրել, ինչպես Ֆրիդան է արել»։

Դիեգո Ռիվերան Ֆրիդայի մահվան մասին...

«1954 թվականի հուլիսի 13-ն իմ կյանքի ամենավատ օրն էր։ Ես ընդմիշտ կորցրի իմ սերը: Շատ ուշ հասկացա, թե Ֆրիդան ինչ հսկայական տեղ է զբաղեցրել իմ սրտում, որ իր հետ հարաբերություններն իմ տիեզերքի ամենակարևոր մասն էին»:

Ֆրիդա Կալո-Դիեգո Ռիվերա 2

Ֆրիդա Կալոն Դիեգո Ռիվերայի հանդեպ սիրո մասին...

«Ես ուզում եմ միայն մեկ բան. որ ոչ ոք չվնասի նրան… Եթե ես առողջություն ունենայի, ես այն ամբողջությամբ կտայի Դիեգոյին»:

Դիեգոն սկիզբ է
Դիեգոն ստեղծող է
Դիեգոն իմ երեխան է
Դիեգոն իմ նշանածն է
Դիեգոն նկարիչ է
Դիեգոն իմ սիրելին է
Դիեգոն իմ ամուսինն է
Դիեգոն իմ ընկերն է
Դիեգոն իմ մայրն է
Դիեգոն իմ հայրն է
Դիեգոն իմ որդին է
Դիեգոն  ես եմ
Դիեգոն  տիեզերք է

«Բայց ինչո՞ւ եմ ասում ԻՄ Դիեգոն: Նա երբեք իմը չի լինի, նա պատկանում է միայն իրեն»:

Ֆրիդա Կալոն Դիեգոյի հետ դժվար ամուսնության և նրա դավաճանությունների մասին...

«Իմ կյանքում երկու դժբախտ պատահար է եղել. մեկը, երբ ավտոբուսը մխրճվել է տրամվայի մեջ, մյուսը՝ Դիեգոն»:

«Ես դժբախտ եմ քեզ հետ, բայց առանց քեզ չկա երջանկություն»։

«Ես երբեք կյանքից հիասթափված չեմ զգում, ինչպես դա տեղի է ունենում ռուսական վեպերում։ Ես հստակ հասկանում եմ իմ վիճակը և գրեթե երջանիկ եմ, քանի որ ունեմ Դիեգոյին, մայրիկիս ու հայրիկիս, որոնց ես շատ եմ սիրում: Կարծում եմ՝ բավական է, և ես կյանքից հրաշքներ կամ նման բան չեմ խնդրում»:

«Ես թողեցի խանդս և սկսեցի մտածել, որ յուրաքանչյուրը գնում է այնտեղ, որտեղ ուզում է մնալ, և կորցնում է այն, ինչ ուզում է կորցնել»: