Logo

«Գահերի խաղի» աստղ Կիարան Հայնդսը կնկարահանվի «Մատանիների տիրակալի» 2-րդ սեզոնում

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:04 / 22.03.2023Կինո
null

Իռլանդացի դերասան Կիարան Հայնդսը միացել է «Մատանիների տիրակալը. Ուժի օղակները» ֆենթեզի սերիալի երկրորդ սեզոնի դերասանական կազմին։ Սերիալը հիմնված է Ջոն Ռ.Ռ. Թոլքինի ստեղծագործությունների վրա, գրում է Hollywood Reporter-ը։

Հայնդսի ամենահայտնի գործերն են HBO-ի «Հռոմ» և «Գահերի խաղը» սերիալները, ինչպես նաև մի շարք ֆիլմեր:

Հայնդսի հետ միասին սերիալում կնկարահանվի նաև Ռորի Կինիրը, որը հայտնի է Ջեյմս Բոնդի մասին «Գթասրտության քվանտ», «Կոորդինատները «Սքայֆոլ»», «Մեռնելու ժամանակը չէ» և այլ ֆիլմերից։

Ինչպես նշում է The Hollywood Reporter-ը, Հայնդսի և Կինիրի կերպարների նկարագրությունները դեռևս չեն բացահայտվել, սակայն երկու դերասաններն էլ, ինչպես նաև դերասանուհի Տանյա Մուդին հիմնական դերեր են ստացել։

«Մատանիների տիրակալի» առաջին սեզոնը մեկնարկել է Amazon Prime Video-ով՝ 2022 թվականի սեպտեմբերին և արագ դարձել հարթակի ամենաշատ դիտված օրիգինալ սերիալը (ավելի քան 24 միլիարդ րոպե): Սերիալի գործողությունները տեղի են ունենում Միջին Երկրի երկրորդ դարում՝ «Հոբիթ» և «Մատանիների տիրակալը» գրքերում նկարագրված իրադարձություններից դարեր առաջ։ Սպասվում է, որ սերիալի երկրորդ սեզոնը կթողարկվի 2024 թվականին։