Logo

Մի նկարի պատմություն․ «Գլխաշորով աղջկա» թույլ ժպտացող շուրթերը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:45 / 15.03.2022Արվեստանոց
Գլխաշորով աղջիկ-Ալեքսեյ Վենեցյանով

Ականավոր նկարիչ Ալեքսեյ Վենեցյանովի «Գլխաշորով աղջիկը» կտավը լի է առեղծվածներով. ո՞վ է այս աղջիկը և ե՞րբ է արվել նրա դիմանկարը։ Առաջին հարցի պատասխանը դեռ չի գտնվել։ Ինչ վերաբերում է երկրորդին, ապա համարվում է, որ նկարը ստեղծվել է 19-րդ դարի 30-ականներին։ Սա նկարչի այն քիչ աշխատանքներից է, որոնց մասին նա չի նշել իր նամակներում։ Այդ մասին չէին խոսում անգամ նրա ընկերներն ու ծանոթները։

Թերևս, հեղինակն ինքը դիմանկարը չի համարել իր ուշագրավ գործերից մեկը։ Այնուամենայնիվ, դա իրադարձություն դարձավ ռուսական գեղանկարչության մեջ։

Հայտնի դառնալով և տեղափոխվելով սեփական կալվածք՝ Վենեցյանովն իր կյանքը բաժանեց երկու մասի։ Հենց այդ երկրորդ կեսն էլ նրա ստեղծագործական կյանքի նոր շրջանի սկիզբը հանդիսացավ։ Սկսելով դիմապատկերներից՝ նկարիչն ավելի ու ավելի թափանցեց մարու ներաշխարհ և ձգտեց վեր հանել սովորական գյուղացիների հարուստ հոգին, որոնց աշխատանքը չէր կարող չառաջացնել հիացմունք։

Նկարելով գյուղացիների՝ Վենեցյանովը սկսում է կոտրել հաստատված կարծրատիպերը։ Նա այդ մարդկանց մեջ տեսնում է գեղեցկություն, վարպետին հատկապես գրավում է կանացի հմայքը։ Նկարչի գեղջկուհիները նման չեն տքնաջան աշխատանքից հյուծված կանանց, նրանք իրական են, պարզ և բաց:

Հենց այդ ժամանակ էլ հայտնվում է «Գլխաշորով աղջկա» նկարը։ Դա ռեալիստի և բանաստեղծի վիճաբանության արդյունքն է, որոնք գոյակցում էին նկարչի հոգում։ Նրա բազմաթիվ դիմանկարների մեջ, չգիտես ինչու, աչքի է ընկնում ա՛յս աղջկա դեմքը։ Այն լի է ոգեղենությամբ, որն է՛լ ավելի է հաճելի դարձնում նրան: Վենեցյանովն աղջկան ազատում է սառած անշարժությունից.

Ճակատագիրն ինչ-որ հրաշքով պաշտպանել է աղջկան գյուղական դժվարություններից: Թվում է, թե շուրթերին թեթևակի ժպիտ է խաղում, իսկ աչքերը լի են հավատով կյանքի ու մարդկանց հանդեպ, վստահում են շրջապատող աշխարհին՝ հաղորդելով մաքրություն ու լույս։ Դիմագծերը լի են ներդաշնակությամբ և պատանեկան հմայքով։ Նման կերպարը վստահություն է ներշնչում, որ աղջիկն արժանի է ուրախության և երջանկության իր կյանքում, այլ կերպ չի կարող լինել։

Այս նկարում զգացվում է նկարչի երազկոտությունն ու սերն իր ստեղծագործության հանդեպ։