Logo

Գիրքը կյանքի բանալին է

Հեղինակ
naira-art
00:00 / 03.08.2020Արվեստանոց
222 - Գիրքը կյանքի բանալին է

Հայ նկարիչ, խեցեգործ Վան Սողոմոնյան

1937 թ. Թբիլիսիում ծնված նկարիչը սկզբում սովորել է իր ծննդավայրի նկարչական դպրոցում, ապա ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ։ Նա բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել եվրոպական հեղինակավոր ցուցասրահներում։

90-ականների սկիզբին Գերմանիայում բացված  մի ցուցահանդեսից հետո Վան Սողոմոնյանին առաջարկել էին մնալ ու ստեղծագործել Եվրոպայում։ Նկարիչն համաձայնել ու մինչ օրս ապրում է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում։

Մի քանի տարի առաջ Վան Սողոմոնյանին հանդիպեցի հենց Վիսբադենի իր տուն-արվեստանոցում, որտեղ նա ապրում ու ստեղծագործում է իր կնոջ` նկարչուհի Նոնա Գաբրիելյանի հետ։

 

79257497 2863629066991933 8579730179201433600 n - Գիրքը կյանքի բանալին է

 

«Սա մեր արվեստանոցն է: Այստեղ են մեր նկարները, մեր հոգիները: Մենք կանք այստեղ. երկու նկարիչներ` Նոնա Գաբրիելյանը և ես: Կարևորն այն է, որ մի տեղ ունենաս, որտեղ կարող ես աշխատել ու նորմալ ստեղծագործել: Եվ կարևոր չէ, թե դա որտեղ է: Փողոցում էլ կարելի է աշխատել: Ես տարբեր տեղերում եմ աշխատել: Երբ եկա Գերմանիա, աշխատում էի միության արվեստանոցում։ Իսկ հիմա սա իմ մշտական հասցեն է»,- այսպես  դիմավորեց Վան Սողոմոնյանը` համառոտ ներկայացնելով իր տուն-արվեստանոց-ցուցասրահը»։

 

91914904 2826310687465298 6334539620105060352 n - Գիրքը կյանքի բանալին է
Կնոջ` Նոնա Գաբրրիելյանի և դստեր` Լիլիթ Սողոմոնյանի հետ

 

Նկարչի աշխատանքները նայելուց հետո բարձրացանք երկրորդ հարկ, որտեղ էլ շարունակվեց մեր զրույցը։ Թիֆլիսահայի քաղցրահունչ բարբառով խոսող Վան Սողոմոնյանի հետ զրուցեցինք ամեն ինչ մասին, բայց հիմքում արվեստն ու գրականությունն էր։ Գրական բարձր ճաշակ ունեցող նկարիչը պատմեց իր սիրած գրողների, գրադարանի ու գրքերի մասին։

 

70203587 10157881790653203 6488174324019625984 n - Գիրքը կյանքի բանալին է
լուսանկարը` Գերման Ավագյանի

Գիրքը` կյանքի բանալի

«Գիրքն ինձ համար կյանքի բանալին է: Եթե գիրքը չլիներ, շատ բան կյանքում այն չէր լինի, ինչ է: Երեխա ժամանակս ինչ ասես, որ չէի կարդում: Ես Վրաստանից եմ, Թբիլիսիում եմ ծնվել: Քեռիս շատ մեծ հայկական գրադարան ուներ: Հատկապես հիշում եմ Րաֆֆու հատորները` շատ հին հրատարակության. դրանցից մեկը ինձ հիշատակ է մնացել: Քեռուս գրադարանի ամեն գիրքը գանձ էր: Հիմա չգիտեմ, թե այդ գրքերը որտեղ են, ուր են կորել»:

 

Սիրած գիրքը

Սիրածս գրքերից է նաև Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն» պոեմը: Սիրում եմ նաև նրա բոլոր մյուս ստեղծագործությունները: Երբ բուժվում էի, Դանթեի հատորները հետս հիվանդանոց էի տարել: Դանթե կարդալը … միայն ընթերցանություն չէ: Ես կարդալուն զուգահեռ նաև իլյուստրացիաներ եմ կատրել` իմ մտքերն եմ նկարել: Անպայման չէ` Դանթե մինչև վերջ կարդալ, էջերը հերթով կարդալ: Կարելի է բացել պատահական մի էջ ու կարդալ: Դանթեն հոյակապ է գրել: Նկարիչը` Սանդրո Բոտիչելլին Դանթեի գրվածքների ազդեցությամբ նույնքան հոյակապ նկարներ է ստեղծել»:

 

IMG 2459 960x955 - Գիրքը կյանքի բանալին է
Վան Սողոմոնյան «Դանթե»

 

Սիրած հայ գրողը

Հայ գրողներից ինձ հատկապես ցնցել է Կոստան Զարյանը: Կարող եմ ասել, որ նա ամենահանճարեղ արվեստագետներից է: Նրա նման բարձր կուլտուրայով մարդիկ մենք ցավալիորեն քիչ ենք ունեցել ու հիմա էլ` քիչ ունենք: Կոստան Զարյանի, օրինակ, «Սպանիա» վեպի ամեն էջը կարելի է մի քանի անգամ կարդալ ու վերընթերցել: Նրա բոլոր գրվածքներն են արժեքավոր ու հետաքրքիր: Զարյանը ուր էլ եղել, ինչի մասին էլ գրել է, նրա ամեն տողում երևում ու շոշափվում է Հայաստանը: Նա ամեն տեղ Հայաստանն է տեսել:

 

Ուսանող տարիներիս ես Կոստան Զարյանին տեսել եմ փողոցում` Երվանդ Քոչարի հետ, բայց չեմ համարձակվել` մոտենալ: Հիմա շատ եմ ափսոսում, որ առիթը չեմ օգտագործել: Նա ոչ միայն Իսպանիայի, այլ նաև Միացյալ Նահանգների մասին է գրել ու` հանճարեղ է գրել: Նրա ամեն գիրքը, կարելի է ասել, ամեն ինչի մասին է: Կոստան Զարյանը «Սպանիա» վեպում գրել է նկարիչ Էլ Գրեկոյի մասին: Կարդում ես ու հասկանում ես, որ նա կարողացել է խոսել նկարչի ու նրա ամեն մի նկարի հետ: Էլ Գրեկոյի նկարների մասին գրել է այնպես, որ մտածում ես` նա գրո՞ղ է, թե` արվեստաբան: Մենք հիմա չունենք այդպիսի արվեստաբաններ:

1 b9E3uLAaVucRySPvERcX3g - Գիրքը կյանքի բանալին է
Ձախից աջ` Անդրանիկ Քոչար, Կոստան Զարյան, Երվանդ Քոչար, Լևոն Ներսիսյան

Ճիշտ է, մեր ակադեմիան ամեն տարի արվեստագետներ է պատրաստում, բայց ինչի համար` չեմ հասկանում, երբ մենք բաց ենք թողել Կոստան Զարյանի կուլտուրան: Հիմա ես նաև ափսոսում ու զարմանում եմ, որ Կոստան Զարյանը մեզ չի դասավանդել: Նրա բոլոր գրքերը բերել եմ այստեղ ու ընկերներիս, ծանոթներիս եմ տալիս, որ կարդան: Քչերն են նրա գրածները կարդացել ու ոչինչ չգիտեն նրա մասին: Անգամ Երևանում նույնիսկ Կոստան Զարյանի արձանը չկա, մինչդեռ` ում քանդակած գլուխն ասես, կարելի է տեսնել Երևանի փողոցներում:

 

Ճապոնական գրականության հմայքը

Կյանքում մի պահ է գալիս, երբ արդեն ամեն բան չէ, որ կարդում ես, սկսում ես շատ ավելի խիստ մոտենալ գրքին, մտածում ես, թե գրվածքը ինչ է տալիս քեզ: Հիմա արդեն հաճախ է լինում, որ վերցնում, թերթում, շոշափում ես գիրքը ու հասկանում ես, որ` չես ուզում այդ գիրքը կարդալ: Լինում է նաև, որ մեկ կամ մի քանի էջ կարդում և հասկանում ես, որ այդ գիրքը քեզ համար չի գրված:

Հիմա ինձ ավելի հարազատ են ճապոնացի գրողները` Ռյունոսկե Ակուտագավան, Կոբո Աբեն: Նրանք շատ հետաքրքիր կերպով են կարողանում ներազդել մարդու ներվային համակարգի վրա, միշտ քեզ մտածելու ինչ-որ բան են տալիս։

 

92025927 2826301440799556 6438808103063388160 n - Գիրքը կյանքի բանալին է

 

Ես արվեստում սիրում եմ մինիմալիզմը: Ճապոնացի գրողների անգամ փոքր պատմվածքներում մեծ խտացումներ կան: Նրանք կարճ խոսքով շատ բան են ասում: Նկարչությունն էլ նույնն է: Նկարում շատ բան չպետք է լինի, բայց մի քանի գծով պետք է կարողանաս մեծ ծավալ ցույց տալ: Ճապոնացի գրողները չեն մանրանում, չեն գրում` սա նրան սիրեց, նա այնտեղ գնաց: Ճապոնական պոեզիան շատ ճկուն է ու պարզ, և կարող է երկու բառով մեծ սեր բացատրել կամ խոշոր տրագեդիա պատմել։